Արարատ-Արմենիայի հաղթարշավը շարունակվեց, գարնանային հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը. Fastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը՝ 10 փաստով
Առաջնության 24-րդ տուրի հանդիպումներում չեմպիոնական մրցավազքի մասնակիցներից միայն «Արարատ-Արմենիան» հաղթանակ տարավ և ավելի ամրապնդեց միանձնյա առաջատարի իր դիրքը:
Sportmedia.am-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1․ Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, 2 խաղ ավարտեցին ոչ-ոքի: Ընթացիկ առաջնությունում առաջին անգամ դաշտի տերերին չհաջողվեց տուրում գեթ մեկ հաղթանակ տանել: Առաջնությունում անցկացված 117 հանդիպումներում դաշտի տերերը 49 հաղթանակ են տարել, 28 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 40 անգամ հաջողության են հասել հյուրերը:
5 խաղում խփվեց ընդամենը 9 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,8 գոլ): Առաջնության գարնանային հատվածում 24-րդ տուրն ամենասակավագոլն էր: Իսկ ամենացածր արդյունավետությունը գրանցվել է 4-րդ տուրում, որում ընդամենը 7 գոլ է խփվել: Առաջնության 117 հանդիպումներում 298 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,54 գոլ):

2․ «Արարատ-Արմենիան» 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ կրկին դարպասը պահելով անառիկ: Առաջնության վերջին 7 հանդիպումներում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն անպարտելի է:
3․ «Նոան» 2-րդ անընդմեջ խաղն ավարտեց ոչ-ոքի: Գործող չեմպիոնը միակ թիմն է, որն առաջնության գարնանային հատվածում անպարտելի է՝ անցկացրած 8 հանդիպումներում վաստակելով 20 միավոր:
4․ «Շիրակը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Արդեն 10 խաղ է, որ շիրակցիները չեն հաղթել: Ընթացիկ առաջնությունում «Շիրակը» շատ անհաջող է խաղում Գյումրիում, որտեղ անցկացրած առաջնության 12 հանդիպումներից միայն 2-ում է հաղթել՝ կրելով 8 պարտություն:
5․ «Վանն» ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը՝ Բենիկ Հովհաննիսյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Գանձասարին»: Առաջնության գարնանային հատվածում դա չարենցավանցիների 2-րդ հաղթանակն էր: Առաջինը գրանցվել էր ապրիլի 4-ին «Արարատի» նկատմամբ՝ 2-1:

6․ «Շիրակի» հետ խաղում դուբլ գրանցած Մամադու Դումբիան ոչ միայն «Արարատին» անչափ կարևոր հաղթանակ պարգևեց, այլև 7 գնդակով դարձավ առաջնության գարնանային հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը՝ գերազանցելով 5-ական գոլ խփած Բրունո Միշելին, Մոմո Յանսանեին և Ալիունե Նդուրին:
ՀՀ առաջնություններում խփած 14 գնդակով Դումբիան ընդգրկվեց «Արարատի» ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստների հնգյակում: Նրա խփած 2-րդ գնդակը դարձավ ՀՀ առաջնություններում «Արարատի» հանդիպումներում գրանցված ընդհանուր 2550-րդ գոլը: Այդ գոլերից 1384-ը խփել է «Արարատը»:
7․ Սուրեն Կիրակոսյանն ու Հարություն Մանուկյանը բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Կիրակոսյանի խփած գնդակը ՀՀ առաջնություններում Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք ԲԿՄԱ-ի անցկացրած հանդիպումներում գրանցված ընդհանուր 200-րդ գոլն էր:
Հարություն Մանուկյանը դարձավ պաշտոնական մրցումներում ԲԿՄԱ-ի խփած հոբելյանական՝ 200-րդ գոլի հեղինակը: Դրանցից 174-ը ԲԿՄԱ-ն խփել է ՀՀ առաջնություններում, 26-ը՝ ՀՀ գավաթի մրցաշարերում: Մանուկյանն ընդգրկվեց ՀՀ առաջնություններում ԲԿՄԱ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ «Ալաշկերտի» դարպասը գրավելով 18 տարեկան 169 օրականում:
8․ 30-ամյա Հենրի Ավագյանն առաջնության գարնանային հատվածում 5-րդ «չոր» խաղն անցկացրեց ու գերազանցեց փյունիկցի իր խաղընկեր Ստանիսլավ Բուչնևի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում առաջնությունում 4 անգամ է «Փյունիկի» դարպասն անառիկ պահել:

9․ Խամես Սանթոսը հայկական ակումբներում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 200-րդ խաղն անցկացրեց: Նա դարձավ այդ սահմանագիծը հատած ընդամենը 7-րդ այլազգի ֆուտբոլիստը:
10․ Բրունո Պինտուն առաջնության 4-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց: Նա արդեն 386 րոպե շարունակ գոլ բաց չի թողել: Վերջին գոլը նրա պաշտպանած դարպասը խփել է ալաշկերտցի Դավիթ Տերտերյանը հանդիպման 64-րդ րոպեին: