Մեր հասցեին մեղադրանքներն էժանագին մանիպուլյացիա են. Նոա-Վան խաղից հետո կրքերը չեն հանդարտվում
Չարենցավանը ներկայացնող «Վան» ֆուտբոլային ակումբը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Նոայի» հետ երեկ կայացած խաղից հետո:
««Վան ՖԱ»-ն կոչ է անում զերծ մնալ ամպագոռգոռ հայտարարություններից և չփորձել ակումբին ներքաշել տարատեսակ ոչ ֆուտբոլային ինտրիգների մեջ: Մենք նույնպես լիահույս ենք ,որ այն ինչ տեղի ունեցավ երեկ՝ խաղի ժամանակ, չի վրիպել հանդիպման պատվիրակի և տեսուչի տեսադաշտից, անկախ նրանից, թե ոմանց անպարկեշտ բառամթերքը ինչ լեզվով էր:
Գլխավոր մարզիչ պարոն Գևորգյանի հետխաղային ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունը կարելի է ընդունել անկյունաքարային՝ «Պայքարը լինելու է թեժ, խաղադաշտի սահմաններում», մնացյալ բոլոր մեղադրանքները մեր հասցեին ոչ այլ ինչ են, քան էժանագին մանիպուլյացիա: «Վան ՖԱ»-ն հորդորում է արտահայտություններում լինել կոռեկտ, մնալ ֆուտբոլի արդար խաղի, մարդկային և պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններում:
Կհանդիպենք ապրիլի 30-ին, թեժ է լինելու»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Վահե Գևորգյանը երեկվա խաղից հետո ասել՝ «Թեժ հանդիպում եմ խոստանում Նոային՝ ի դեմս իրենց գլխավոր մարզչի ու մարզչական շտաբի։ Թեժ, շատ թեժ՝ ֆուտբոլային դաշտում, ոչ թե լկտի պահվածքով՝ իրանց նման»։
Մարզչի հայտարարություններին արձագանքել է նաև «Նոան»:
«Վան» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը դրսևորել է ոչ սպորտային վարքագիծ՝ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ, իսկ մամուլի ասուլիսի ժամանակ թույլ տվել «լկտի պահվածք» արտահայտությունը։ Կարծում ենք, որ պայքարը պետք է լինի խաղադաշտում»,- ասվում է «Նոայի» հայտարարության մեջ՝ հորդորելով հապշտապ ենթադրություններից առաջ համոզվել, որ օտարազգի գործընկերներին ճիշտ են հասկացել:
Հիշեցնենք՝ գավաթային խաղում «Նոան» 2:0 հաշվով հաղթել է 10 հոգով մնացած «Վանին»: Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին։