Վարազդատ Լալայան. Երկու ամիս չէի մարզվում, չհասցրեցի լավ մարզավիճակ հավաքել
Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանն անդրադարձել է Չինաստանի Նինբո քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ դարձել էր բրոնզե մեդալակիր: 27-ամյա Լալայանը նախորդ երկու աշխարհի առաջնությունների չեմպիոնն է:
«Ի սկզբանե աշխարհի առաջնությունը լավ չդասավորվեց մեր թիմի համար, իսկ ինձ երևի թե չբավարարեց ժամանակը, որովհետև խնդիրների պատճառով երկու ամիս չէի մարզվում: Երևի չհասցրեցի լավ մարզավիճակ հավաքել ու վերականգնվել: Սակայն պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս, բայց չստացվեց: Պատրաստվում ենք առաջիկա մրցումներին, հուսով եմ՝ ավելի լավ կլինի:
Մրցակիցներիս բարձրացրած կիլոգրամներն ինձ համար սպասելի էր: Ես պատրաստ էի դրան ու պայքարելուն: Շնորհավորում եմ Իրաքի ու Իրանի ներկայացուցիչներին»,- նշել է գյումրեցի ծանրորդը:
Հիշեցնենք, որ գերծանր քաշային կարգում (+110 կգ) Վարազդատ Լալայանը երկամարտում գրանցել էր 457 կգ (210+247) արդյունք և 9 կգ զիջել աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած իրանցի Ալի Ռուբայավիին: Արծաթե մեդալակիր էր դարձել իրանցի Ալիրեզա Յուսեֆին, որի երկամարտի արդյունքն էր 458 կգ (195+263):