Վան՛տ Սխիպը՝ Ուրարտուից ֆուտբոլիստ չհրավիրելու ու ՀՊԼ-ի ցածր ինտենսիվության մասին
Վաղը կայանալիք Կոսովո-Հայաստան հանդիպումից առաջ տեղի է ունեցել հավաքականի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանի ու թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի նախաղային մամուլի ասուլիսը։ Նիդերլանդացի մասնագետը խոսել է «Ուրարտուից» ոչ մի ֆուտբոլիստ չհրավիրելու, առաջիկա խաղերից սպասելիքների ու Հայաստանի Պրեմիեր լիգայի խնդիրների մասին
«Ուրարտուից» ֆուտբոլիստներ չհրավիրելու մասին՝
«Կարծում եմ, եթե նրանք համապատասխանեին այս խաղերից մեր սպասելիքներին՝ կլինեին ցուցակում։ Մենք ուրախ ենք այն ֆուտբոլիստներով, որոնք հրավիրվել են այս հավաքին։ Հավաքի ընթացքում լավ էներգիա եմ ստացել, բավականին լավ հավաք ենք անցկացրել ու լավ նախապատրաստություն անցել։ Ուրախ եմ, որ կան ֆուտբոլիստներ, որոնք ևս թակում են հավաքականի դռները»։
Սպասվող հանդիպումների մասին՝
«Երբ ես նոր էի ստանձնում հավաքականի ղեկը, մեր պայմանավորվածությունն այնպիսին էր, որ Վրաստանի դեմ 2 խաղերը, ինչպես նաև Կոսովոյի ու Մոնտենեգրոյի դեմ ընկերական խաղերը նախապատրաստական փուլ պետք է հանդիսանան Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ հանդիպումներին և կարող եմ ասել, որ հենց այդ կտրվածքով էլ մոտենում ենք այս խաղերին։ Փորձելու ենք խաղերի ընթացքում խաղալ այն ֆուտբոլը, որը մենք ենք ուզում։ Կփորձենք բարելավել նաև թիմի պաշտպանական կառուցվածքը, քանի որ ինչպես գիտեք մարտին մեր պաշտպանությունն այդքան էլ լավ վիճակում չէր։ Հենց այս մոտեցմամբ ենք պատրաստվում Պորտուգալիայի դեմ խաղերին»։
ՀՊԼ-ում խնդիրների մասին՝
«Գլխավոր խնդիրը, որ ես տեսել եմ Հայաստանի առաջնությունում, դա այն է, որ խաղի ինտենսիվությունը շատ ցածր մակարդակի է ու ինչպես գիտեք հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը հենց Հայաստանի առաջնությունից են հրավիրվում հավաքական և ոչ միայն Պրեմիեր լիգայում, այլև երչիտասարդական մակարդակում ևս պետք է բարելավենք խաղի ինտենսիվությունը, որպեսզի կարողանանք հույս ունենալ հասնելու ավելի լավ արդյունքների։ Հայաստանի առաջնության հանդիպումների ընթացքում ֆուտբոլիստները շատ հաճախ են ընկնում գետնին և մրցավարներն ընդհատում են խաղը՝ կոտրելով խաղի ռիթմը։ Այդ մասին խոսել եմ նաև մրցավարական դեպարտամենտի ղեկավարի հետ՝ գավաթի եզրափակիչ հանդիպման ժամանակ և դրանից հետո տեսա 2-3 խաղ, որոնց ընթացքում մրցավարն ավելի շատ էր թույլատրում, որպեսզի պայքարեն, ավելի քիչ էր միջամտում խաղին։ Չէ որ նման իրավիճակում, երբ ֆուտբոլիստները սովորում են այսպիսի ցածր ինտենսիվությամբ խաղալուն և անընդհատ դադարներին, հետո գնալով եվրոպական խաղերին նրանց համար ավելի բարդ է լինում», - ասել է Սխիպը։
Ընթերցեք նաև նիդերլանդացի մասնագետի անդրադարձը Կարեն Նալբանդյանի հավաքական չհրավիրելու, Սպերցյանի, Տիկնիզյանի, Սելարայնի ու Գրիգորյանի մասին։
Ասուլիսն ամբողջությամբ՝
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին ու կմեկնարկի 21։00-ին։