Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով| ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին|
Կարեն Նալբանդյան և այլք․ Ովքե՞ր պետք է հրավիրվեն ազգային հավաքական
24 Մայիս 2025 |  794

Կարեն Նալբանդյան և այլք․ Ովքե՞ր պետք է հրավիրվեն ազգային հավաքական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին ու 9-ին կանցկացնի 2 ընկերական հանդիպում։ Այս անգամ մրցակիցներն են Կոսովոյի ու Մոնտենեգրոյի հավաքականները։ Եթե Մոնտենեգրոյի ընտրանու դեմ անցկացրել ենք 3 հանդիպում ու տոնել 2 հաղթանակ, ապա առաջին հայացքից մեզ ոչնչով չգերազանցող Կոսովոյի հավաքականի հետ անցկացրած 2 հանդիպումներում հաղթանակ չենք տոնել։ 1 պարտություն ու 1 ոչ-ոքի։

Վրաստանի հավաքականից կրած ծանր պարտության «արդարացումներից» մեկն այն էր, որ մարզիչը ժամանակ չի ունեցել թիմի հետ աշխատելու։ Հիմա այդ ժամանակն է։

Նույն ժամանակահատվածում ընկերական հանդիպումներ կանցկացնի նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը։ Մ21-ի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական հրավիրել է 39 ֆուտբոլիստի, որոնցից 30-ը ներքին առաջնությունից, իսկ նրանցից 20-ը՝ ԲԿՄԱ-ից։ Արդյո՞ք Վան՛տ Սխիպն էլ նման մեծաքանակ ֆուտբոլիստների կդիտարկի՞ ու կապահովի ներքին առաջնությունում լավ հանդես եկող հայ ֆուտբոլիստների ներկայությունը հավաքին։ 62-ամյա մասնագետը նշել է, որ առաջնությունում հանդես եկող ու լավ խաղ ցուցադրող բոլոր ֆուտբոլիստներն իր ուշադրության կենտրոնում են:

Եթե այդ տղաներին շանս տալու ժամանակը հիմա չէ՞, ապա ե՞րբ է։ Առջևում Աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումներն են։ Ցավալի կլինի զիջել Պորտուգալիային, Իռլանդիային կամ Հունգարիային, ապա պատճառ բերել նրանց զարգացման ուղղությունների այլ լինելը, բարձր կարգը և այլն։

Միաժամանակ Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող հայ լավ ֆուտբոլիստներ կան ու նրանք քիչ չեն։ Նրանցից մի քանիս պետք է շանս ստանան այս հավաքի մասնակցելու։ 

Նախորդ հավաքին հավաքական հրավիրած 25 ֆուտբոլիստներից 14-ին էր ընտրել ներքին առաջնությունից։ Սպասելիքներ կան, որ այս հավաքին նրանց թիվն ավելի է լինելու։  

Կարեն Նալբանդյան

Չարենցավանի «Վանի« առաջատար Կարեն Նալբանդյանն ընթացիկ առաջնությունում խփել է 7 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում ու գոլ+գոլային ցուցանիշով ՀՊԼ-ում առաջատար հայ ֆուտբոլիստն է։ Վիճակագրության սիրահարների համար, նշենք, որ հայերի շրջանում խփած գոլերի քանակով Նալբանդյանը զիջում է մաքուր հարձակվող Արայիկ Էլոյանին ու վինգեր/հարձակվող Կարեն Մելքոնյանին, իսկ ասիստների թվով առաջատարի դիրքը կիսում է Գոռ Մանվելյանի հետ։

Վահե Գևորգյանի կառուցած թիմում Նալբանդյանի դերակատարումը շատ մեծ է՝ ստանձնելով իսկական առաջատարի դերը։ Նա կարևոր օղակ է դարձել գրոհներ կառուցելիս, դրանք եզրափակելիս, ինչպես նաև ինտենսիվորեն գործում է պաշտպանությունում։ Իսկ նրա ֆենոմենալ գոլերը տուգանայիններից, մեկ անգամ չէ, որ ուրախություն են պարգևել չարենցավանյան թիմի երկրպագուներին։

Возможно, это изображение 4 человека, люди играют в футбол, люди играют в футбол и текст

Նալբանդյանը մասնակցել է առաջնության 25 հանդիպումների, բոլոր դեպքերում մեկնարկային կազմում ու խաղացել 90 րոպե։ Արդյունավետ գործողություններով աչքի է ընկնել նաև առաջատարների դեմ խաղերում։ Ներքին առաջնությունում հանդես եկողներից հավաքական հրավիրվելու իրավունք վաստակածների շարքի առաջատարը հենց Նալբանդյան է։ Ակներև է կիսապաշտպանի խաղային ու ֆիզիկական աճը։ Ընդ որում, Նալբանդյանն անցել է տարբեր տարիքային հավաքականներով՝ Մ17, Մ19, Մ21 ու հիմա ժամանակն է նրա նվիրումը տեսնել նաև Ազգային ընտրանու գույները պաշտպանելիս։  

Կարեն Մելքոնյան

Մելքոնյանը ներքին առաջնությունում խփած գոլերի թվով հայ ֆուտբոլիստներից առաջատարի դիրքերում է։ Զիջում է միայն Մ21 հրավիրված Արայիկ Էլոյանի հետ, որն իր ակտիվում ունի 10 գոլ․ Վերջինս մարտին իր թիմակցի՝ երիտասարդ պաշտպան Միսակ Հակոբյանի հետ հրավիրվել էր ազգային հավաքական։ Մելքոնյանն արդեն մեկ անգամ շանս ստացել է ազգային ընտրանու կազմում հայտնվելու ու հանդիպման մասնակցելու (Խորվաթիայի դեմ՝ 2021-ին)․ Ինչո՞ւ հիմա կրկին չընձեռել հայ ֆուտբոլիստին այդ հնարավորությունը։ 26-ամյա վինգերը լավ թափ է հավաքել՝ վերջին 3 խաղում խփել է 5 գոլ։ Դիրք ընտրելիս գործում է գրագետ, լավ է ազատվում մրցակիցներից։ Խաղակցվածության արդյունքում էլ երևում է, որ լավ հասկանում է թիմակիցներին, հրաշալի արձագանքելով նրանց փոխանցումներին։ Լավ մարզավիճակ հավաքած Մելքոնյանը հրավիրվել ու գոլերի հեղինակներ է դարձել նաև Մ17, Մ19, Մ21 հավաքականներում։ Եթե մարտին Հայաստանում անցկացրած շատ կարճ ժամանակում մարզիչներին գերել էր Նիկոլաս Կալուկյանը, ապա ինչո՞վ է Մելքոնյանը վատը Կալուկյանից։ Ուրարտուի ֆուտբոլիստն առաջնությունում, հայերի շրջանում, ամենահաճախ գոլ խփող խաղացողն է։

Karen Melkonyan - Wikipedia

Մոտ ապագայում կարելի է սպասելիքներ ունենալ ու շանս ընձեռել նաև հատվածաբար լավ խաղեր անցկացնող Գևորգ Տարախչյանին, Սարգիս Մեթոյանին («Ալաշկերտ»), Ռաֆիկ Միսակյանին («Շիրակ»), Էրիկ Փիլոյանին, Նարեկ Աղասարյանին («Ուրարտու»)։

Տարախչյանն «Ուրարտուից» տեղափոխվելուց հետո լավ հանդիպումներ անցկացրեց «Ալաշկերտի» կազմում։ Կիսապաշտպանը միշտ ակտիվություն ու սրություն էր ապահովում այն եզրում, որտեղ խաղում էր։ Նա հավաքականում խաղալու շանս արդեն ստացել է։ Անկում գրանցեց վերջին շրջանում, բայց վերջին փոխանցումները ճիշտը կատարելու ու հարվածների վրա աշխատելու դեպքում կարող է դառնալ հավաքականի լիիրավ թեկնածու։ Սարգիս Մեթոյանն էլ վատ մրցաշրջան չի անցկացնում։ 7 խփած գոլ ունի իր ակտիվում և այդ թիվը կարող էր ավելին լիներ, եթե թիմակիցներն էլ ավելի շատ ցանկություն դնեին հաղթանակի հասնելու գործում։ «Վեստ Արմենիայում» անցկացրած նրա շրջանը չի կարելի լավը համարել, բայց Մեթոյանը լավ մարզավիճակում է «ցայտնոտի» մեջ գտնվող «Ալաշկերտում»։ Հենց Տարախչյանն ու Մեթոյանն են երևանյան ակումբի լուսավոր կետերը։

Հատվածաբար լավ մրցաշրջան է անցկացնում նաև «Շիրակցի» Ռաֆիկ Միսակյանը։ Բարձրահասակ կիսապաշտպանը գոլ+փոխանցում արդյունքով իր ակտիվում ունի 8 միավոր։ Հենակետայինի համար օժտված է լավ որակներով, գիտի հեռվից հարվածել, լավ է խանգարում մրցակիցներին ու նվազեցրել է սխալ փոխանցումների քանակը։ Գալիք մրցաշրջանում ինտենիսվությունը պահելու դեպքում, Միսակյանին ևս կարելի է դիտարկել հավաքականի թեկնածուների շարքում, չմոռանալով, որ նա անցել է բոլոր տարիքային հավաքականներով։ 

Հավաքականում արդեն նորամուտը նշած Էրիլ Փիլոյանն էլ հեռանկարային է։ Խաղաժամանակ ստանում է, արդարացնում է իրեն ու «Ուրարտուի» կարևորագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Աղասարյանն էլ իր հերթին կայուն խաղեր անցկացրեց ու մեկ խաղում միջինում խաղադաշտում անցկացնում է 73 րոպե։

Ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ։

Շրջանառվող լուրերի համաձայն Տիգրան Բարսեղյանն ու Օգնյեն Չանչարևիչն առողջական խնդիրների հետ կապված (վերականգնվելու ու հին վնասվածքներից ազատվելու համար) չեն միանա հավաքականին։

Գավաթային եզրափակիչը չհաշված, լավ մրցաշրջան է անցկացրել «Արարատ-Արմենիայի» հիմնական դարպասապահ դարձած Հենրի Ավագյանը։ Վերջինս, արդեն երկար տարիներ հրավիրվում է հավաքական, բայց խաղալու հնարավորություն չի ստանում (չհաշված Լիխտեյնշտայնի դեմ 2018-ին կայացած հանդիպումը՝ 2։2)։ Ավագյանը գրեթե 7 տարի սպասում է իր շանսին։ Արսեն Բեգլարյան, Ստանիսլավ Բուչնև․ այս անունները նույնպես սպասելի են ազգային թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցանկում։  

Պաշտպանությունում թիմի ավագ Վարազդատ Հարոյանի, հնաբնակներ Կամո Հովհաննիսյանի, Հովհաննես Համբարձումյանի, երիտասարդ Սերգեյ Մուրադյանի հետ, ամենայն հավանականությամբ, կտեսնենք Նաիր Տիկնիզյանին, Ստյոպա Մկրտչյանին, Գեորգի Հարությունյանին։ Այստեղ առանց լուրջ փոփոխությունների։ բայց հավաքականին նվիրված Էդգար Գրիգորյանն էլ կարող է խաղալ պաշտպանության ձախ եզրում։ Նա հավաքականում լավ հանդիպումներ անցկացրել է։

Տիկնիզյանն իր հայտարարություններից հետո ապացուցելու շատ բան ունի, Ստյոպան ու Հարությունյանն էլ մշտապես խաղում են իրենց թիմերում ու մարզավիճակի խնդիր չունեն։ 

Եթե Իվուն չկարողանա միանալ հավաքականին, ապա հենակետայինի դիրքում հնարավորություններ կարող է բացվել հավաքականի նորեկ Տիգրան Ավանեսյանի ու «Արարատ-Արմենիայում» լավ մրցաշրջան անցկացնող Հովհաննես Հարությունյանի համար։ Վերջինս, ինչպես Կրասնոդարի առաջատար Սպերցյանը, մարտի հավաքին չէին միացել վնասվածքի պատճառով։ Այստեղ նոր անուն կլինի նաև Թոմաս Ադորյանը։ Եթե Սելարայանի ընտանեկան խնդիրները լուծված լինեն, Ադորյան + Սելարայան «արգենտինական քիմիան» կարող է շատ բան տալ մեր ընտրանուն։ Ամենայն հավանականությամբ այստեղ կտեսնենք նաև Գոռ Մանվելյանին, Արտակ Դաշյանին, Սոլոմոն Իմե Ուդոյին։ 

Возможно, это изображение 3 человека, люди играют в футбол, люди играют в футбол, толпа и текст «+0 UEFA 23 l 13»

