Փյունիկի կիսապաշտպանը վնասվածքից հետո վերադարձել է խաղադաշտ
«Փյունիկի» բրազիլացի կիսապաշտպան Վագներ Գոնսալվեշն ապաքինվել է ծանր վնասվածքից և տևական ժամանակ անց կրկին վերադարձել է խաղադաշտ։ Այս առիթով 28-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով։
«Վերադարձը միշտ էլ յուրահատուկ է. այնքան մեծ ուրախություն ես ապրում, որ նույնիսկ դժվար է այն նկարագրել բառերով։ Պարզապես ուզում ես լինել բոլորի հետ և կրկին վայելել այդ պահը։
Խոստովանում եմ, որ շատ եմ կարոտել բոլորին՝ մարզումները, խաղացողներին, մարզչական շտաբը, երկրպագուներին, իրականում՝ ամեն ինչ…
Նոր մրցաշրջանում կանեմ ամեն ինչ թիմին օգնելու համար՝ տալով առավելագույնը։ Հույս ունեմ, որ կկարողանամ արդյունավետ լինել»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Վագներ Գոնսալվեշը «Փյունիկի» կազմում վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել 2024 թ. մայիսի 25-ին, Գյումրիի «Շիրակի» դեմ չեմպիոնական խաղում։
Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Փյունիկը» 37 միավորով 3-րդն է ու 3 միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած, առաջատար «Նոային»։
Փետրվարի 20-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Հայաստանի սուպերգավաթի համար խաղում կմրցի «Արարատ-Արմենիայի» հետ, իսկ փետրվարի 25-ին կանցկացնի տարվա առաջին խաղը առաջնությունում՝ հյուրընկալվելով «Ալաշկերտին»։