Պատրաստ եմ, որովհետև ունեմ կամք, ուժ, պատասխանատվություն․ Եղիշե Մելիքյանի 1-ին հարցազրույցը՝ որպես Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն 1-ին հարցազրույցն է տվել՝ խոսելով հավաքականի, առկա խնդիրների, երկրպագուների և այլ կարևոր թեմաների մասին։
Առանձնացրել ենք Մելիքյանի ուշագրավ մտքերը՝
«Ես գիտակցելով եմ եկել այս պահին՝ իմանալով, թե ինչ մրցակիցներ կան։ Համոզված եմ, որ այս թիմերի հետ խաղալուց հետո կունենանք ավելի մեծ փորձ, ավելի մեծ վերլուծության հնարավորություն։ Նման խաղերի կարիք շատ ունենք։ Հասկանում եմ, որ շատ դժվար է լինելու կարճ ժամանակահատվածում անել այն, ինչ ես կուզենայի»։
«Կարող եմ ասել, որ իմ ռազմավարությունն է լինելու՝ հավատքը, նվիրվածությունն ու կարգապահությունը»։
«Եկել եմ բոլորի հետ աշխատելու, բայց, եթե կան ֆուտբոլիստներ, որոնք չեն պատկերացնում մեր փիլիսոփայությունն ու նպատակները, չեն կարող անցնել մեր հետ ճանապարհ»։
«Ունենք լավ ֆուտբոլիստներ, բայց ունենք օղակներ, որտեղ ավելացնելու, աշխատելու և ուժեղացնելու տեղ ունենք»։
«Համոզված եմ, որ մի քիչ ունենանք համբերություն, լավ աշխատենք մեր երիտասարդ ֆուտբոլիստների հետ, կունենանք լավ հավաքական»։
«Շատ եմ հետևել հավաքականի խաղերին։ Ներկա եմ եղել հավաքականի բոլոր տնային խաղերին և այսօր, վերցնելով այս բեռը, պատասխանատվությունը, այս գործը՝ համոզված եմ, որ դիմանալով, աշխատելով և պայքարելով ու փորձ ձեռք բերելով՝ մոտ ապագայում, կես տարի և 1 տարի հետո, մեծ տարբերություն կարող եք նկատել, որովհետև ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»։
«Իմ համար ֆուտբոլում կարևոր է հանդերձարանում չպարտվելը։ Ես կարող եմ պարտվել դաշտում, բայց ոչ հանդերձարանում, որովհետև, երբ դու հաղթում ես հանդերձարանում, վաղ թե ուշ կունենաս հաղթանակներ»։
«Բոլորդ գիտեք, որ ես քննադատել եմ, տեսել եմ խնդիրներ և բարձրաձայնել եմ։ Այսօր, ես այն կարծիքին եմ, որ դա իմ տեսակն է։ Շարունակելում եմ խնդիրները տեսնելով՝ բարձրաձայնել, բայց արդեն, գալով և որոշելով աշխատել, լուծումները գտնելու մասին եմ մտածելու»։
«Գիտակցում եմ, թե ինչ ժամանակահատվածում եմ եկել և լավ գիտեմ, թե ինչ բարդություններ և անլուծելի խնդիրներ ունենք մեր առջև, բայց համոզված եմ, որ ունենալու ենք կամք, հավատք և պայքար՝ այս ամեն ինչի միջով անցնելու ու հավատում եմ, որ կունենանք հաջողություններ և ամեն ինչ լավ է լինելու»։
«Իմ համոզմամբ՝ ֆուտբոլը երկրպագուինն է։ Ես շատ լավ հասկանում եմ իրենց ու հասկացել եմ միշտ։ Ես միշտ եղել եմ իրենց կողքին և հիմա ուզում եմ գամ, միասին լինենք հավաքականի հետ և այն խնդիրները, որ տարիների ընթացքում տեսել ենք՝ հիմա գտնենք լուծումները»։
«Շատ լավ հասկանում եմ մեր երկրպագուներին, երկար ժամանակ չեն տեսնում այն հաղթանակները, որը կցանկանային և դա է առիթը, որ ակցիաներ են անում ու խնդիրներ են բարձրաձայնում։ Դա նորմալ է։ Ունեն պահանջ ուրիշ հավաքական տեսնելու։ Ես ուզեցի այն հույսը տալ մեր երկրպագուին, որ այնքան էլ վատ չէ, որ լինենք միասին։ Հնարավոր է, չկարողանամ միանգամից տալ այն հաղթանակները, որ ուզում են իրենք, բայց ես կաշխատեմ փոխել նրանց տրամադրությունը»։
«Պատրաստ եմ, որովհետև ունեմ կամք, ուժ, պատասխանատվություն։ Ես եկել եմ գործ անեմ»։
Մանրամասն տեսանյութում․