Ծանր գիշեր կլինի ինձ և իմ խաղացողների համար. Պերկովիչ
«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ «ԱԶ Ալկմարի» հետ պատասխան խաղում կրած պարտությունից հետո շնորհակալություն է հայտնել իր խաղացողներին՝ եվրագավաթային 2025/26 խաղարկությունում գրանցած արդյունքների համար:
«Շնորհավորում եմ «ԱԶ Ալկմարին» արժանի հաղթանակի առթիվ: Գիտեինք, որ նրանք հիանալի կազմ ունեն ու այսօր նրանք դա ապացուցեցին: Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին, որոնք այսօր բավական մեծ թիվ էին կազմում մարզադաշտում և մեծ աջակցություն ցուցաբերեցին մեզ: Ծանր օր էր, և դժվար գիշեր կլինի ինձ և իմ խաղացողների համար, բայց պետք է շնորհակալություն հայտնեմ նրանց այն ամենի համար, ինչ նրանք արեցին եվրագավաթային այս մրցաշրջանում. այն մեզ համար սկսվեց հուլիսի 8-ին և շարունակվեց մինչև հիմա; Այսօր հավանաբար չենք կարողանա քնել, բայց վաղը վերլուծություն կանենք: Սա առաջին անգամ էր հայկական ֆուտբոլում, մենք խաղացինք փլեյ-օֆֆում, հաղթեցինք առաջին խաղում: Այսօր մենք չէինք կորցրել մեր ոգին, բայց նրանց դեմ խաղալը հեշտ չէ»,- ասել է Սանդրո Պերկովիչը:
Անդրադառնալով «ԱԶ Ալկմարի» հետ պատասխան խաղին՝ մարզիչը նշել է՝ արագ գոլն իր ազդեցությունն ունեցավ. «Արագ գոլն, իհարկե, մեծ էներգիա տվեց մրցակցին, ապա ստանդարտ դրությունից գոլ բաց թողեցինք մինչև առաջին կեսի ավարտը, և արդեն շատ բարդ էր խաղին վերադառնալը: Այդուհանդերձ, մեծ շնորհակալություն իմ խաղացողներին: Կարծում եմ՝ մենք առավելագույնը քաղեցինք այս դիմակայությունից: Առաջին խաղում երեք միավոր վաստակեցինք և Հայաստանն UEFA-ի աղյուսակում բարձրացրինք 33-րդ հորիզոնական, ինչը շատ կարևոր էր հայկական ֆուտբոլի համար»:
«Նոայի» գլխավոր մարզիչը նաև հայտնել է՝ Մաթեուս Այաշը վնասվածք էր ստացել,այդ իսկ պատճառով երկրորդ անգամ փոխարինվեց: