Ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ում Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ ունի| Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն․ Սեյրան Խուդանյանը 5-րդն է| Հայաստանի Գավաթ․ Փյունիկը հաղթեց Գանձասարին՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն ու ռեկորդակիր (տեսանյութ)| Հայաստանի Գավաթ․ Փյունիկ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Առաջին խմբի ներկայացուցիչը հաղթահարեց ԲԿՄԱ-ի արգելքը՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր|
Երևանյան Էլ-Կլասիկո, իսկ առաջատարը կմեկնի Գյումրի․ ՀՊԼ 24-րդ տուրին ընդառաջ
26 Մարտ 2025 |  742

Երևանյան Էլ-Կլասիկո, իսկ առաջատարը կմեկնի Գյումրի․ ՀՊԼ 24-րդ տուրին ընդառաջ

Վաղը կմեկնարկի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը։ Միջազգային խաղերով պայամանավորված դադարից հետո կրկին ականատես կլինենք ակումբային ֆուտբոլի վառ դիմակայությունների։

«Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» (28․03․25/19։00)

«Արարատ-Արմենիայի» ու «Փյունիկի» դիմակայությունը վերջին տարիներին ամենասպասվածներից են Հայաստանի առաջնությունում: Անխոս, սա տուրի կենտրոնական հանդիպումն է։ Դիմակայությունն առանձնանում է ոչ միայն իր սկզբունքայնությամբ, այլև մրցաշարային աղյուսակում բարենպաստ դիրք զբաղեցնելու, հետապնդողներից «պոկվելու» ու առաջատարներին մոտենալու համար մղվող պայքարով։ 2 թիմերն էլ անցկացրել են հավասար քանակությամբ հանդիպումներ, բայց Հայաստանի գործող չեմպիոնը մեկ միավորով գերազանցում է «Արարատ-Արմենիային»։

Ձմեռային դադարից հետո այս թիմերն արդեն հասցրել են հանդիպել։ 21-րդ տուրի խաղում հաջողությունն ուղեկցել է «Արարատ-Արմենիային» (2։1)։ Նրանք ունեին հնարավորություն առճակատվելու նաև Սուպերգավաթային դիմակայությունում, բայց դրան դեմ էին եղանակային պայմանները։

Վարդան Մինասյանի սաները բարձր տրամադրությամբ կմոտենան հանդիպմանը։ Առաջնության վերսկսումից հետո նրանք պարտվել են մեկ անգամ՝ «Ուրարտուին» (1։2), որից կարողացան «վրեժ լուծել» գավաթի խաղարկությունում։ Մյուս խաղերում «Արարատ-Արմենիան» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Ալաշկերտի» դարպասը ու ոչ-ոքի ավարտել «Վանի» դեմ տնային հանդիպումը։

Հայաստանի գործող չեմպիոնը, չնայած առկա խնդիրներին, նույնպես լավ մարզավիճակով կմոտենա խաղին։ Չնայած  «Ուրարտուից» կրած 0:3 հաշվով պարտության, Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կարողացավ6։1 հաշվով հաղթել «Շիրակին», այնուհետև  7։2 հաշվով հաշվով առավելության հասնել «Լեռնային Արցախի» նկատմամբ՝ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում։ 

Ի դեպ, «Փյունիկցիների» նոր ձեռքբերումը, որի մասին ակումբը հայտարարեց երեկ, Միմիտոն Բիային է։ Նա կկարողանա օգնել թիմին արդեն առաջիկա խաղում ու ունի ՀՊԼ-ում հանդես գալու փորձ՝ ժամանակին պաշտպանել է «Ալաշկերտի» գույները։

«Ալաշկերտ»-«Վան» (29․03․25/14։00)

Երևանյան դերբիի արդյունքը անչափ կարևոր է նաև «Վանի» համար։ Մարզային թիմի տեսանելի աճը արտացոլվում է մրցաշարային աղյուսակում։ Չարենցավանը ներակայացնող ակումբը 8 միավոր զիջում է «Արարատ-Արմենիային», 9-ը՝ «Փյունիկին»։ Ստացվում է, որ այս տուրում, Վահե Գևորգյանի սաները կարող են միավորների տարբերությունն էլ ավելի կրճատել, քանզի մրցակիցը մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում գտնվող «Ալաշկերտն» է, ընդ որում, «Վանը» մեկ խաղ էլ պակաս է անցկացրել երևանյան այս 2 թիմերից։ 

Վահե Գևորգյանն այս տուրում կմրցի իր նախկին թիմի դեմ։  «Վանի» համար յուրաքանչյուր հաղթանակ, առաջնության այս փուլում, ունի 6 միավորի արժեք։ Լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար չարենցավանյան ակումբը պետք է անի առավելագույնը, հաշվի առնելով նաև երևանյան «հսկաների» դեմ մրցակցությունը։

Առաջնության վերսկսումից հետո այս թիմերն հանդիպել են։ Ունենալով խաղային մեծ առավելություն, չարենցավանյան թիմը միայն մեկ միավոր վաստկեց   (1։1):   Ձմեռային դադարից հետո «Վանը» դեռ պարտություն չունի, իսկ «Ալաշկերտը» միակ միավորը վաստակել է հենց «Վանի» դեմ խաղում, որում էլ խփել է այս տարվա միակ գոլը։

Չարենցավանյան թիմն  իր  համար ստեղծվել է հնարավոր բոլոր նախադրյալները լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար։ Պետք չէ մոռանալ նաև, որ «Վանը» շարունակում է մրցելույթները Հայաստանի գավաթի խաղարկությունում։

«Շիրակ»-«Նոա» (29․03․25/19։00)

Առաջնության առաջատարը մեկնում է Գյումրի։ Որքան էլ գյումրեցիների համար բարդ ժամանակներ են, դա չի նշանակում, որ Հայաստանի հյուսիսում խաղալը հեշտ է։ Չմոռանանք, որ նախորդ մրցաշրջանի վերջնամասում հենց «Շիրակին» պարտվելու պատճառով «Նոայի» չեմպիոնության շանսերը կտրուկ նվազեցին:  

ԲԿՄԱ-ի դեմ կայացած խաղից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը դժգոհություն արտահայտեց թիմի լեգեոներներից՝ հատկապես ՀՊԼ-ի 2019/20 մրցաշրջանի լավագույն ռմբարկում Մորի Կոնեից ու նրա համերկրացուց՝ Սեդրիկ Դոյից։ Այդ խաղից հետո «Շիրակը» անցկացրել է 1 հանդիպում ու 1:6 հաշվով զիջել «Փյունիկին», իսկ Կոնեն ու Դոն մեկնարկային կազմում չէին։ Վերջինս խաղաժամանակ ստացավ 2-րդ կեսի հենց մեկնարկից, իսկ Կոնեն չմասնակցեց խաղին։

Ընդհանրապես, «Շիրակը» չի կարողանում հաղթել 4 խաղ անընդմեջ և դրանցում խփել է ընդամենը 1 գոլ, որի հեղինակն էլ պաշտպան Ռոբերտ Դարբինյանն էր։ Կարծես թե Նազարյանը չէր սխալվում, ասելով, որ ակումբը ձախողել է ձմեռային տրանսֆերային պատուհանը։

Ձմեռային դադարից հետո այս թիմերն արդեն հասցրել են առճակատվել։ «Նոան» 4 անպատասխան գնդակ է ուղարկել տնային գյումրեցիների դարպասը։ Ձմեռային դադարից հետո «Նոան» դեռ գոլ չի ընդունել սեփական դարպասը, իսկ մրցակիցներին տխրեցրել է 16 անգամ։ 

Հատկանշական է, որ «Նոայի» հարձակվող Գոնսալո Գրեգորիոն, որն այս պահին առաջնության լավագույն ռմբարկուն է, ավելի շատ գոլ է խփել (17), քան «Շիրակը» (15), «Ալաշկերտը» (13) ու «Գանձասարը» (7)։

«Արարատ»-«Գանձասար» (27․03․25/18։00)

Կարծես թե ձմեռային դադարից հետո այս թիմերի խաղում կան դրական փոփոխություններ։ Համենայնդեպս, «Գանձասարը» բավականին լավ հանդիպում անցկացրեց «Ուրարտուի» դեմ ու չնայած հաղթողի դերում էր, առանց միավորի մնաց միայն հանդիպման վերջին րոպեին՝ բաց թողած վերջին գրոհի ընթացքում։

«Արարատն» էլ իր հերթին վերջապես զգաց հաղթանակի բերկրանքը՝ առավելության հասնելով «Ալաշկերտի» նկատմամբ՝ ՀՊԼ-ի 22-րդ տուրում։ Մինչայդ, «Արարատը» չէր ճաշակել հաղթանակի համը 2024-ի սեպտեմբերի 15-ից ի վեր։ Այդ օրը նրանք առավելության հասան «Նոայի» նկատմամբ (2։1)․

Հաղթելու դեպքում «Արարատն» իրական շանս կունենա «Վեստ Արմենիային» շրջանցելու, ԲԿՄԱ-ին հավասարվելու ու «Շիրակին» մոտենալու։ 

Իր հերթին Կարեն Բարսեղյանի թիմի համար, գոնե հոգեբանական տեսանկյունից, մեծ նշանակություն ունի միավորներ վաստակելը։

Հատկանշական է, որ հենց «Գանձասարը» դուրս թողեց «Արարատին» գավաթի խաղարկությունում։ Հիշեցնենք, որ 21-րդ տուրի հանդիպումը կիսատ մնաց երկրպագուների իրականացրած ակցիայի պատճառով, իսկ 2-րդ տուրի խաղում «արարատցիները» 2 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

ԲԿՄԱ-«Վեստ Արմենիա» (27․03․25/16։00)

Տուրի մեկնարկային խաղում ԲԿՄԱ-ն կմրցի «Վեստ Արմենիայի» հետ։ Թիմերի վերջին դիմակայությունում Պատրիկ Պապյանի սաները հասան նվազագույն առավելության։ Այդ հանդիպումից հետո «Վեստը» 2 անընդմեջ հանդիպում անցկացրեց «Վանի» դեմ , 2 դեպքում էլ զիջեց (0:3, գավաթի խաղարկություն), (0:2, Պրեմիեր լիգա):

Բանակայինները ձմեռային դադարից հետո կարողացել են 2 միավոր վաստակել։ Ոչ-ոքի «Արարատի» ու «Շիրակի» դեմ խաղերում ու պարտություն «Վեստ Արմենիայից»։

Հատկանշական է, որ բոլոր 3 դեպքերում էլ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները ստացել են կարմիր քարտ ու հեռացվել խաղադաշտից։ 

Մրցաշարային աղյուսակի հարևաններից ավելի բարենպաստ դիրքերում է ԲԿՄԱ-ն։ Բանակայինները 1 հանդիպում քիչ են անցկացրել և 2 միավորի առավելություն ունի «Վեստ Արմենիայի» նկատմամբ, նաև զիջում է «Շիրակին» 3 միավոր։ ԲԿՄԱ-ի համար այս տուրում շիրակցիներին հավասարվելու համար կան լավ նախադրյալներ։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտ - Վան խաղը կկայանա Չարենցավանում
Հաջորդ հոդվածը
Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին՝ Ինտերի հետ պայմանագիրը երկարաձգելու լուրերի ֆոնին

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։