Fastex Պրեմիեր լիգա. 25-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ
Մայիսի 8-ին կմեկնարկի Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրը:
Sportmedia.am-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Վան» - «Շիրակ»
Մայիսի 8, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
16 խաղ, «Վանը» հաղթել է 11 անգամ, «Շիրակը»՝ 2, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 26-11
1-ին շրջան. 19.09.2025 «Վան» - «Շիրակ»՝ 3-2 (1-2)
Գոլերը՝ 1-0՝ Արթուր Դանիելյան 13՛, 1-1՝ Մհեր Թառլոյան 39՛, 1-2՝ Ռաֆիկ Միսակյան 43՛, 11մ, 2-2՝ Սաբա Սիդամոնիձե 63՛, 3-2՝ Էրիկի Բենտո 71՛:
2-րդ շրջան. 02.11.2025 «Շիրակ» - «Վան»՝ 2-3 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Ջեսե Ակիլա 21՛, 1-1՝ Կաուա Ֆեռեյրա 57՛, 2-1՝ Գագիկ Ակուլյան 62՛, 2-2՝ Ջեֆերսոն Գրանադո 75՛, 2-3՝ Հրայր Մկոյան 90+5՛, 11մ:
57-րդ րոպեին Դավիթ Կիրակոսյանը («Վան») չիրացրեց 11մ հարվածը (գնդակը դիպավ դարպասաձողին):
«Վան»՝ 6-րդ տեղ (28 միավոր), «Շիրակ»՝ 10-րդ տեղ (12 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Հանդիպումից առաջ Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում կկայանա ընթացիկ առաջնության ամենատարեց ու ամենափորձառու ֆուտբոլիստ, 39-ամյա Հրայր Մկոյանի մեծարման արարողությունը, որն ապրիլի 23-ին ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 400-րդ խաղն էր անցկացրել՝ դառնալով այդ սահմանագիծը հատած ընդամենը 4-րդ ֆուտբոլիստը:
Նախորդ տուրում «Վանն» ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը՝ Բենիկ Հովհաննիսյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Գանձասարին»: Առաջնության գարնանային հատվածում դա չարենցավանցիների 2-րդ հաղթանակն էր: Առաջինը գրանցվել էր ապրիլի 4-ին «Արարատի» նկատմամբ՝ 2-1:
2. Իսկ ահա «Շիրակն» իր համար անչափ կարևոր խաղում Գյումրիում 0-2 հաշվով պարտվեց «Արարատին» և հայտնվեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Խաղից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը հրաժարական տվեց:
Առաջնության ավարտական 3 հանդիպումները «Շիրակը» կանցկացնի թիմի նախկին բազմափորձ մարզիչ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ: Արդեն 10 խաղ է, որ շիրակցիները չեն հաղթել: Ընթացիկ առաջնությունում «Շիրակը» շատ անհաջող է խաղում Գյումրիում, որտեղ անցկացրած առաջնության 12 հանդիպումներից միայն 2-ում է հաղթել՝ կրելով 8 պարտություն:

3. «Վանը» զգալի առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 խաղերում էլ հաղթել է «Վանը»: Արդեն 7 խաղ է, որ «Շիրակին» չի հաջողվել հաղթել չարենցավանցիներին՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր: Ընդ որում մինչև ընթացիկ մրցաշրջանը կայացած նախորդ 5 խաղերում շիրակցիներին չէր հաջողվել գրավել «Վանի» դարպասը:
Անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Գյումրիում կայացած Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի խաղում էլ «Վանը» հաղթել էր 3-0 հաշվով: Վերջին հաղթանակը «Վանի» նկատմամբ շիրակցիները տարել են 2023թ. հոկտեմբերի 3-ին՝ Գյումրիում 2 անգամ գրավելով մրցակցի դարպասը:
4. «Վանի» խփած առաջին գոլը կլինի Հայաստանի առաջնություններում թիմի հոբելյանական՝ 200-րդ գնդակը:
