Նոան պահպանեց գավաթակրի իր տիտղոսը, Ֆեռեյրան հոբելյանական գոլի հեղինակ. Հայաստանի գավաթի եզրափակիչը՝ 10 փաստով
Վերջնագիծը հատեց Հայաստանի գավաթի հոբելյանական՝ 35-րդ խաղարկությունը: Եզրափակիչ խաղում 4-2 հաշվով հաղթելով «Ուրարտուին», «Նոան» 3-րդ անգամ նվաճեց պատվավոր մրցանակը:
Sportmedia.am-ը գավաթի եզրափակիչ հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Հայաստանի գավաթի 35-րդ խաղարկության հաղթողին որոշելու համար 24 խաղ անցկացվեց: Խաղերից 9-ում հաղթել են դաշտի տերերը, 10-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 5 խաղ ավարտվել է ոչ-ոքի:
Կայացած 24 հանդիպումներում գրանցվել է 67 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,79 գոլ):
2. «Նոան» 2-րդ տարին անընդմեջ նվաճեց Հայաստանի գավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի եռակի դափնեկիր: «Նոան» գավաթի եզրափակիչ հանդիպումներում չպարտված 3-րդ ակումբն է: Մինչև այդ գավաթի եզրափակիչներում անպարտելի էին «Ցեմենտը» (1998, 1999թթ.) և «Նորավանքը» (2021/22թթ.):
Գավաթի խաղարկություններում նվաճած մրցանակների քանակով «Նոան» 5-րդն է: Ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 8-ակի գավաթակիր է: 6-ական անգամ գավաթակիր են դարձել «Արարատն» ու «Միկան», 4 անգամ՝ «Ուրարտուն»: «Ցեմենտն» ու «Շիրակը» կրկնակի գավաթակիրներ են, մեկական անգամ էլ գավաթին տիրել են «Գանձասար-Կապանը», «Ալաշկերտը», «Նորավանքը» և «Արարատ-Արմենիան»:

3. «Նոան» և «Ուրարտուն» առաջին անգամ եզրափակչում մրցեցին միմյանց հետ: Վճռորոշ հանդիպումը մրցակիցների գավաթային 3-րդ դիմակայությունն էր: Անցկացված 5 խաղերից 4-ում հաղթել է «Նոան», մեկ խաղում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունն է՝ 11-5:
Ընդհանուր առմամբ գավաթի եզրափակիչ հանդիպումներում մրցավեճի են բռնվել 26 տարբեր զույգեր: Առավել հաճախ՝ 4 անգամ գավաթը վիճարկել են «Փյունիկն» ու «Բանանցը» (1992, 2004, 2009, 2010թթ.): 1992թ. հաջողությունն ուղեկցել է «Բանանցին», մյուս 3 եզրափակիչներում հաղթել է «Փյունիկը»"
4. «Ուրարտուն» վերջին 5 տարվա ընթացքում 4-րդ անգամ հանդես եկավ գավաթի եզրափակչում՝ միայն մեկ անգամ նվաճելով պատվավոր մրցանակը (2023թ., «Շիրակ»՝ 2-1): Հերթական եզրափակիչը 12-րդն էր թիմի պատմության մեջ: Այդ ցուցանիշով «Ուրարտուն» հավասարվեց «Փյունիկին»: «Ուրարտուն» 4 տարի անընդմեջ (2007-2010թթ.) հանդես է եկել գավաթի եզրափակչում, ինչը յուրօրինակ ռեկորդ է: Վճռորոշ այդ հանդիպումներից միայն մեկում է թիմը հաղթել՝ 2007թ, 3-1 հաշվով պարտության մատնելով «Արարատին»:
5. Գավաթի եզրափակիչ հանդիպումներում 2-րդ անգամ 4-2 հաշիվ գրանցվեց: Առաջին անգամ դա պատահել էր 1995թ. կայացած վճռորոշ խաղում, որում «Արարատը» պարտության էր մատնել «Կոտայքին»: Ավելի շատ գոլեր գավաթի եզրափակիչներում խփվել է միայն 2020թ. «Նոա» - «Արարատ-Արմենիա» խաղում՝ 5-5: Ընդհանուր առմամբ գավաթի եզրափակիչ 35 հանդիպումներում 104 գոլ է խփվել (միջինը մեկ խաղում՝ 2,97 գոլ):
6. Սանդրո Պերկովիչը դարձավ գավաթակիր թիմ պատրաստած 24-րդ մարզիչը: Ռեկորդակիրը Վարուժան Սուքիասյանն է, որի գլխավորած թիմերը («Բանանց»` 1992թ., «Ցեմենտ»՝ 1998, 1999թթ., «Արարատ»՝ 2008թ.) 4 անգամ են գավաթակիր դարձել:

Իսկ ահա Ռոբերտ Արզումանյանը մարզչական կարիերայում 2-րդ անգամ էլ անհաջողության մատնվեց գավաթի եզրափակչում: Նրա գլխավորությամբ 2022թ. «Ուրարտուն» 0-2 հաշվով պարտվել էր »Նորավանքին»:
7. Հանդիպման 9-րդ րոպեին Միքայել Միրզոյանի խփած գոլն ընդգրկվեց գավաթի եզրափակիչներում գրանցված ամենաարագ գոլերի տասնյակում: Ռեկորդակիրն «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Դավիթ Խուրցիձեն է, որը 2023թ. եզրափակչում «Շիրակի» դարպասը գրավել էր խաղի 25-րդ վայրկյանին:
Միքայել Միրզոյանը գավաթի մրցաշարերում 2-րդ գոլը խփեց: Հետաքրքիր է, որ իր առաջին գոլն էլ Միրզոյանը խփել էր գավաթի եզրափակչում՝ 2024թ. գրավելով «Արարատ-Արմենիայի» դարպասը:
8. Հելդեր Ֆեռեյրան դարձավ գավաթի եզրափակիչ հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 100-րդ գոլի հեղինակը: «Արարատ-Արմենիայի» հետ կայացած գավաթի նախորդ խաղարկության եզրափակչում Ֆեռեյրան դուբլի հեղինակ էր դարձել: Ֆեռեյրան 3 գնդակով հավասարվեց գավաթի եզրափակիչ հանդիպումների ամենաարդյունավետ ֆուտբոլիստներ Արմեն Շահգելդյանին, Կարեն Բարսեղյանին, Համլետ Մխիթարյանին, Մարկոս Պիզելիին և Նարեկ Բեգլարյանին:

9, Մարին Յակոլիշը դարձավ գավաթի եզրափակիչ հանդիպումներում դուբլ գրանցած 14-րդ ֆուտբոլիստը: Նախկինում դա հաջողվել էր Արմեն Շահգելդյանին («Արարատ»՝ 1993թ.), Կարեն Բարսեղյանին («Կոտայք»՝ 1994թ.), Հայկ Հակոբյանին («Ցեմենտ»՝ 1999թ.), Սեմյոն Մուրադյանին («Բանանց»՝ 2007թ.), Գևորգ Ղազարյանին («Փյունիկ»՝ 2010թ.), Նարեկ Բեգլարյանին («Միկա»՝ 2011թ.), Ռազմիկ Հակոբյանին («Փյունիկ»՝ 2015թ.), Կիրիան Նվաբուեզեին («Շիրակ»՝ 2017թ.), Վլադիմիր Ազարովին («Նոա»՝ 2020թ.), Լուիս Ուգոչուկվու Օգանային և Յուսուֆ Օտուբանջոյին (երկուսն էլ՝ «Արարատ-Արմենիա»՝ 2020թ.), Մորի Կոնեին («Արարատ»՝ 2021թ.) և Հելդեր Ֆեռեյրային («Նոա»՝ 2025թ.):
Մարին Յակոլիշը Կարեն Մելքոնյանի հետ 3 գնդակով դարձավ գավաթի 35-րդ խաղարկության լավագույն ռմբարկուն: Նա ընդգրկվեց գավաթի եզրափակիչներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Ալեքսանդր Միշիևի դարպասը գրավելով 29 տարեկան 139 օրականում:
Իսկ Նատանաել Սանտինին բացելով գոլերի հաշիվը գավաթի մրցաշարում՝ ընդգրկվեց եզրափակիչ հանդիպումներում գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում՝ 25 տարեկան 349 օրական:
10. ովհաննես Համբարձումյանին 2-րդ տարին անընդմեջ որպես թիմի ավագի հանձնվեց գավաթը: Նա 28-րդ ավագն է, որ ֆեդերացիայի ներկայացուցչից ստացել է պատվավոր մրցանակը: Առավել հաճախ` 4 անգամ (1993-1996թթ.) որպես թիմի ավագ գավաթը հանձնվել է Արամայիս Տոնոյանին: Առաջին երեք մրցանակները նա ստացել է «Արարատում», վերջինը՝ որպես «Փյունիկի» ավագ:
Համբարձումյանն (35 տարեկան 222 օրական) ընդգրկվեց ամենատարեց գավաթակիրների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Արտակ Դաշյանին, որն անցյալ տարի «Նոայի» կազմում պատվավոր մրցանակի դափնեկիր էր դարձել 35 տարեկան 174 օրականում:

Համբարձումյանը 3-րդ անգամ մասնակցեց գավաթի եզրափակչին: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2010թ. «Բանանցի» կազմում «Փյունիկի» հետ կայացած վճռորոշ խաղում (0-4): 2026թ. եզրափակչի մասնակիցներից ամենափորձառուն «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանն էր, որը 5-րդ անգամ էր խաղադաշտ դուրս եկել գավաթի վճռորոշ խաղում: Նա ևս կրկնակի գավաթակիր է (2021թ.՝ «Արարատ», 2023թ.՝ «Ուրարտու»):