BazaResidence
Հայաստանի հավաքականը խաղ է անցկացնելու ԱՄՆ-ում| Արման Ծառուկյանը կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ| Էլինա Ավանեսյանը չի մասնակցել խաղին| Սալահը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում| ԿԼ․ Կիսաեզրափակիչ առաջին հանդպումների արդյունքները| ԵԼ․ Բրագան հաղթանակ կորզեց, իսկ անգլիական դիմակայությունում ուժեղ էր Նոթինգհեմը (տեսանյութ)|
Նոան 2-րդ տարին անընդմեջ եզրափակչում է, Միշելի հաղթական գոլը. գավաթի կիսաեզրափակիչ փուլը՝ 10 փաստով
30 Ապրիլ 2026

Նոան 2-րդ տարին անընդմեջ եզրափակչում է, Միշելի հաղթական գոլը. գավաթի կիսաեզրափակիչ փուլը՝ 10 փաստով

Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներից հետո հայտնի դարձան եզրափակչի մասնակիցները: Մայիսի 14-ին պատվավոր մրցանակը կվիճարկեն «Նոան» և «Ուրարտուն»:

Sportmedia.am-ը գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1․ Կայացած 2 հանդիպումներից մեկում հաղթեցին դաշտի տերերը, մյուսում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացված 23 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 9-ական հաղթանակ են տարել, 5 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

2 խաղում խփվեց ընդամենը 1 գոլ , այն էլ՝ 11մ հարվածով: Անցկացված 23 հանդիպումներում 61 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,65 գոլ):

2․ «Ուրարտուն» գավաթի ընթացիկ խաղարկությունում 3-րդ հաղթանակը տոնեց: Նախորդ երկու հաղթանակները Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը տարել էր 1/8 եզրափակչում «Վանի» (4-0) և քառորդ եզրափակչում «Արարատի» (3-0) նկատմամբ:

3․ «Ուրարտուն» 23-րդ անգամ հանդես գալով գավաթի կիսաեզրափակչում, 12-րդ անգամ հաղթահարեց այդ փուլի արգելքն ու մտավ եզրափակիչ: Նախորդ անգամ դա «Ուրարտուին» հաջողվել էր 2023/24թթ. խաղարկությունում, երբ Գյումրիում 2-1 հաշվով հաղթել էր «Շիրակին»: Այդ մրցաշարում երևանյան ակումբը 3-րդ տարին անընդմեջ եզրափակիչ էր մտել: Իսկ վերջին անգամ «Ուրարտուն» գավաթակիր է դարձել 2022/23թթ. խաղարկությունում՝ վճռորոշ խաղում 2-1 հաշվով հաղթելով «Շիրակին»:



4․ Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Անդրանիկի» 5 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց: Գավաթի մրցաշարերին 3-րդ անգամ մասնակցած Վարդենիսի թիմն իր պատմության մեջ ամենամեծ հաջողությունը գրանցեց՝ հանդես գալով կիսաեզրափակչում: «Անդրանիկն» «Ուրարտուի» հետ գավաթի ընթացիկ խաղարկության ամենաարդյունավետ թիմն է՝ 6 խաղում խփելով 11 գոլ:

5․ «Նոան» 2-րդ տարին անընդմեջ գավաթի եզրափակչի ուղեգիր նվաճեց: Նախորդ խաղարկության կիսաեզրափակիչում «Նոան» Ռուի Մոտայի գլխավորությամբ կիսաեզրափակիչում առավելության էր հասել «Վանի» նկատմամբ՝ 2-0, 0-1: Իսկ ընդհանուր առմամբ «Նոան» 3-րդ անգամ է հանդես գալու գավաթի եզրափակչում: Գավաթը նվաճելու թիմի նախորդ երկու փորձերն էլ հաջողությամբ են պսակվել:

6․ «Նոան» գավաթի ընթացիկ խաղարկության միակ թիմն է, որ պարտություն չի կրել՝ անցկացրած 4 հանդիպումներում տոնելով 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Գործող գավաթակիրը պատվավոր մրցանակի համար հանդիպումներում արդեն 5 խաղ անպարտելի է: Վերջին պարտությունը թիմը կրել է գավաթի նախորդ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Վանից»՝ 0-1:

7․ Գավաթի 9 մրցաշարերի մասնակից «Արարատ-Արմենիային» 3-րդ անգամ չհաջողվեց հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը: Նախկինում թիմն այդ փուլում անհաջողության էր մատնվել 2018/19 («Ալաշկերտ»՝ 2-2, 0-0) և 2020/21թթ. («Արարատ»՝ 2-1, 0-2) խաղարկություններում:

Գավաթային դիմակայությունում «Արարատ-Արմենիան» 3-րդ անգամ զիջեց «Նոային»: Նախկինում դա տեղի էր ունեցել 2019/20թթ. (5-5, 6-7՝ 11մ) և 2024/25թթ. (1-3) խաղարկությունների եզրափակչում:

8․ Բրունո Միշելը բացեց գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում՝ հստակ իրացնելով 11մ հարվածը, ինչն էլ «Ուրարտուին» եզրափակչի ուղեգիր պարգևեց:

9․ «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Արման Ներսեսյանը գավաթի ընթացիկ խաղարկությունում 3-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Մրցաշարում անցկացրած 4 խաղերում նա ընդամենը մեկ գոլ է բաց թողել Նարդին Մուլահուսեյնովիչի հարվածից հետո, որն էլ «Արարատ-Արմենիային» զրկեց եզրափակիչ մտնելու հնարավորությունից:



10․ Հովհաննես Համբարձումյանն ու Գոռ Մանվելյանը «Նոայի» կազմում գավաթի մրցաշարերում 10-րդ խաղն անցկացրին ու այդ ցուցանիշով դարձան թիմի ռեկորդակիրները՝ գերազանցելով Վլադիմիր Ազարովին:

Նախորդ հոդվածը
ՉԼ․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը ու լավագույն ֆուտբոլիստը
Հաջորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. 24-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։