5. Անցյալ տարվա ապրիլի 12-ին Գյումրիում մրցակիցների միջև կայացած հանդիպումը հիշարժան էր ներկայումս «Վանում» հանդես եկող Հրայր Մկոյանի համար: «Շիրակի» այն ժամանակվա ավագը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 600-րդ խաղն անցկացրեց: Հետաքրքիր է, որ 500-րդ խաղի հոբելյանը Մկոյանը ևս նշել էր «Վանի» հետ կայացած խաղում: 2022թ. մարտի 1-ին Չարենցավանում տեղի ունեցած առաջնության 20-րդ տուրի այդ խաղում Մկոյանն «Արարատի» ավագն էր:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Վան»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա, Էդգար Մովսեսյան, Նարեկ Հովհաննիսյան, Քրիստոֆեր Բոնիֆեյս, Ջոն Բատիգի - 2-ական գոլ:
«Ալաշկերտ» - «Գանձասար»
Մայիսի 9, ժամը՝ 15:00, Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտ
5 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 3 անգամ, «Գանձասարը»՝ 1, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-3:
1-ին շրջան. 21.09.2025 «Ալաշկերտ» - «Գանձասար»՝ 2-0 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Կարեն Նալբանդյան 15՛, 2-0՝ Էդգար Փիլոյան 78՛:
2-րդ շրջան. 03.11.2025 «Գանձասար» - «Ալաշկերտ»՝ 1-0 (0-0)
Գոլը՝ 1-0՝ Լևոն Պետրոսյան 47՛:
«Ալաշկերտ»՝ 5-րդ տեղ (44 միավոր), «Գանձասար»՝ 8-րդ տեղ (21 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Ալաշկերտը» նախորդ տուրում 2 թանկարժեք միավոր կորցրեց՝ ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում ձեռքից բաց թողնելով հաղթանակը ու դուրս մնալով չեմպիոնական մրցավազքից: Հանդիպման 78-րդ րոպեի դրությամբ ալաշկերտցիները խաղը շահում էին 2-0 հաշվով: Սակայն ընդամենը երկու րոպեի ընթացքում բանակայինները հավասարեցրին հաշիվը: «Ալաշկերտը» 2-րդ անընդմեջ խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը՝ բավարարվելով ոչ-ոքիով: Առաջնության վերջին 6 խաղերում «Ալաշկերտն» անպարտելի է:
2. «Գանձասարը» 5 օրում երկու խաղ անցկացրեց: Նախ գանձասարցիները նախորդ տուրում նվազագույն հաշվով պարտվեցին «Վանին», ապա 16-րդ տուրից հետաձգված մրցավեճում զիջեցին «Նոային» (1-4): Առաջնության վերջին 6 հանդիպումներում գանձասարցիներն ընդամենը 4 միավոր են վաստակել:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության 2-րդ շրջանի խաղում «Գանձասարին» վերջապես հաջողվեց առաջին հաղթանակը տոնել «Ալաշկերտի» նկատմամբ: Գավաթի ընթացիկ խաղարկությունում էլ գանձասարցիները նախնական փուլում 2-1 հաշվով հաղթել էին «Ալաշկերտին»:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Ալաշկերտ»՝ Պետրոս Ավետիսյան – 2 գոլ:
Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված ալաշկերտցի Ռոբերտ Հակոբյանը:
«Փյունիկ» - ԲԿՄԱ
Մայիսի 9, ժամը՝ 19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
18 խաղ, «Փյունիկը» հաղթել է 15 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 1, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 41-11:
1-ին շրջան. 20.09.2025 «Փյունիկ» - ԲԿՄԱ՝ 2-1 (2-0)
Գոլերը՝ 1-0՝ Դանիիլ Կուլիկով 8՛, 2-0՝ Ալեքսանդր Միլկովիչ 26՛, 2-1՝ Արթուր Ասկարյան 64՛:
2-րդ շրջան. 02.11.2025 ԲԿՄԱ - «Փյունիկ»՝ 1-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Էրիկ Օկանսի 12, 1-1՝ Արթուր Ասկարյան 57՛, 1-2՝ Խավիեր Մորենո 65՛, 11մ:
«Փյունիկ»՝ 3-րդ տեղ (45 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (22 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Փյունիկը» 4 օրում երկու անչափ կարևոր հանդիպում անցկացրեց, որոնցում ընդամենը մեկ միավոր վաստակեց ու գրեթե անհնար դարձրեց չեմպիոնի տիտղոսը նվաճելը: Փյունիկցիները նախ գոլազուրկ ոչ-ոքի խաղացին «Նոայի» հետ, ապա նվազագույն հաշվով պարտվեցին «Արարատ-Արմենիային»: Առաջնության վերջին 5 հանդիպումներում «Փյունիկն» ընդամենը 4 միավոր վաստակեց:
