Դիմիտրի Պայեն, բռնարարության մեղադրանքների ֆոնին, հայտարարեց կարիերան ավարտելու մասին
Ֆրանսիացի անվանի ֆուտբոլիստ, «Վեստ Հեմի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դիմիտրի Պայեն 38 տարեկանում պաշտոնապես հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին: Այս որոշումը կայացվեց նրա նախկին ընկերուհու սկանդալային մեղադրանքներից ամիսներ անց։
Պայեն առանց ակումբի էր նախորդ մրցաշրջանի վերջից, երբ բրազիլական «Վասկո դա Գաման» խզեց պայմանագիրը նրա հետ: Ֆրանսիական հեռուստատեսության ուղիղ եթերում՝ իր նախկին ակումբների՝ «Մարսելի» և «Լիլի» հանդիպման ընդմիջմանը, ֆուտբոլիստն ասել է.
«39-ամյակիս նախաշեմին ես պաշտոնապես հայտարարում եմ պրոֆեսիոնալ կարիերաս ավարտելու մասին: Իմ երազանքն էր դառնալ պրոֆեսիոնալ և ինձ հաջողվեց անել դա 20 տարի շարունակ՝ ամենաբարձր մակարդակով: Սա մի մեծ արկածի ավարտ է: Խաղալու ցանկությունը դեռ կա, բայց 39 տարեկանում մարմինն այլևս առաջվանը չէ»:
Պայեն ժամանակին Պրեմիեր լիգայի խորհրդանիշներից մեկն էր «Վեստ Հեմում» անցկացրած իր փայլուն մրցաշրջանի շնորհիվ (2015-2017թթ.): Նա ընդգրկվել էր Պրեմիեր լիգայի տարվա խորհրդանշական հավաքականում՝ 60 խաղում դառնալով 15 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: Սակայն նրա հեռացումը Լոնդոնից սկանդալային էր. նա գործադուլ հայտարարեց՝ ստիպելով ակումբին իր տրանսֆերը վաճառել «Մարսելին»:
Ֆուտբոլային կարիերայի ավարտին զուգահեռ՝ Պայեն Բրազիլիայում կանգնած է դատարանի առաջ: Նրա նախկին սիրուհին՝ փաստաբան Լարիսա Նատալյա Ֆերարին, ցնցող հայտարարություններ է արել՝ ֆուտբոլիստին անվանելով «հիվանդ հրեշ»:
Ըստ մեղադրանքների՝ 7-ամսյա հարաբերությունների ընթացքում Պայեն նրան ենթարկել է ֆիզիկական բռնության և ստիպել կատարել նվաստացուցիչ գործողություններ: Պայեն մեղադրվում է «հոգեբանական բռնության» համար: Ֆուտբոլիստը խոստովանել է սիրավեպի փաստը, սակայն կտրականապես հերքել է բռնության վերաբերյալ բոլոր մեղադրանքները:
Չնայած դատախազները սկզբում կարճ էին գործը, այժմ այն վերաբացվել է բողոքարկման արդյունքում՝ քննությունը շարունակվում է։