Որևէ մեկից նեղացած չեմ․ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը հանդես կգա Բոսնիա և Հերցեգովինայի դրոշի ներքո
Հայ ծանրորդ, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր Անդրանիկ Կարապետյանը փոխել է մարզական քաղաքացիությունն ու այսուհետ հանդես կգա Բոսնիա և Հերցեգովինայի դրոշի ներքո։
Մարզական քաղաքացիությունը փոխելու պատճառների և նոր նպատակների մասին Sportmedia.am-ը զրուցել է Անդրանիկ Կարապետյանի հետ։
29-ամյա ծանրորդը դարձել է «Ժելեզնիչար» ակումբի անդամ և կազմում է ազգային ֆեդերացիայի մաս։ Նա արդեն մասնակցել է երկրի ներքին առաջնությանն ու հաղթող ճանաչվել 88 կգ քաշային կարգում։ Կարապետյանը նաև ընդգրկվել է Նորվեգիայում կայանալիք աշխարհի առաջնության՝ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նախնական հայտացուցակում։
Խոսելով մարզական քաղաքացիությունը փոխելու որոշման պատճառների մասին՝ Անդրանիկ Կարապետյանը նշում է․ «Որևէ մեկից նեղացած չեմ հեռանում, ու շարունակում եմ սիրել իմ երկիրը։ Պարզապես, արդեն այն տարիքում և մարզավիճակում չեմ, որ այստեղ կարողանամ լուրջ արդյունքներ գրանցել․ ունենք երիտասարդ և ուժեղ սերունդ, որոնք արժանիորեն փոխարինում են մեզ։ Նախորդ տարվա դեկտեմբերին Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությանը մեդալ չնվաճելուց հետո որոշեցի, որ ավարտում եմ, քանի որ դրանից առաջ էլ Եվրոպայի առաջնությանն էի անհաջող հանդես եկել, իսկ դա նշանակում էր, որ հունվարից այլևս պետական աջակցություն չէի ստանալու։ Բոսնիայից անակնկալ առաջարկ ստացա, հետաքրքրվեցի պայմաններից և որոշեցի փորձել ուժերս»։
Կարապետյանի խոսքով՝ Նորվեգիայում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվում է Հայաստանում, իսկ Բոսնիա և Հերցեգովինա մեկնելու է մրցումների մասնակցելու նպատակով։ Մինչ այդ էլ միջազգային մրցաշարեր են նախատեսված, որոնցից մեկը կանցկացվի օգոստոսին Գերմանիայում։
«Բոսնիայում ծանրամարտն այնքան էլ զարգացած չէ, կան մասնագետներ, մարզիկներ, որոնք, հիմնականում, սիրողական մակարդակում են մարզվում, այդ իսկ պատճառով բարձր արդյունքներ չեն գրանցել։ Սակայն հիմա ցանկանում են զարգացնել մարզաձևը, հրավիրել փորձառու մարզիկների, որոնք մեդալներ կբերեն իրենց երկրի համար և իրենց փորձով կնպաստեն մարզաձևի զարգացմանը։ Այնտեղ հնարավորություններն ավելի մեծ են թե՛ միջազգային մրցաշարերին մասնակցելու, թե՛ հաջողության դեպքում արժանապատիվ վարձատրության առումով՝ ինչպես երկամարտում, այնպես էլ առանձին վարժություններում»,- ասում է Անդրանիկ Կարապետյանն ու ընդգծում ՝ հեռահար նպատակներում նաև Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին մասնակցելն է, այդ իսկ պատճառով վարկանիշային մրցաշարերում արդեն հանդես կգա օլիմպիական՝ 94 կգ քաշային կարգում։
Անդրադառնալով ՀՀ դրոշի ներքո ունեցած մրցելույթներին՝ Կարապետյանը նշում է․ «Ճիշտ է, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել, եթե չլիներ Ռիոյի Օլիմպիական խաղերում ստացած վնասվածքս, բայց եթե հուսահատվեի, հաստատ դրանից հետո լուրջ արդյունքներ չէի գրանցի։ 2016 թվականից հետո շատ մրցումների եմ մասնակցել ու հաղթել, ապա նաև Փարիզի Օլիմպիական խաղերում եմ հանդես եկել։ Իմ անցած ճանապարհին նայելով՝ տեսնում եմ մի անհաղթելի և անկոտրում կամքի տեր մարզիկի, որն անընդհատ ուզում է պայքարել և ինչ-որ բան անել։ Իմ ուժերի և հնարավորությունների սահմանում փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի բարձր պահեմ իմ երկրի անունն ու կարողանամ ուրախացնել իմ ազգին։ Պարզապես 15 տարի պրոֆեսիոնալ մակարդակում հանդես գալուց և միջազգային մրցումներում մեդալներ նվաճելուց հետո հասկացա, որ պետք է ստիպված այլ աշխատանքով զբաղվեմ գումար աշխատելու նպատակով»։
Հարցին՝ ինչպե՞ս ընդունեցին հեռանալու իր որոշումը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում և, մասնավորապես, Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում, Կարապետյանը նշում է․ «Չէին ցանկանում, որ հեռանամ, բայց ճիշտ հասկացան ինձ։ Ես այն տարիքում եմ, որ լուրջ արդյունքների հասնելն արդեն դժվար է։ Իսկ մեր երիտասարդները, վստահ եմ, արժանիորեն կփոխարինեն մեզ»։
Կարապետյանը Հայաստանի դրոշի ներքո մասնակցել է 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի և 2024 թ․ Փարիզի Օլիմպիական խաղերին: 29-ամյա մարզիկը 2016 թվականին 77 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն:2023 թվականին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում Կարապետյանը դարձել է արծաթե մեդալակիր։
Նարե Հովհաննիսյան