2. ԲԿՄԱ-ն նախորդ տուրում մարզական սխրանք գործեց: 0-2 հաշվով պարտվելով «Ալաշկերտին», բանակայիններն ընդամենը երկու րոպեում վերականգնեցին հավասարակշռությունը: Այդ խաղում Հարություն Մանուկյանի խփած գոլը պաշտոնական մրցումներում ԲԿՄԱ-ի հոբելյանական՝ 200-րդ գնդակն էր:

3. Մրցակիցների միջև կայացած նախորդ առաջնության 3-րդ շրջանի հանդիպումը հիշարժան էր ԲԿՄԱ-ի համար, որին վերջապես հաջողվել էր առաջին հաղթանակը տոնել «Փյունիկի» նկատմամբ: Մայիսի 4-ին կայացած այդ խաղում բանակայիններին հաղթանակ էր պարգևել Արայիկ Էլոյանի դուբլը, որին փյունիկցիները պատասխանել էին Մատաս Վարեյկայի խփած գոլով:
Իսկ մինչև այդ խաղը մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 15 հանդիպումներից 13-ում հաղթել էր «Փյունիկը», 2-ում գրանցվել էր ոչ-ոքի: Բացի այդ, պարտությանը նախորդել էր ԲԿՄԱ-ի նկատմամբ փյունիկցիների տարած 6 անընդմեջ հաղթանակների շարքը, որից 4-ը՝ խոշոր հաշվով:
4. Եթե ԲԿՄԱ-ին հաջողվի հաղթել «Փյունիկին», ապա այդ հաղթանակը կլինի 15-րդը ՀՀ առաջնություններում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Այդ ցուցանիշով Գյուլբուդաղյանցը թիմի մարզիչների մեջ կդառնա ռեկորդակիր՝ գերազանցելով Ռաֆայել Նազարյանին, որի օրոք ԲԿՄԱ-ն Fastex Պրեմիեր լիգայում 14 հաղթանակ է տարել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Փյունիկ»՝ Յուսուֆ Օտուբանջո – 9 գոլ:
ԲԿՄԱ՝ Արայիկ Էլոյան – 3 գոլ:
5-րդ զգուշացման պատճառով հանդիպումը բաց կթողնի փյունիկցի Կառլեն Հովհաննիսյանը:
«Արարատ» - «Ուրարտու»
Մայիսի 10, ժամը՝ 16:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
90 խաղ, «Արարատը» հաղթել է 18 անգամ, «Ուրարտուն»՝ 45, գրանցվել է 27 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 83-135
1-ին շրջան. 19.09.2025 «Ուրարտու» - «Արարատ»՝ 6-0 (1-0)
Գոլերը՝ 1-0-3-0՝ Բրունո Միշել 12՛, 46 ՛, 53՛, 4-0՝ Արտեմի Գունկո 69՛, 5-0՝ Նիկոլաս Կալուկյան 78՛, 6-0՝ Բրունո Միշել՝ 81՛:
2-րդ շրջան. 03.11.2025 «Արարատ» - «Ուրարտու»՝ 0-1 (0-1)
Գոլը՝ 0-1՝ Անտոն Բրատկով 14՛:
«Արարատ»՝ 9-րդ տեղ (12 միավոր), «Ուրարտու»՝ 4-րդ տեղ (45 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության հետնապահ «Արարատը» վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին: Գյումրիում «Շիրակի» հետ կայացած մրցավեճում արարատցիները Մամադու Դումբիայի դուբլի շնորհիվ շատ կարևոր հաղթանակ տարան ու վերջապես լքեցին մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: Այժմ «Արարատը» «Շիրակի» հետ հեռակա մրցավեճում կշարունակի պայքարը Fastex Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար:
2. «Ուրարտուն» նախորդ տուրում չեմպիոնական մրցավազքի հերթական մասնակցի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում էլ անհաջողության մատնվեց՝ պարտվելով 0-2 հաշվով: Ռոբերտ Արզումանյանի սաները մինչև այդ էլ զիջել էին «Ալաշկերտին» (1-3) և «Փյունիկին» (1-2): «Ուրարտուն» ևս կորցրեց ոսկե մեդալների համար պայքարելու հնարավորությունը:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 14 հանդիպումներում «Արարատն» այդպես էլ գեթ մեկ հաղթանակ չի տոնել՝ կրելով 9 պարտություն, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ արարատցիները տարել են 2022թ. ապրիլի 28-ին կայացած արտագնա խաղում (2-1):
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ»՝ Վահե Յաղմուրյան - 5 գոլ:
«Ուրարտու»՝ Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան - 5-ական գոլ:
5-րդ զգուշացման պատճառով խաղին չի մասնակցի առաջնության լավագույն ռմբարկու Բրունո Միշելը, ինչը մեծ կորուստ կլինի «Ուրարտուի» համար:
«Արարատ-Արմենիա» - «Նոա»
Մայիսի 10, ժամը՝ 18:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
28 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 15 անգամ, «Նոան»՝ 8, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 48-28
1-ին շրջան. 20.09.2025 «Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 2-2 (1-1)
Գոլերը՝ 0-1՝ Նարդին Մուլահուսեյնովիչ 22՛, 1-1՝ Ուգո Օլիվեյրա 32՛, 1-2՝ Նարդին Մուլահուսեյնովիչ 51՛, 2-2՝ Արթուր Սերոբյան 76՛:
2-րդ շրջան. 01.11.2025 «Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 1-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Ժիրայր Շաղոյան 22՛, 1-1՝ Հելդեր Ֆեռեյրա 47՛, 1-2՝ Արմեն Համբարձումյան 86՛:
«Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (54 միավոր), «Նոա»՝ 2-րդ տեղ (46 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատ-Արմենիան» 4 օրում երկու անչափ կարևոր հաղթանակ տոնելով «Ուրարտուի» (2-0) և «Փյունիկի» (1-0) նկատմամբ, շատ մոտ է չեմպիոնության գրանցմանը: «Նոային» հաղթելու դեպքում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ անհասանելի կդառնա մրցակիցների համար ու կնվաճի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այս խաղում «Արարատ-Արմենիային» նույնիսկ ոչ-ոքին է ձեռնտու: Առաջնության վերջին 5 խաղերն էլ Հայաստանի կրկնակի չեմպիոնը հաղթել է ընդհանուր 11-0 հաշվով:
2. Այս խաղում «Նոային» միայն հաղթանակը հնարավորություն կընձեռի շարունակելու պայքարը չեմպիոնության համար: Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն էլ 4 օրում երկու խաղ անցկացրեց՝ վաստակելով 4 միավոր («Փյունիկ»՝ 0-0, «Գանձասար»՝ 4-1): «Նոան» միակ թիմն է, որն առաջնության գարնանային հատվածում անպարտելի է՝ անցկացրած 9 հանդիպումներում վաստակելով 23 միավոր:

3. Նախորդ մրցաշրջանում մրցակիցների միջև կայացած բոլոր 4 խաղերում էլ, ներառյալ գավաթի եզրափակիչը, հաղթել է «Նոան»: Մինչդեռ մինչև 2021/22թթ. առաջնության 4-րդ շրջանի հանդիպումն «Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի միակ թիմն էր, որին «Նոան» Fastex Պրեմիեր լիգայում դեռ չէր հաղթել: Անցկացված 14 հանդիպումներից 10-ում հաջողությունն ուղեկցել էր «Արարատ-Արմենիային», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի:
Եվ ահա 2022թ. մայիսի 9-ին կայացած խաղում «Նոան» վերջապես ընդհատեց տխուր ավանդույթը: Հանդիպման 3-րդ րոպեին Դմիտրի Լավրիշչևի խփած միակ գոլը «Նոային» հաղթանակ պարգևեց, որը կարելի է պատմական համարել: Իսկ «Արարատ-Արմենիայի» համար այդ պարտությունը փաստորեն ճակատագրական եղավ «Փյունիկի» հետ չեմպիոնական մրցավազքում: Այդ հաղթանակը միակն էր Fastex Պրեմիեր լիգայում մրցակիցների միջև անցկացված 18 հանդիպումներում:
Իսկ վերջին 3 տարիներին ուժերի հարաբերակցությունը զգալիորեն փոխվել է: Մրցակիցների միջև անցկացված առաջնության վերջին 8 հանդիպումներում «Նոան» 6 անընդմեջ հաղթանակ է տարել, մեկ խաղում ոչ-ոքի է գրանցվել և միայն ընթացիկ առաջնության 2-րդ շրջանի խաղում է «Արարատ-Արմենիային» հաջողվել հաղթել: Նախորդ հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատ-Արմենիան» տարել էր 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ 4-3:
Այս տարի «Նոան» «Արարատ-Արմենիային» հաղթել է Սուպերգավաթի խաղում (1-1, 4-2՝ 11մ) և առավելության է հասել գավաթի կիսաեզրափակչում (1-0, 0-0):
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 5 գոլ:
«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ, Փոլ Գլադոն, Նարդին Մուլահուսեյնովիչ, Հելդեր Ֆեռեյրա - 2-ական գոլ: