Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը շարունակում է մեդալներ նվաճել Բրատիսլավայում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Այսօր երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիրներ են դարձել Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ)։
Յուրիկ Մխիթարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է Իրանի ներկայացուցիչ Իլյա Ալիխանիի հետ և տպավորիչ հաղթանակ տարել՝ մրցակցին ժամանակից շուտ պարտության մատնելով տուշեով։
Մխիթարյանը Բրատիսլավայում ընթացող առաջնությունում պայքարը սկսել է Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Դամասկինի նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակով։ 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 11:6 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Ալիևի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Մխիթարյանը գերազանցել է Ռումինիայի ներկայացուցիչ Իոսիֆ Զլոտարին՝ հաղթելով 10:0 հաշվով և դուրս գալով կիսաեզրափակիչ։ Եզրափակչի ուղեգրի համար պայքարում, սակայն, նա 1:8 հաշվով զիջել է Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մարկովսկիին և պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար։
Մխիթարյանի համար սա արդեն երկրորդ մեդալն է Մ20 տարեկանների աշխարհի առաջնություններում։ 2025 թվականին հայ ըմբիշը նվաճել էր փոխչեմպիոնի տիտղոսը։
Մինչև 97 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Տեր-Մաթևոսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է Վրաստանը ներկայացնող Արման Մկրտչյանի հետ։ Գոտեմարտն անցել է համառ և հավասար պայքարում ու ավարտվել 3:3 հաշվով։ Հավասար հաշվի պայմաններում հաղթանակը շնորհվել է Տեր-Մաթևոսյանին՝ վերջին միավորը վաստակելու շնորհիվ։
Էրիկ Տեր-Մաթևոսյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ Մեքսիկայի ներկայացուցիչ Դորիան Տրեխոյի չներկայանալու պատճառով նրան հաղթանակ է շնորհվել։ 1/8 եզրափակչում Տեր-Մաթևոսյանը 7:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի Ռադոստին Վասիլևի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 4:0 հաշվով հաղթել է Ղազախստանը ներկայացնող Մաքսիմ Ուկրաինցևին։ Կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 0:8 հաշվով զիջել է ուկրաինացի Եգոր Յակուշենկոյին և պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար։
Տեր-Մաթևոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Մ20 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտել է նաև 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը, որը, սակայն, համառ պայքարում զիջել է Ուզբեկստանի ներկայացուցչին (7:7):