2027-2028 մրցաշրջանից Հայաստանում իր գործունեությունը կսկսի պորտուգալական «Բենֆիկայի» ակադեմիան
Պորտուգալական «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբը և «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպը» հպարտությամբ հայտարարում են 2027-2028 մրցաշրջանից Բենֆիկա Ակադեմիա Հայաստան նախագծի մեկնարկի մասին։ Այս նշանակալի նախաձեռնությունը կդառնա ֆուտբոլի զարգացման նոր հանգույց Կովկասում՝ ընդլայնելով «Բենֆիկայի» միջազգային ակադեմիաների և տեխնիկական համագործակցությունների շարունակաբար աճող ցանցը։
Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղակայվելիք Բենֆիկա Ակադեմիա Հայաստանը կդառնա տարածաշրջանի ամենահավակնոտ ֆուտբոլային զարգացման նախագծերից մեկը՝ համադրելով Բենֆիկայի համաշխարհային ճանաչում ունեցող մեթոդաբանությունը, տեղական զգալի ներդրումները, ժամանակակից ենթակառուցվածքները և երկարաժամկետ ռազմավարական տեսլականը, որն ուղղված է հայ ֆուտբոլիստների նոր սերունդների զարգացմանը։ Ֆուտբոլիստների պատրաստումից բացի, նախագիծը հատուկ ուշադրություն կդարձնի նաև տեղացի մարզիչների, տեխնիկական մասնագետների և ֆուտբոլի ոլորտի այլ մասնագետների կրթությանը և մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ նպաստելով Հայաստանի ֆուտբոլային չափանիշների համակողմանի զարգացմանն ու կատարելագործմանը։
Այս նախագիծը մարմնավորում է երկու կազմակերպությունների ընդհանուր ձգտումը՝ ստեղծելու գերազանցության կենտրոն, որը կնպաստի ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման նոր մակարդակի ձևավորմանը։ Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ Հայաստանը Բենֆիկայի միջազգային ընդլայնման ռազմավարության շրջանակում ունի զարգացող ֆուտբոլային շուկաներ մուտք գործելու առաջնային դերակատարի բացառիկ ռազմավարական նշանակություն: Երկիրը նաև առավել կամրապնդի իր դիրքը միջազգային ֆուտբոլային քարտեզի վրա՝ 2029 թվականին հարևան Վրաստանի հետ համատեղ հյուրընկալելով ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Բենֆիկա Ակադեմիա Հայաստանը կգործի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տարածքում և իր գործունեությունը կմեկնարկի 4-ից 17 տարեկան շուրջ 1,000 երիտասարդ մարզիկներով։ Ինչպես Պորտուգալիայում գործող Բենֆիկայի զարգացման մոդելը, այնպես էլ այս ակադեմիան կընդգրկի պատանի ֆուտբոլիստների զարգացման բոլոր փուլերը՝ վաղ տարիքում համատեղելով ֆուտբոլի լայն հասանելիությունն ու մարզական կրթությունը, իսկ հետագա փուլերում ապահովելով առավել մասնագիտացված պատրաստության ծրագրեր՝ խաղացողների զարգացմանը զուգահեռ։ Նախագծի գլխավոր նպատակը սպորտի միջոցով անհատի համակողմանի զարգացումն ու կրթությունն է՝ միաժամանակ ձևավորելով կայուն և մանկապատանեկան ֆուտբոլից դեպի բարձրակարգ մրցակցային ֆուտբոլ շարունակական ուղի։ Ակադեմիայի բացումը նախատեսված է 2027 թվականի հուլիսին։
