BazaResidence
Ալաշկերտ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նա լավագույնն է․ Մեսսին նշել է նոր սերնդի լավագույն ֆուտբոլիսի անունը| Հոր հետքերով. Ռոնալդու կրտսերը կարող է վերադառնալ Եվրոպա| Բարսելոնայում ծաղրում են Վալվերդեին ու քննարկում Ռեալի հանդերձարանում տիրող իրավիճակը| Ալոնսոն զղջում է, որ գլխավորել է Ռեալը և ուրախ է, որ չի հասցրել առնչվել ներկայիս քաոսի հետ| Հայ ուշուիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում|
Քննարկվել են Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցերը
06 Մայիս 2026

Քննարկվել են Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Իջևանում և Վանաձորում UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման և վերակառուցման ծրագրերով զբաղվող միջազգային «ՎենյուԷրա հոլդինգ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ ընկերության գլխավոր տնօրեն Յան Յենցայի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է մարզադաշտերի կառուցման և վերակառուցման աշխատանքների իրականացումը Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությանն ընդառաջ՝ հիշեցնելով, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտը։ Մրցաշարի շրջանակում խաղեր կանցկացվեն Երևանում, Վանաձորում և Իջևանում։

Նախարարն ընդգծել է՝ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն սպորտային ենթակառուցվածքների զարգացման, այլև տարածաշրջանային զբոսաշրջության և ենթակառուցվածքային բարելավումների տեսանկյունից։ Ուստի, աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել սահմանված ժամկետներում և միջազգային չափանիշներին համապատասխան որակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման հիմնական փուլերը, ինչպես նաև FIFA-ի և UEFA-ի տեխնիկական պահանջներին համապատասխանեցման հարցերը։ Նշվել է, որ ըստ գործող կանոնակարգերի՝ մարզադաշտերը պետք է շահագործման հանձնված լինեն մրցաշարից առնվազն վեց ամիս առաջ։

Քննարկվել են նաև ենթակառուցվածքային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ճանապարհային հասանելիությանը, լոգիստիկ խնդիրներին, ջրամատակարարմանը, հրդեհային անվտանգության համակարգերին, ինչպես նաև հարակից տարածքների ընդլայնման հնարավորություններին։ Նշվել է, որ ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով կձևավորվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն պատասխանատու բոլոր կառույցները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը միջոցներ էր հատկացրել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում UEFA-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի կառուցման, ինչպես նաև Վանաձորի մարզադաշտի վերակառուցման և UEFA-ի 4-րդ կատեգորիայի չափանիշներին համապատասխանեցման նպատակով։

Վանաձորի և Իջևանի մարզադաշտերը կդառնան տարածաշրջանային նշանակության ժամանակակից սպորտային կենտրոններ՝ յուրաքանչյուրը նախատեսված շուրջ 10 հազար հանդիսականի համար։

«ՎենյուԷրա հոլդինգը» (VenueERA) միջազգային կազմակերպությունն իրականացրել է ՈւԵՖԱ 4 կատեգորիայի հայտնի մարզադաշտերի նախագծում և շինարարություն, որոնցից են Բուդապեշտի «Պուշկաշ արենա» ֆուտբոլային մարզադաշտը, Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլա սպորտս սիթի» մարզադաշտը և Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ արենա» մարզադաշտը։

Նախորդ հոդվածը
Նա հսկայական դեր խաղաց Արսենալի» հաղթանակում. Ռունին՝ Գյոկերեշի մասին
Հաջորդ հոդվածը
Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանն առաջատարների շարքում Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։