Փյունիկ․ Նոր սեփականատերով՝ նույն նպատակներով․ ՀՊԼ վերսկսմանն ընդառաջ
Շուրջ 10 օրից կվերսկսվի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան։ Աշնանային թեժ հատվածից հետո սպասումները գալիք շրջանից մեծ են։ Մրցաշարային աղյուսակի վերնամասում թիմերի խիտ դասավորվածությունն ուշադրության է արժանի։ Ակներև է նաև մարզային 2 թիմերի՝ Չարենցավանի «Վանի» ու Գյումրիի «Շիրակի» աճը՝ նախորդ մրցաշրջանի համեմատ։ Ուրախացնող է նաև ԲԿՄԱ-ի հուսադրող խաղը։ «Վեստ Արմենիան» փորձում է ամեն խաղից քաղել առավելագույնը, Երևանի «Արարատն» ու «Ալաշկերտը» իրենց համար անսովոր դիրքերում են, իսկ Կապանի «Գանձասարը», մեղմ ասած, տխրեցնում է։
Sportmedia.am-ը մինչև առաջնության վերսկսումն առանձին-առանձին կանդրադառնա Fastex ՀՊԼ թիմերին՝ ամփոփ ներկայացնելով ընթացիկ մրցաշրջանում թիմերի ցույց տված արդյունքը, նախապատրաստական շրջանն ու հավակնությունները։
Թիմերին ներկայացնում ենք ըստ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքի։
Շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել ենք «Նոային», «Ուրարտուին»։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
«Փյունիկ»
Աշնանային հատված
«Փյունիկն» առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում և վաստակած 37 միավորով 3-րդն է։ Մելիքյանի սաները 1 հանդիպում պակաս են անցկացրել 2-րդ հորիզոնականում գտնվող «Ուրարտուից» և 1 խաղ ավել առաջատար «Նոայից»։
Հայաստանի գործող չեմպիոնը խփած գոլերի քանակով 5-րդն է՝ 33 գոլ (միջինում 1,9 գոլ), բաց թողած գոլերի քանակով 2-րդը՝ 13 գոլ (0,76 գոլ)։
Փյունիկցիներն ամենամեծ հաշվով հաղթանակը ՀՊԼ ընթացիկ առաջնությունում տոնել են «Գանձասարի» նկատմամբ (5:0)։ Պարտություն «Փյունիկը» կրել է 4 անգամ։ 2-ը՝ սկզբունքային մրցակից «Նոայից» (1:3, 0:2), 1-ական անգամ «Ալաշկերտից» (0:2) և «Շիրակից» (0:1):
Պրեմիեր լիգայում թիմի լավագույն ռմբարկուն Յուսուֆ Օտուբանջոն է՝ 10 գոլով, նրան հաջորդում են Ագդոն Մենեզեսը՝ 6 և Սերժ Դեբլեն՝ 5 գոլով։ Թիմի հուսալի դարպասապահն Հենրի Ավագյանն էր (հեռացել է թիմից), որը մասնակցել է 12 հանդիպման և դրանց ուղիղ կեսում կարողացել անառիկ պահել սեփական դարպասը։
«Փյունիկը» ամենաքիչ դեղին քարտեր ստացած թիմն է ՀՊԼ-ում։ Երևանյան թիմի ֆուտբոլիստները զգուշացվել են ընդամենը 28 անգամ։ Միակ փյունիկցին, ով հեռացվել է խաղադաշտից Ջեյմս Սանթոսն է, որը արդեն պաշտպանում է «Նոայի» գույները։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
Նախապատրաստական շրջան
Հայաստանի գործող չեմպիոնն ուսումնամարզական հավաք անցկացրեց ԱՄԷ-ում և մասնակցեց 4 ստուգողական հանդիպման, որոնցից 2-ը ռուսական «Ուրալի» դեմ։ Դրանցից առաջինում «Փյունիկը» զիջեց 1։4 հաշվով, երկրորդում հաղթեց 0։1 հաշվով։ Նույն երկիրը ներկայացնող «Զենիթին» երևանյան ակումբը պարտվեց 0։2 հաշվով, իսկ ԱՄԷ-ի 2-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Էլիտ Ֆալկոնսին» հաղթեց 3։1 հաշվով։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