Առաջին փուլը ներառում է վեց ֆուտբոլային խաղադաշտերի հիմնանորոգում, մարզադաշտի արդիականացում՝ ըստ ՈՒԵՖԱ-ի վերջին չափանիշների, այդ թվում՝ լուսավորության համակարգի ամբողջական փոխարինում, մարզասրահի և հանդերձարանների վերակառուցում, ինչպես նաև մարզիկների և ծնողների համար նախատեսված նոր ու հարմարավետ տարածքների և սպասասրահի ստեղծում։ Երկրորդ փուլում նախատեսվում է կառուցել նոր բազմաֆունկցիոնալ շենք, որը կներառի կացարանային հատված, ուսումնական տարածքներ, առողջության պահպանման և մարզական արդյունավետության բարձրացման գոտիներ, համաժողովների սրահներ, ինչպես նաև լրացուցիչ ենթակառուցվածքներ, որոնք կապահովեն ամբողջական բարձր արդյունավետության մարզական միջավայր։
«Բենֆիկա Ակադեմիա Հայաստանը կարևոր հանգրվան է մեր միջազգային զարգացման ռազմավարության իրականացման ճանապարհին, որի նպատակն է դառնալ տարածաշրջանային առաջատար կենտրոն։ Մեր պատմության ողջ ընթացքում Բենֆիկան միշտ հավատացել է, որ տաղանդը կարող է ծնվել աշխարհի ցանկացած անկյունում, եթե ստեղծվեն դրա համար անհրաժեշտ պայմանները, կրթական միջավայրը և զարգացման հնարավորությունները։ Մենք մեծ ոգևորությամբ ենք մեկնարկում այս հավակնոտ նախագիծը մեր գործընկերոջ հետ, որը կիսում է ֆուտբոլի վերաբերյալ մեր տեսլականը և մեր հանձնառությունը՝ ներդրումներ կատարելու որակի, կրթության և տաղանդների երկարաժամկետ զարգացման ոլորտներում։ Համատեղ ջանքերով մենք նպատակ ունենք ստեղծել օրինակելի նախագիծ Հայաստանի և ամբողջ Կովկասյան տարածաշրջանի համար»,- նշում է Բենֆիկայի միջազգային ընդլայնման ղեկավար Բերնարդու Ֆարիա դե Կարվալիոն։
Ակադեմիան կգործի Բենֆիկայի տեխնիկական վերահսկողության ներքո՝ ապահովելով ակումբի միջազգային ճանաչում ունեցող մեթոդաբանության, մարզիչների կրթական համակարգի, տաղանդների հայտնաբերման գործընթացների և խաղացողների զարգացման փիլիսոփայության լիարժեք ներդրումը։ Բենֆիկայի մասնագետները կաշխատեն տեղացի մասնագետների հետ մեկ թիմում՝ երաշխավորելու մարզումների բարձրագույն չափանիշները, շարունակական մասնագիտական կրթությունը և գիտելիքների արդյունավետ փոխանցումը։ Ֆուտբոլիստների զարգացմանը զուգահեռ՝ նախագիծը խաղացողների և մարզիչների համար կստեղծի նաև անմիջական համագործակցության հնարավորություններ Լիսաբոնում գտնվող Benfica Campus-ի հետ՝ հնարավորություն ընձեռելով օգտվելու Բենֆիկայի շարունակաբար ընդլայնվող միջազգային էկոհամակարգից։
Տեխնիկական փոխանակումների, կրթական ծրագրերի, մրցաշարերի և դիտարկման ծրագրերի միջոցով Բենֆիկա Ակադեմիա Հայաստանը լիարժեքորեն կընդգրկվի Բենֆիկայի ակադեմիաների և ֆուտբոլային գործընկերների համաշխարհային ցանցում՝ ստեղծելով բացառիկ հնարավորություններ խաղացողների, մարզիչների և մասնագետների հետագա զարգացման համար ինչպես Պորտուգալիայում, այնպես էլ միջազգային մակարդակում։
