Պատրաստ ենք բարձր մակարդակով ընդունել Դևիսի գավաթի հանդիպումները․ Դավիթ Չիբուխչյան
Հունիսի 16-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կմեկնարկի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի հանդիպումները։ Մրցաշարը բարձր մակարդակով ընդունելու համար սպորտ-բազայում վերջին օրերի ընթացքում մեծածավալ աշխատանքներ են տարվում․
«Մենք պատրաստ ենք ընդունելու Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի հանդիպումները, որը շատ կարևոր միջոցառում է հայկական սպորտի ու հայկական թենիսի համար։ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ակտիվ աշխատանքներ են տարվում միջոցառումը բարձր մակարդակով ընդունելու համար։ Եղանակային անբարենպաստ պայմանները նույնպես չեն կարող խանգարել։ Ավազե կորտերը ծածկել ենք պոլիէթիլենային ծածկով, որպեսզի կորտերը պատրաստ լինեն նույնիսկ նման հորդառատ անձրևներից հետո։ Բացի այդ, ունենք նաև 4 փակ կորտեր, որը դիտարկվում է որպես այլընտրանքային տարբերակ, եթե տեղումներ լինեն նաև մրցաշարի ընթացքում»,-ասաց Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի տնօրենը։
Հիշեցնենք, որ Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Անդորրայի, Ալբանիայի, Սան Մարինոյի, Իսլանդիայի ու Մալթայի հավաքակաները։ Խմբից դուրս կգան առաջին ու երկրորդ տեղը գրաված թիմերը։