Ուրարտու․ Աշնանային անկայունություն, գարնանային հավակնություններ. ՀՊԼ վերսկսմանն ընդառաջ
Շուրջ 10 օրից կվերսկսվի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան։ Աշնանային թեժ հատվածից հետո սպասումները գալիք շրջանից մեծ են։ Մրցաշարային աղյուսակի վերնամասում թիմերի խիտ դասավորվածությունն ուշադրության է արժանի։ Ակներև է նաև մարզային 2 թիմերի՝ Չարենցավանի «Վանի» ու Գյումրիի «Շիրակի» աճը՝ նախորդ մրցաշրջանի համեմատ։ Ուրախացնող է նաև ԲԿՄԱ-ի հուսադրող խաղը։ «Վեստ Արմենիան» փորձում է ամեն խաղից քաղել առավելագույնը, Երևանի «Արարատն» ու «Ալաշկերտը» իրենց համար անսովոր դիրքերում են, իսկ Կապանի «Գանձասարը», մեղմ ասած, տխրեցնում է։
Sportmedia.am-ը մինչև առաջնության վերսկսումն առանձին-առանձին կանդրադառնա Fastex ՀՊԼ թիմերին՝ ամփոփ ներկայացնելով ընթացիկ մրցաշրջանում թիմերի ցույց տված արդյունքը, նախապատրաստական շրջանն ու հավակնությունները։
Թիմերին ներկայացնում ենք ըստ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքի։ «Նոայի» մասին ընթերցեք այստեղ։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
«Ուրարտու»․ Երևան
Աշնանային հատված
Չնայած աշնանային հատվածի վերջնամասում Դմիտրի Գունկոյի սաները զիջեցին «Վանին» ու «Շիրակին», բայց կարողացան 6 միավոր վաստակել «Գանձասարի» և «Ալաշկերտի» դեմ մրցավեճերում՝ 2 միավորով հետ մնալով առաջատար «Նոայից», որը 2 խաղ քիչ է անցկացրել։
«Ուրարտուն», թե՛ խփած, թե՛ բաց թողած գոլերի քանակով 3-րդն է ընթացիկ առաջնությունում։ Երևանյան ակումբի ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը խոցել են 35 անգամ (միջինում 1,94 գոլ), իսկ սեփական դարպասն ընդունել 16 գոլ (միջինում 0,88 գոլ)։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
Թիմն ընթացիկ մրցաշրջանում ամենամեծ հաշվով հաղթանակը տոնել է «Գանձասարի» դեմ խաղում՝ 4։0, պարտությունը կրել է «Վանի» դեմ խաղում՝ 1։3։
«Ուրարտուի» աշնանային հատվածի ելույթները կարելի է նմանեցնել Ռոբին Հուդի էֆեկտին։ Թիմը հաղթեց «Նոային», «Արարատ-Արմենիային», ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ առաջատարներին չպարտվելով գեթ մեկ անգամ, բայց այս շրջանում այդպես էլ չկարողացավ հաղթանակի հասնել «Վեստ Արմենիայի» դեմ խաղերում ու 1-ական անգամ էլ զիջեց «Վանին», «Շիրակին», ԲԿՄԱ-ին։

ՀՊԼ-ի, հետևաբար նաև թիմի լավագույն ռմբարկուն օգոստոսից-դեկտեմբեր ընկած հատվածում Իվան Իգնատևն էր՝ խփած 13 գոլով, բայց Իգնատևն արդեն թիմում չէ։ Նրան թիմի ռմբարկուական մրցավազքում շատ հեռվից հետևում է Կարեն Մելքոնյանը` 4 գոլով։
Գոլային փոխանցումներով առաջատարը Արտյոմ Պոլյարուսն է։ Նա իր ակտիվում ունի 11 ասիստ։ Այս ցուցանիշով ռուս ֆուտբոլիստն առաջատար է նաև ՀՊԼ-ում։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
Դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը նույնպես իր ցուցանիշով ՀՊԼ-ի առաջատարն է։ Նա 7 անգամ կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը։
Իրենց գլխավերևում դեղին քարտեր ամենաշատը նկատել են Լուկման Գիլմորը (թիմից հեռացել է)՝ 6, Ժիրայր Մարգարյանը՝ 5 անգամ։
Խաղադաշտից հեռացվել են «Ուրարտուի» 3 ֆուտբոլիստ՝ Ժիրայր Մարգարյանը (ընդ որում 2 անգամ), Իվան Իգնատևն ու Սերգեյ Մկրտչյանը։
Նախապատրաստական շրջան
Գարնանային հատվածից առաջ թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ում ու արդեն հասցրել է ուժերը չափել ուզբեկական «Նավբահորի» (2:1), չինական «Չժեցզյանի» (4:0), ռուսական «Ակրոնի» (0:2), «Լոկոմոտիվի» (0:2) հետ, իսկ հավաքի վերջին օրը երկու խաղ անցակցրեց և երկուսում էլ հաղթեց, առավելության հասնելով տեղի «Էլիտ Ֆալկոնսի» (1։0) և ուզբեկական «Դինամո Սամարկանդի» հետ (3։1)։
Երևանյան ակումբը Հայաստանի առաջնության 20-րդ տուրում մրցելու է «Արարատ-Արմենիայի» դեմ։ Դա, անկասկած, լինելու է տուրի կենտրոնական հանդիպումը՝ մրցաշարային աղյուսակի տեսանկյունից։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
Հայաստանի կրկնակի չեմպիոնը լուրջ համալրումներով կմոտենա առաջնության 2-րդ հատվածին։ Թիմին են միացել բրացիլացի 25-ամյա վինգեր Բրունո Միշելը, նրա ազգակից, 28-ամյա հենակետային կիսապաշտպան Ալեֆ Սանթոսը և ռուս 30-ամյա կիսապաշտպան Մաքսիմ Պալիենկոն։ 
Բրունո Միշելի վերջին ակումբը եղել է բրազիլական «Ֆիգեյրենսեն», որը խաղում է նշանակությամբ 3-րդ լիգայում։ Վինգերն այդ թիմի կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ալեֆ Սանթոսը «Ուրարտուին» է միացել Բաթումի «Դինամոյից», որտեղ հասցրել է անցկացնել 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ կիսապաշտպան Պալիենկոն երևանյան թիմի շարքերը համալրել է Տոլյատիի «Ակրոնից», որի մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 95 անգամ և դարձել 11 գոլի ու 8 ասիստի հեղինակ։
Թիմի համար լուրջ կորուստ է ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Իվան Իգնատևի հեռանալը։ Ռուս ֆուտբոլիստը 16 խաղում դարձել էր 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Իգնատևի տրանսֆերի շուրջ ակումբը համաձայնության էր հասել Ալժիրի առաջնությունում հանդես եկող «Կաբիլիայի» հետ։ Անձամբ Դմիտրի Գունկոն չի ցանկացել բաց թողնել հարձակվողին՝
«Պատահեց այն, ինչ պատահեց։ Նա այնտեղ տեղափոխվելու համար բավականին մոտիվացված էր։ Այդ տարբերակը նրան ավելի հեռանկարային ու շահավետ թվաց՝ իր հետագա աճի տեսանկյունից։ Ես ուզում էի, որ նա մնար, բայց տեսնելով նրա ցանկությունը, ակումբը որոշեց ընդունել նրա դիրքորոշումն ու «բաց թողնել» նրան այնտեղ՝ ուր նա կցանկանա», - ասել է Գունկոն «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցում։

Իգնատևից զատ ակումբից հեռացել են նաև երիտասարդ դարպասապահներ Մխիթար Ումրեյանը՝ «Վեստ Արմենիա» և Հայկ Ղազարյանը՝ վարձակալությամբ ԲԿՄԱ, կիսապաշտպաններ Լուկման Գիլմորն ու Անդրեյ Կրավչուկը, հարձակվողներ՝ Լեոն Սաբուան և Գևորգ Տարախչյանը։
«Հավատարիմ մնալով իր արժեքներին՝ «Ուրարտուն» պատրաստ է նոր ձեռքբերումների և փառքի», - ասված էր ակումբի 33-ամյակի կապակցությամբ տարածած հաղորագրությունում։
Իհարկե, թիմի երկրպագուների համար լավագույն ձեռքբերումը կլինի չեմպիոնությունն ու Հայաստանի գավաթին տիրանալը, սակայն առաջնության առաջին հատվածում թիմին պակասում էր կայունությունը։ Ուսումնամարզական հավաքից հետո նոր ֆուտբոլիստներով համալրված «Ուրարտուն» կարող է բարձրացնել իր հավակնություններն ընթացիկ առաջնությունում։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