«Բենֆիկայի հետ համագործակցությունը փոխակերպող հնարավորություն է հայկական ֆուտբոլի համար։ Մեր տեսլականը չի սահմանափակվում միայն ակադեմիայի ստեղծմամբ։ Մենք ցանկանում ենք ձևավորել ֆուտբոլային հաստատություն, որը կկարողանա զարգացնել տաղանդներ, ոգեշնչել ապագա սերունդներին և Հայաստանը դարձնել տարածաշրջանային հենանիշ ֆուտբոլային կրթության և գերազանցության ոլորտում։Բենֆիկան իր հետ բերում է ոչ միայն բացառիկ փորձ և գիտելիք, այլև հավակնոտության, պրոֆեսիոնալիզմի և հաղթողի մտածելակերպի մշակույթ, որը լիովին համահունչ է մեր նպատակներին»,- նշում է Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը։
Ամերիկայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում իրականացվող իր տեխնիկական համագործակցությունների և ֆուտբոլի զարգացման ծրագրերի շնորհիվ Բենֆիկան շարունակում է ամրապնդել իր դիրքը՝ որպես աշխարհի առաջատար ֆուտբոլային զարգացման կազմակերպություններից մեկը։ Կրթության և տաղանդների երկարաժամկետ զարգացման վրա հիմնված Բենֆիկայի մեթոդաբանության միջոցով ակումբն իր գործունեությամբ ընդգրկել է ավելի քան 20,000 երիտասարդ ֆուտբոլիստի աշխարհի 30 երկրներում։ Նոր Բենֆիկա Ակադեմիա Հայաստանը կդառնա Բենֆիկայի խոշորագույն միջազգային կենտրոններից մեկը՝ արտացոլելով ինչպես ակադեմիայի մեծաթիվ սաների ներուժը, այնպես էլ ստեղծվող մարզական ենթակառուցվածքների բարձր որակը։
«Բենֆիկա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1904 թվականին և համարվում է համաշխարհային ֆուտբոլի ամենահաջողակ և խորհրդանշական ակումբներից մեկը։ Ակումբն իր պատմության ընթացքում նվաճել է 86 խոշոր տիտղոս, այդ թվում՝ Պորտուգալիայի առաջնության 38 չեմպիոնություն և Եվրոպական գավաթային մրցաշարերի երկու տիտղոս, իսկ այսօր ունի ավելի քան 430,000 անդամ։ Ֆուտբոլիստների զարգացման ոլորտում իր բացառիկ հաջողություններով միջազգային ճանաչում վայելող Benfica Campus-ը՝ ակումբի նորագույն մարզումային համալիրը Պորտուգալիայում, դաստիարակել է համաշխարհային մակարդակի բազմաթիվ ֆուտբոլիստների, որոնց թվում են Բեռնարդու Սիլվան, Ռուբեն Դիաշը, Ժոաու Ֆելիքսը, Գոնսալու Ռամուշը, Ժոաու Նևեշը և շատ ուրիշներ։ Աշխարհի առաջատար ֆուտբոլային ակադեմիաներից մեկը համարվող Benfica Campus-ը երեք անգամ արժանացել է Global Soccer Awards մրցանակին, և CIES Football Observatory-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային ֆուտբոլում տաղանդների զարգացման ամենահաջող և առավել արդյունավետ համակարգերից մեկը։ Բացի բարձրակարգ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ պատրաստելը, Բենֆիկայի պատանեկան համակարգը գրանցել է նաև նշանակալի մարզական հաջողություններ՝ հաղթելով ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգայում (UEFA Youth League) և Մինչև 20 տարեկանների Միջմայրցամաքային գավաթում (U20 Intercontinental Cup)։
Այսօր Բենֆիկայի մեթոդաբանությունը վաղուց արդեն դուրս է եկել Պորտուգալիայի սահմաններից՝ տարածվելով միջազգային ակադեմիաների, տեխնիկական համագործակցությունների և ֆուտբոլի զարգացման ծրագրերի շարունակաբար ընդլայնվող ցանցի միջոցով։ Այդ նախաձեռնությունների շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում հազարավոր երիտասարդ ֆուտբոլիստներ և մարզիչներ հնարավորություն են ստանում զարգանալ՝ առաջնորդվելով Բենֆիկայի մեթոդաբանությամբ։