Հարձակման միտված ֆուտբոլիստներից արժանիորեն Նարեկ Գրիգորյանը լավ մրցաշրջան անցկացրեց «Ֆարուլում»։ Բիչախչյանը պետք է հրավիրվի, չնայած բացակայում է «Լեգիայի» հայտացուցակից արդեն 2 խաղ է։ Էդգար Սևիկյանն էլ, գրեթե խաղաժամանակ չի ստանում «Լոկոմոտիվում», բայց կարող է օգնել ընտրանուն։ «Շերիֆին» լավ ինտեգրված Արթուր Սերոբյանն ու գարնանային հատվածը փայլուն անցկացնող Ժիրայր Շաղոյանն, ամենայն հավանականությամբ, կլինեն ցուցակում։

Որպես այդպիսին մաքուր հարձակվողներ կարելի է դիտարկել միայն Արթուր Միրանյանին ու Հրանտ Լեոն-Ռանոսին, եթե վերջինս, հայտնի միջադեպից հետո, որոշի միանալ ընտրանուն, շատ հարցերի պատասխաններ կարելի է ստանալ։ Միրանյանն էլ, լավ էր սկսել մրցաշրջանն «Ունիվերսիտատյա Կլուժում», բայց այժմ մարզիչը նրան այդքան էլ չի վստահում։ Չնայած, մարտի հավաքին առաջին անգամ ազգային թիմ հրավիրված Կալուկյանի երազանքն իրականացավ, այս անգամ նրան լավագույնների շարքերում, դժվար թե տեսնենք։

Արտերկրում հանդես եկողներից արդեն հայտնի են 2 նորեկի անուն՝ Թոմաս Ադորյան և Տիգրան Ավանեսյան։ Եթե վերջինս մեկ անգամ մերժել էր հավաքականի առաջարկը և նրան հայ իրականությունում քիչ թե շատ ճանաչում էին, ապա Ադորյանի մասին լսել էին շատ քչերը։ Արգետնիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստը 11 խաղում 1 անգամ է տխրեցրել մրցակիցներին: Ավանեսյանն ընդհանրապես աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ 

Սպասելիքները «սփյուռքից» մեծ են, երբեմն՝ չափից դուրս, բայց սպասելիքները ոչ միշտ են արդարանում։ Այո, այդ ֆուտբոլիստները կարող են երբեմն նույնիսկ վճռել խաղերի ելքերը, լավ հանդիպումներ անցկացնել, հետո տարբեր պատճառներ բերել ու չգալ հավաքական, հետո վերադառնալ, լճանալ, ապա մեկ լավ հանդիպում անկացնել՝ հերոսանալ, հետո կրկին չփայլել ու այդպես շարունակ։ Նրանց 1-2 խաղով հերոսացնել կամ քավության նոխազ դարձնելն այնքա էլ խելամիտ չէ, ինչպես այս ճանապարհով ազգային ընտրանուց երկարաժամկետ արդյունքներ սպասելը։ Այո, արժանիներ ու նվիրյալներ կան ու նրանք պետք են հավաքականին, գոնե այս շրջանում՝ օդ ու ջրի պես։ Բայց Օզիլի հայտնի օրինակով, պետք չէ պարտություններից հետո նրանց դարձնել արգենտինացի, ռուս կամ նիգերիացի, իսկ հաղթանակներից հետո՝ մեծատառով հայ։

Փնտրտուքների արդյունքում հաստատ կարելի է գտնել Հայաստանում չծնված, քիչ թե շատ ֆուտբոլային համարվող երկրների դպրոցն անցած 11 ֆուտբոլիստի, նրանց մեկնարկային կազմում ընդգրկել, բայց արդյո՞ք նրանք այդ պարագայում կդառնան թիմ ու կապահովեն արդյունք։ Այս տարբերակը տևական ժամանակ կիրառելու դեպքում կկորի նույնիսկ լեգեոներների լիմիտի իմաստը՝ էլ չենք խոսում մրցակցային դառնալու հայ ֆուտբոլիստների ձգտումների մասին։ 

Մեզ մնում է գալիք խաղերում հաղթանակ մաղթել Հայաստանի հավաքականին։ Հուսանք, հերթական անգամ ականտես չենք լինի հիասթափության ու, եթե ոչ արդյունքի, ապա գոնե խաղային առումով աճը նկատելի կլինի։

Դերենիկ Խաչատրյան

Նախորդ հոդվածը
Կրասնոդարը պատմական նվաճման շեմին է․ Այսօր կորոշվի ՌՊԼ-ի չեմպիոնը
Հաջորդ հոդվածը
Արթուր Սերոբյանն այսօր կարող է 1-ին տիտղոսը նվաճել Շերիֆում

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։