Տեղի է ունեցել Նոայի ակադեմիայի բացումը
Վաղարշապատում այսօր տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության այլ անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներ: Ներկա է եղել նաև համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն:
Ակումբի սեփականատեր Վարդգես Վարդանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են նորակառույց ակադեմիայում, ծանոթացել միջազգային ամենաբարձր չափանիշներով ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին:
Մասնաշենքը ներառում է գերժամանակակից հանդերձարաններ՝ համալրված մի քանի տեսակի վերականգնողական սենյակներով, բժշկական և մերսման նորագույն սարքավորումներով կահավորված տարածքներ, գերժամանակակից ընդարձակ մարզասրահ, հավաքների համար նախատեսված հյուրանոցային համարներ, գրադարան, առաջին թիմի անձնակազմի համար նախատեսված ճաշարան, խորհրդակցությունների դահլիճներ, աշխատասենյակներ և ժամանցի մի քանի սրահներ՝ համալրված սեղանի թենիսի պարագաներով ու համակարգչային խաղերով։
«Noah Park». «Նոա» ՖԱ-ն ներկայացրել է ապագայի ֆուտբոլային ու սպորտային քաղաքը
«Նոա» ՖԱ-ն ներկայացրել է «Noah Park» նախագծի լայնածավալ ճարտարապետական և ինժեներական կոնցեպտը, որը նախատեսվում է իրականացնել Վաղարշապատում։ Նախագիծը միավորում է մարզական, կրթական, ենթակառուցվածքային և հանրային տարածքները՝ նպատակ ունենալով ձևավորել ժամանակակից ֆուտբոլային և զարգացման էկոհամակարգ։ Նախագծի վրա աշխատում են միջազգային հեղինակավոր մասնագետներ և ընկերություններ՝ Իտալիայից ու Եվրոպայից։ Պրեզենտացիայում ներկայացված են
ինչպես գլխավոր ճարտարապետական ուղղությունները, այնպես էլ տարբեր միջազգային
նախագծերի փորձը, որոնց վրա աշխատել են նախագծի մասնակիցները։
«Noah Park»-ի գաղափարախոսությունը հիմնված է երկարաժամկետ զարգացման, տարածքային ինտեգրման և ժամանակակից ճարտարապետության վրա։ Նախագծում ներառված են մարզադաշտ, ֆուտբոլային ակադեմիա, հանրային և հանգստի գոտիներ, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ տարածքներ, որոնք նախատեսված են ոչ միայն խաղային օրերի, այլև ամենօրյա օգտագործման համար։
Ներկայացվել են նաև եվրոպական մի շարք հայտնի նախագծեր, որոնց թվում են «Յուվենթուս մարզադաշտը», «Դալլարա մարզադաշտը», «Պարտենիո-Լոմբարդի մարզադաշտը» և այլ խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, որոնք ընդգծում են նախագծային թիմի փորձն ու մոտեցումները։
Մասկոտ․ ԲԱԶԵ
«Նոա» ՖԱ–ն ներկայացրեց նաև ակումբի խորհրդանիշը՝ մասկոտը։ Երկար աշխատանքներից հետո ընտրվել է այնպիսի սիմվոլ, որն իր մեջ կկրի հայկականության անցյալի, ներկայի և ապագայի արժեքները։ Բազեն այն կետն է, որտեղ հավաքվում են երկրպագուների էներգիան, ֆուտբոլիստին դաշտում առաջ մղող ուժը և գերազանցության ճանապարհի արժեքները։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա սեպտեմբերին Կառավարությունը հավանություն էր տվել «Նոա» ֆուտբոլային ակումբի ներկայացրած Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։