Իտալիայի հավաքականի մարզաշապիկն ամենաթանկ մասունքն է ամբողջ ֆուտբոլում․ Գատուզոյի հրաժեշտի խոսքը
Իտալիայի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է իր հրաժարականը․
«Ծանր սրտով, քանի որ մեզ չհաջողվեց հասնել մեր առջև դրված նպատակին, ես ավարտված եմ համարում իմ աշխատանքը ազգային թիմի մարզչական նստարանին: «Սկուադրա աձուրայի» մարզաշապիկն ամենաթանկ մասունքն է ամբողջ ֆուտբոլում, հենց այդ պատճառով էլ ճիշտ որոշում կլինի անհապաղ պայմաններ ստեղծել իրավիճակի հետագա մասնագիտական գնահատման համար:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Գաբրիելե Գրավինային և Ջանլուիջի Բուֆոնին, ինչպես նաև ֆեդերացիայի նրանց բոլոր գործընկերներին՝ վստահության և աջակցության համար, որոնք նրանք մշտապես ցուցաբերել են իմ հանդեպ: Ինձ համար պատիվ էր գլխավորել ազգային թիմը և աշխատել երիտասարդ տղաների մի խմբի հետ, ովքեր նման բարձր նվիրվածություն և հավատարմություն դրսևորեցին այս մարզաշապիկի հանդեպ: Սակայն հատուկ շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին՝ բոլոր իտալացիներին, ովքեր վերջին ամիսների ընթացքում ոչ մի վայրկյան չեն դադարել իրենց սերն ու աջակցությունը նվիրել ազգային հավաքականին: «Սկուադրա աձուրան» ընդմիշտ կմնա իմ սրտում», — Գատուզոյի խոսքերը մեջբերում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Իտալիայի հավաքականը չկարողացավ որակավորվել 2026 թվականի աշխարհի առաջնությանը՝ անցումային խաղերի եզրափակիչում պարտվելով Բոսնիա և Հերցեգովինայի թիմին՝ 1:1 (1:4՝ 11-մետրանոցներով):