Չենք թերագնահատում մրցակցին․ Ունենք խաղ և հաղթելու նպատակ․ Եղիշե Մելիքյան
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի «Փյունիկ»-«Տրե Ֆիորի» դիմակայության 1-ին խաղից առաջ տեղի է ունեցել երևանյան ակումբի դարպասապահ Հենրի Ավագյանի ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը։
Ասուլիսի ընթացքում Մելիքյանը նշել է․
«Մեր սելեկցիան ուշ ստացվեց, դրա համար չկարողացանք շատ բաներ հասցնել մեր հավաքի ժամանակ, բայց հիմա կաշխատենք ավելի կենտրոնացած, որ կարողանանք հասցնել ու դժվարություններ չզգանք պաշտոնական խաղերին։ Թիմը լավ թիմ է, շատ կարևոր է, որ բոլորիս մոտ կենտրոնացում եմ տեսնում, նպատակ եմ տեսնում։
Այն գարունը, որ մենք անցկացրել ենք, դա մեր վրա շատ ազդել է ու դա մեր մակարդակից ցածր էր դրա համար հիմա մենք աշխատում ենք այդ ամեն ինչը փոխել՝ և՛ կարծիքը, և՛ թվերը, և՛ ստատիստիկան, և՛ արդյունքները։ Ամեն ինչ ուզում ենք փոխել դեպի լավը։ Դրա վրա շատ ենք աշխատում։ Տրամադրում ենք հոգեբանորեն, որ պետք է ունենանք ավելի շատ աշխատանքներ։ Միակ մինուսը, որ տեսնում եմ, այն է, որ ուշ ենք հավաքվել։ Պատճառն այդ է, որ կարող ենք ինչ-որ խնդիրներ տեսնել, բայց ես լուրջ խնդիրներ չեմ տեսնում։
Բնականաբար, շատ ենք ուզում անցնել լիգայի փուլ։ Նպատակը դա է։ Ինչքանով կստացվի, դա արդեն հարցի մյուս կողմն է, բայց կասեմ, որ ունենք վստահություն, ունենք փորձ, ունենք հավատք։ Կփորձենք պահել մակարդակը, որն ունեցել ենք ու ցույց ենք տվել։ Այս տարի էլ թող Աստված տա ստացվի, դրա համար մենք ամեն ինչ անում ենք։
Հնարավոր է, որ մարդիկ այնպես մտածեն, որ մեր մրցակիցը մարտունակ չէ, բայց մենք պրոֆեսիոնալ ենք ու չի կարելի ոչ մի մրցակցի թերագնահատել։ Այս թիմի մասին գիտենք որոշ տեղեկություններ։ Գիտենք, թե քանի ֆուտբոլիստ է միացել և 1-ին փուլն է, որ թե՛ թույլ, թե՛ ուժեղ մրցակցի մոտ լինում է առավելագույն մոտիվացիա, իսկ այսօր մոտիվացիան ֆուտբոլում 1-ին տեղում է, դրա համար մենք էլ պետք է ունենանք այդ մոտիվացիան, որ կարողանանք հաջողության հասնել, իսկ թերագնահատելուց անպայման կպատժվենք։ Չեմ կարծում, որ այս թիմն այն թիմն է, որ պետք է թերագնահատել։ Մենակ նրա համար, որ մենք ունենք պաշտոնական խաղ Եվրոպայում մեզ շատ է կենտրոնացնում։ Դրա համար, չեմ թույլ տա, ոչ էլ ֆուտբոլիստների դրա մասին մտածեն։ Ունենք խաղ և նպատակ հաղթելու», - նշել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ «Տրե Ֆիորի»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին և կմեկնարկի 23։00-ին։
Հետևե՛ք մեզ՝ Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում։