Fastex Պրեմիեր լիգա. 24-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ
Մայիսի 1-ին կմեկնարկի Fastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը:
Sportmedia.am-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Շիրակ» - «Արարատ»
Մայիսի 1, ժամը՝ 16:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
106 խաղ, «Շիրակը» հաղթել է 48 անգամ, «Արարատը»՝ 30, գրանցվել է 28 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 153-122
1-ին շրջան. 12.09.2025 «Շիրակ» - «Արարատ»՝ 4-2 (2-2)
Գոլերը՝ 1-0՝ Ռաֆիկ Միսակյան 12՛, 11մ, 1-1՝ Պատրիկ Հանձոնգո 14՛, 2-1՝ Սերգեյ Մանուկյան 19՛, 2-2՝ Մուսա Կանտե 36՛, 3-2՝ Լյովա Մրյան 90+3՛, 4-2՝ Վարդան Թովմասյան 90+11՛:
90+3-րդ րոպեին Լյովա Մրյանը չիրացրեց 11մ հարվածը (Անզիմատի Աբուդուն հետ մղեց գնդակը):
2-րդ շրջան. 09.11.2025 «Արարատ» - «Շիրակ»՝ 0-0
«Շիրակ»՝ 9-րդ տեղ (12 միավոր), «Արարատ»՝ 10-րդ տեղ (9 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Գյումրիում կայանալիք այս հանդիպման արդյունքն անչափ կարևոր է երկու թիմերի համար էլ, որոնք պայքարում են Fastex Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար: Նախորդ տուրում «Շիրակը» Երևանում դրամատիկ պայքարում 2-3 հաշվով պարտվեց «Գանձասարին»: Ընդ որում մինչև հանդիպման 78-րդ րոպեն շիրակցիներն առջևում էին 2-0 հաշվով, իսկ 3-րդ գնդակը բաց թողեցին ավելացված ժամանակում:
Առաջնության գարնանային հատվածում «Շիրակը» 6-րդ պարտությունը կրեց: Արդեն 9 խաղ է, որ թիմը չի հաղթել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Վերջին հաղթանակը «Շիրակը» տոնել է անցյալ տարվա նոյեմբերի 22-ին՝ Ռաֆիկ Միսակյանի խփած միակ գոլի շնորհիվ Գյումրիում առավելության հասնելով «Գանձասարի» նկատմամբ:
2․ «Արարատին» ոչ մի կերպ չի հաջողվում հեռանալ աղյուսակի վերջին հորիզոնականից: 22-րդ տուրում «Փյունիկի» նկատմամբ նվազագույն հաշվով անակնկալ հաղթանակ տանելուց հետո արարատցիներն «Արարատ-Արմենիայի» հետ հաջորդ խաղում 4 անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը:

3. Մրցակիցների միջև կայացած նախորդ առաջնության առաջին շրջանում տարած հաղթանակով (2-1) «Շիրակն» ընդհատել էր արարատցիների հետ մրցավեճում առանց հաղթանակների 5 խաղերի շարքը (1 ոչ-ոքի, 4 պարտություն): Դրանից հետո կայացած 4 խաղերից երկուսում հաջողությունն ուղեկցել է «Շիրակին», մեկում հաղթել է «Արարատը», մեկ խաղում էլ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան - 19 գոլ:
«Արարատ»՝ Նշան Էրզրումյան - 10 գոլ:
ԲԿՄԱ - «Ալաշկերտ»
Մայիսի 2, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
17 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 3 անգամ, «Ալաշկերտը»՝ 12, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-35
1-ին շրջան. 13.09.2025 ԲԿՄԱ - «Ալաշկերտ»՝ 1-3 (0-2)
Գոլերը՝ 0-1՝ Կայո Պերեյրա 8՛, 0-2՝ Մոմո Տուրե 27՛, 0-3՝ Կարեն Նալբանդյան 65՛, 11մ, 1-3՝ Նարեկ Հովհաննիսյան՝ 88՛, 11մ:
2-րդ շրջան. 08.11.2025 «Ալաշկերտ» - ԲԿՄԱ՝ 2-0 (0-0)
Գոլերը՝ 1-0՝ Կաջալի Դրամե 58՛, 2-0՝ Օլավալե Ֆառայոլա 74՛:
ԲԿՄԱ՝ 8-րդ տեղ (21 միավոր), «Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (43 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. ԲԿՄԱ-ին նախորդ տուրում վերջապես հաջողվեց առաջնության գարնանային հատվածում առաջին հաղթանակը տոնել՝ Չարենցավանում 2-1 հաշվով առավելության հասնելով «Վանի» նկատմամբ: Ընդ որում հաղթանակը ձեռք բերվեց ավելացված ժամանակում Հրայր Մկոյանի ինքնագոլի շնորհիվ:
Բանակայիններն ընդհատեցին առաջնությունում առանց հաղթանակների 7 խաղերի շարքը, որում 4 անընդմեջ պարտությություն էին կրել: Նախորդ հաղթանակը ԲԿՄԱ-ն տարել էր անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին՝ հյուրընկալվելիս 3-2 հաշվով պարտության մատնելով «Նոային»:
2. Չեմպիոնության համար մղվող թեժ մրցապայքարում «Ալաշկերտը» նախորդ տուրում «Նոայի» հետ մրցավեճում ձեռքից բաց թողեց հաղթանակը՝ բավարարվելով մեկ միավորով: Առաջնության վերջին 5 խաղերում ալաշկերտցիներն անպարտելի են՝ վաստակելով 11 միավոր:

3. Մինչև նախորդ մրցաշրջանի մեկնարկը, ԲԿՄԱ-ին մեկ անգամ էր հաջողվել առաջնությունում հաղթել «Ալաշկերտին»: Դա տեղի էր ունեցել 2023թ. մայիսի 16-ին «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում՝ 2-1: Բանակայինների հաղթանակն ապահովել էին Գրենիկ Պետրոսյանի և Դանիել Աղբալյանի խփած գոլերը:
Իսկ նախորդ առաջնությունում առավելությունն արդեն ԲԿՄԱ-ի կողմն էր, որը 3 խաղերից երկուսում հաղթեց, մեկում՝ պարտվեց: Ընթացիկ առաջնության երկու խաղերում էլ հաղթել է «Ալաշկերտը»:
4. Եթե ԲԿՄԱ-ին հաջողվի հաղթել «Ալաշկերտին», ապա այդ հաղթանակը կլինի 15-րդը ՀՀ առաջնություններում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Այդ ցուցանիշով Գյուլբուդաղյանցը թիմի մարզիչների մեջ կդառնա ռեկորդակիր՝ գերազանցելով Ռաֆայել Նազարյանին, որի օրոք ԲԿՄԱ-ն Fastex Պրեմիեր լիգայում 14 հաղթանակ է տարել:
5. ԲԿՄԱ-ի հետ առաջնության 2-րդ շրջանի մրցավեճում «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 250-րդ խաղն էր անցկացրել և դարպասը 100-րդ անգամ անառիկ էր պահել: Եթե այս խաղում էլ Բեգլարյանը գոլ բաց չթողնի, ապա դարպասն անառիկ պահած խաղերի թվով (103) կհավասարվի Հարություն Աբրահամյանին:

Դիմակայության լավագույն ռմբարկուները
ԲԿՄԱ՝ Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան, Դանիել Աղբալյան - 2-ական գոլ:
«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան, Դավիթ Խուրցիձե - 4-ական գոլ:
«Գանձասար» - «Վան»
Մայիսի 2, ժամը՝ 19:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
5 խաղ, «Գանձասարը» հաղթել է 1 անգամ, «Վանը»՝ 4, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 4-12
1-ին շրջան. 12.09.2025 «Գանձասար» - «Վան»՝ 1-0 (1-0)
Գոլը՝1-0՝ Պատվական Ավետիսյան 18՛:
2-րդ շրջան. 09.11.2025 «Վան» - «Գանձասար»՝ 2-1 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Պետրոս Ավետիսյան 43, 1-1՝Ջեֆերսոն Գրանադո 60՛, 2-1՝ Ժոնատաս Մարտինիանո 73՛:
41-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը չիրացրեց 11մ հարվածը (շեղ):
«Գանձասար»՝ 7-րդ տեղ (21 միավոր), «Վան»՝ 6-րդ տեղ (25 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Գանձասարը» «Շիրակի» հետ մրցավեճում իսկական մարզական սխրանք գործեց: Մինչև հանդիպման 78-րդ րոպեն մրցակցին զիջելով 0-2 հաշվով, գանձասարցիներն ի վերջո կամային հաղթանակ տարան: Այդ խաղում թիմի նորեկ Մայքլ Քուարկուն և Արման Խաչատրյանը բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում:
2. «Վանը» 4 օրում երկու խաղ անցկացրեց՝ պարտվելով ԲԿՄԱ-ին (1-2) և «Ուրարտուին» (0-2): Չարենցավանցիներն արդեն 4 անընդմեջ պարտություն են կրել:

Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Վան»՝ Կարեն Նալբանդյան - 3 գոլ:
10-րդ դեղին քարտի պատճառով այս և հաջորդ տուրի հանդիպմանը չի մասնակցի գանձասարցի Օֆոեկե Էմանուելը:
«Նոա» - «Փյունիկ»
Մայիսի 3, ժամը՝ 16:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
25 խաղ, «Նոան» հաղթել է 8 անգամ, «Փյունիկը»՝ 15, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 23-36
1-ին շրջան. 14.09.2025 «Նոա» - «Փյունիկ»՝ 3-1 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Մարին Յակոլիշ 3՛, 1-1՝ Գևորգ Տարախչյան 62՛, 2-1՝ Հելդեր Ֆեռեյրա 65՛, 3-1՝ Դանիել Աղբալյան 79՛, ինքնագոլ:
«Նոա»՝ 5-րդ տեղ (42 միավոր), «Փյունիկ»՝ 3-րդ տեղ (44 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Երկրորդ տարին անընդմեջ «Նոան» հանդես կգա Հայաստանի գավաթի եզրափակչում: Այդ իրավունքը թիմը նվաճեց կիսաեզրափակչի պատասխան խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Արարատ-Արմենիայի» հետ, որին առաջին հանդիպման ժամանակ հաղթել էր Նարդին Մուլահուսեյնովիչի խփած միակ գոլի շնորհիվ:
Իսկ առաջնությունում նախորդ տուրում «Ալաշկերտի» հետ մրցավեճում ընդհատվեց «Նոայի» 6 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարքը, որում Արթուր Կոնեգլյանի պաշտպանած դարպասն անառիկ էր մնացել: Ընդ որում չեմպիոնը պարտությունից խուսափեց խաղավերջում Օմարի խփած գոլի շնորհիվ:
2. «Փյունիկն» «Արարատ-Արմենիայից» և «Արարատից» կրած երկու անընդմեջ պարտություններից հետո նախորդ տուրում անչափ կարևոր հաղթանակ տարավ «Ուրարտուի» նկատմամբ՝ 2-1:

3. Մրցակիցների միջև նախատեսված 2-րդ շրջանի հանդիպումը հետաձգվել էր և առայժմ հայտնի չէ, թե երբ կկայանա: Թիմերի միջև կայացած առաջնության վերջին 4 խաղերում էլ հաղթել է «Նոան»: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Փյունիկը» տարել է 2024թ. մայիսի 21-ին՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
Գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում էլ հաջողությունն ուղեկցել էր «Նոային» (2-1, 2-2):
4. Այս խաղում խփված 2-րդ գնդակը կլինի Հայաստանի առաջնություններում «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված ընդհանուր 2800-րդ գոլը: «Նոայի» դարպասը երկու անգամ գրավելու դեպքում «Փյունիկը» Հայաստանի առաջնություններում 1950-րդ գոլի հոբելյանը կնշի:
5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում փյունիկցի Խամես Սանթոսը հայկական ակումբներում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի:
6. Դարպասն անառիկ պահելու դեպքում 30-ամյա Հենրի Ավագյանն առաջնության գարնանային հատվածում 5-րդ «չոր» խաղը կանցկացնի ու կգերազանցի Ստանիսլավ Բուչնևի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում առաջնությունում 4 անգամ է «Փյունիկի» դարպասն անառիկ պահել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Վլադիմիր Ազարով - 3 գոլ:
«Փյունիկ»՝ Հովհաննես Հարությունյան - 5 գոլ:
«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»
Մայիսի 3, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
26 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 8 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 10, գրանցվել է 8 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 26-36
1-ին շրջան. 14.09.2025 «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 2-3 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Խուան Բալանտա 19՛, 0-2՝ Ժիրայր Շաղոյան 68՛, 1-2՝ Բրունո Միշել 74՛, 11մ, 1-3՝ Ժիրայր Մարգարյան 79՛, ինքնագոլ, 2-3՝ Բրունո Միշել 86՛, 11մ:
2-րդ շրջան. 08.11.2025 «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 1-1 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Ժոաո Լիմա 37՛, 11մ, 1-1՝ Բրունո Միշել 88՛, 11մ:
«Ուրարտու»՝ 2-րդ տեղ (45 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (48 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը վերջին 10 օրում «Ուրարտուի» անցկացրած 4-րդ խաղն էր, որում հաղթելով «Անդրանիկին», թիմն իր պատմության մեջ 12-րդ անգամ եզրափակչի ուղեգիր նվաճեց: Իսկ ահա առաջնության 3 հանդիպումներում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը երկու անընդմեջ պարտություն կրեց չեմպիոնական մրցավազքի մասնակիցներ «Ալաշկերտից» (1-3) և «Փյունիկից» (1-2), այնուհետև 2-0 հաշվով հաղթեց «Վանին»: Ի դեպ, «Վանի» հետ հանդիպումն «Ուրարտուի» հոբելյանական՝ 800-րդ խաղն էր Հայաստանի առաջնություններում:
2. «Արարատ-Արմենիան» դուրս մնաց գավաթի մրցաշարից՝ «Նոայի» հետ կիսաեզրափակչի պատասխան խաղում չկարողանալով ռևանշի հասնել առաջին մրցավեճում նվազագույն հաշվով կրած պարտության դիմաց: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Այժմ «Արարատ-Արմենիան» իր ողջ ուշադրությունը կենտրոնացնելու է չեմպիոնության համար մղվող պայքարին: «Արարատ-Արմենիան» հաջող է հանդես գալիս առաջնությունում՝ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը: Ընդ որում նախորդ երկու խաղերում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը միևնույն 4-0 հաշվով պարտության մատնելով «Շիրակին» և «Արարատին», շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 3 հանդիպումներից երկուսում հաղթել է «Արարատ-Արմենիան», մեկ խաղում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Ուրարտուն» տարել է անցյալ տարվա փետրվարի 25-ին՝ հյուրընկալվելիս առավելության հասնելով 2-1 հաշվով:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Բրունո Միշել - 4 գոլ:
«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 5 գոլ: