1:9 հաշիվը չի արտացոլում հայկական ֆուտբոլի իրական մակարդակը. Իվու
«Ռուբինի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն RB Sport-ի հետ զրույցում գնահատել է Հայաստանի հավաքականի՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունները:
– Ռուսական ակումբներն ու հավաքականները դեռ չեն մասնակցում միջազգային մրցաշարերին, ի տարբերություն հայկական թիմերի։ Ե՞րբ կտեսնենք Հայաստանի հավաքականին աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում։
– Ես շատ եմ հուսով ու հավատում, որ մի օր հայ ֆուտբոլիստները կմասնակցեն աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը։
– 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը խաղալու է Հունգարիայի, Իռլանդիայի և Պորտուգալիայի ազգային թիմերի դեմ։ Ի՞նչ շանսեր կան, որ մեկ տարի անց հայ ֆուտբոլիստները կմասնակցեն Մունդիալին Ամերիկայում։
– Կարող եմ ասել, որ հայերը պայքարելու են։ Այո, դժվար է լինելու դուրս գալ եզրափակիչ փուլ, բայց սա ֆուտբոլ է՝ ամենաանկանխատեսելի սպորտաձևը։ Չէ՞ որ մենք տեսանք, թե ինչպես Վրաստանը որակավորվեց Եվրոպայի առաջնությանը։
– Եվ այնտեղ հասավ մինչև 1/8 եզրափակիչ։
– Հենց այդպես։ Դրա համար ես կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը կարող է դուրս գալ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ։ Ես ոչ մի անհնար բան չեմ տեսնում այն մտքի մեջ, որ հայ ֆուտբոլիստները կմասնակցեն աշխարհի առաջնությանը մեկ տարի անց։
– Վրաստանի մասին խոսելով՝ ինչպե՞ս արձագանքեցին Հայաստանում Թբիլիսիում կրած պարտությանը։
– Ինձ համար շատ դժվար է խոսել Վրաստանից կրած խոշոր պարտության մասին։ Բայց չպետք է մոռանանք, որ Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի, որը դեռ բավարար քանակով մարզումներ չի անցկացրել՝ անմիջապես լավ արդյունքներ ցույց տալու համար։ Բացի այդ, շատ հայ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեին և բաց թողեցին Վրաստանի հետ հանդիպումները։
– Բայց հնարավո՞ր է արդար գնահատական տալ հայկական ֆուտբոլին՝ այդքան խոշոր հաշվով պարտությունից հետո։
– Վրաստանի հավաքականից կրած ընդհանուր 1:9 հաշվի պարտությունը չի արտացոլում հայկական ֆուտբոլի իրական մակարդակը։ Եկեք, օրինակ, հիշենք՝ ինչպես Բրազիլիան 1:7 պարտվեց Գերմանիային աշխարհի առաջնությունում։ Ֆուտբոլում նման բաներ երբեմն լինում են։
– Ի՞նչ խոսակցություն եղավ խաղից հետո հանդերձարանում։
– Իհարկե, Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները շատ ընկճված և տխուր էին խաղից հետո հանդերձարանում։ Ֆուտբոլիստների և գլխավոր մարզչի միջև կարևոր զրույց տեղի ունեցավ։ Եվ հավատացեք ինձ, հայ ֆուտբոլիստները վճռական են վերականգնվել Վրաստանից կրած պարտությունից հետո։
– Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի հետ աշխատանքից։
– Ես պարզապես ֆուտբոլիստ եմ, որը պետք է մարզվի և խաղա։ Երևի ինձ չէ, որ պետք է գնահատել գլխավոր մարզչի աշխատանքը։ Բայց ամեն դեպքում բոլորը գիտեն, որ Ջոն վան’տ Սխիպը մեծ պրոֆեսիոնալ է, որը գլխավորել է «Այաքսը» և մարզել է եվրոպական թիմեր։ Ես հավատում եմ, որ նա մեծ օգուտ կբերի ամբողջ հայկական ֆուտբոլին։