Տրանսֆերներ
«Փյունիկը» շատ լուրջ համալրումներով կմոտենա առաջնության գարնանային հատվածին։
Թիմին են միացել դարպասապահ Նիկիտա Ալեքսեևը («Ուրալ 2», Ռուսաստան 23 տարեկան), պաշտպաններ Վարազդատ Հարոյանը («Քինդաու Ուեստ Քոսթ», Չինաստան, 32 տարեկան), Ժոել Բորպեսու («Ժալգիրիս», Լիտվա, 30 տարեկան), կիսապաշտպաններ Արթուր Գրիգորյանը («Արարատ», 31 տարեկան), Դանիլ Կուլիկովը («Դինամո Մինսկ», Բելառուս, 26 տարեկան), հարձակվողներ Մատաս Վարեիկան («Հեգելման», Լիտվա, 25 տարեկան) և Թեմուր Ջիկիան («Վոլգա», Ռուսաստան, 26 տարեկան)։

Քիչ չեն նաև հեռացողների թիվը։ Թիմը լքել են դարպասապահ Հենրի Ավագյանը, պաշտպաններ Ջեյմս Սանթոսը, Խուան Բրավոն, կիսապաշտպան Եվգենի Կոչուկը, հարձակվողներ Ժոաու Պարեդեշը և Խոսե Կարաբալյոն։
Նոր սեփականատերեր՝ նույն նպատակներ
Հայտնի է, որ «Փյունիկն» ունի նոր սեփականատեր՝ Անտոն Ֆարբերը, որը երկար տարիների փորձ ունի՝ որպես ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդիպումների և ֆուտբոլիստների գործակալ։ Նա Եվրոպայի և Մերձավոր Արևելքի առաջատար ֆուտբոլային գործակալությունների՝ Authentic.Football-ի և KAI Football-ի հիմնադիրն է
Fastnews-ին տված հարցազրույցում Ֆարբերը նշել է․
«Մեզ համար մեծ պատիվ է ձեռք բերել նման մասշտաբային ու մեծ ակումբ։ Ես միանշանակ կարծում եմ, որ «Փյունիկն» ամենահաջողակ ակումբներից մեկն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում և ես նկատել եմ, որ Հայաստանում այն ամենամեծ ակումբն է ենթակառուցվածքներով, երկրպագուներով, ակադեմիայով, դրա համար էլ մեծ պատիվ է ձեռք բերել այս ակումբը։ Ես ինձ համարում եմ նպատակասլաց մարդ, ինչպես ցանկացած նախկին մարզիկ։ Ակումբի վարկանիշն ամբողջությամբ համընկնում է մեր նպատակներին, իսկ մենք ունենք ամենահավակնոտ նպատակները։ Փորձելու ենք շարունակել հաջող ճանապարահը և գրավել նոր բարձունքներ»։

«Փյունիկի» նոր սեփականատերը խոսել է նաև թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մասին․
«Մեզ համար Եղիշեն Հայաստանի լավագույն մարզիչն է և լավագույններից մեկը նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում։ Մենք նրան շատ ենք հարգում։ Իմ՝ «Փյունիկը» ձեռք բերելու հիմնական շարժառիթներից մեկը նա է։ Մենք նախկինում միասին նրա հետ աշխատել ենք։ Միշտ հաճելի է նրա հետ աշխատելը։ Շատ ենց ցանկանում, որ Մելիքյանը մնա, և նրա հետ մեծ հույսեր ենք կապում։ Ցանկանում ենք, որ միասին ավելի մեծ հաջողություններ գրանցենք։ Հույսեր ենք կապում ամբողջ մարզչական շտաբի հետ»։Առաջիկա տարիների ռազմավարության գլխավոր բաղադրիչը Ֆարբերը համարում է ակումբի ակադեմիան․
«Մեզ համար ակադեմիան ապագան է և ամենագլխավորը։ Հատկապես Հայաստանի նման երկրների համար գումարով հնարավոր չէ պայքարել այլ երկրների հետ, այդ պատճառով մարզական և ֆինանսական առումով ակադեմիան ամենագլխավորն է։ Մենք երազանք ունենք, որ «Փյունիկի» գլխավոր թիմում հնարավորինս շատ ֆուտբոլիստներ խաղան ակադեմիայից։ Մենք աշխատելու ենք կազմը երիտասարդացնելու համար և այնպես ենք անելու, որ գլխավոր թիմն ավելի շատ ուշադրություն դարձնի երիտասարդ ֆուտբոլիստներին։ Մենք երեխաների զարգացման ուղղությամբ շատ գործիքներ ենք կիրառելու։ Ակադեմիայի աշխատանքը չենք գնահատելու ըստ արդյունքների։ Մեր ընդհանուր արդյունքը լինելու է երեխաների աճը։ Մենք ցանկանում ենք, որ ապագայում մեր սաները խաղան եվրոպական մեծագույն ակումբներում և առաջնություններում»։

«Փյունիկ»-ՀՖՖ լարված հարաբերությունների պատճառով ակումբը վաճառած Արթուր Սողոմոնյանը, որը շարունակելու է մնալ ակումբի համակագում, որպես ակադեմիայի միջազգային խաղերի կազմակերպիչ բացասաբար է արտահայտվել ակումբի ղեկավարության վերջին հայտարարությանը, որում ասվում էր՝
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր ղեկավարությունն իր ռազմավարական զարգացման հիմքում կարևորում է համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ։
Այս շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ ղեկավարության հետ, որի ընթացքում պայմանավորվել ենք համատեղ ուժերով նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ միավորվելով ընդհանուր տեսլականի շուրջ։
Մեր նպատակն է գործել փոխադարձ հարգանքի, կառուցողական երկխոսության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով՝ հանուն ակումբի, մեր երկրպագուների և հայկական ֆուտբոլի առաջընթացի»։
Հայտարարության մեկնաբանությունների բաժնում Հայաստանի 16-ակի չեմպիոնի արդեն նախկին սեփականատերը, պատասխանելով օգտատերերից մեկին գրել է․
«Ես իհարկե համարում եմ, որ նոր ղեկավարների կողմից նման հայտարարություններով հանդես գալը սխալ է։ Կարելի է չսրել կոնֆլիկտը, բայց այն մարդկանց հետ, որոնք քանդել են հայկական ֆուտբոլը և շարունակում են անել այդ իրենց աթոռների և սեփական շահի համար, խոսելու ոչինչ չկա։ Կարելի է միայն պահանջել նրանց հրաժարականը։ Ի՞նչ զարգացման մասին է գնում խոսքը, երբ մենք տեսնում ենք նրանց մակարդակը և այն, թե ինչ են անում նրանք հայկական ֆուտբոլի հետ։ Արդեն բոլորին պարզ է, որ այնպիսի ղեկավարների հետ, ինչպիսիք են Նիկողոսյանն ու Մելիքբեկյանը, հայկական ֆուտբոլն ապագա չունի»։
Առաջնության առաջիկ խաղը «Փյունիկը» կանցկացնի «Ալաշկերտի» դեմ, բայց, մինչև այդ գործող չեմպիոնը կվիճարկի Հայաստանի Սուպերգավաթը «Արարատ-Արմենիայի» հետ։
Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի նպատակները սեփականատիրոջ փոփոխությունից հետո մնում է նույնը՝ զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, նվաճել չեմպիոնությունն ու լավագույնս հանդես գալ եվրագավաթներում։ Կստացվի՞ շարունակել «Փյունիկի» պատմական ուղին, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