Առաջին խումբ. Սարդարապատի չորրորդ անընդմեջ հաղթանակը և այլ արդյունքներ
Հայաստանի Առաջին խմբի 24-րդ տուրում այօր կայացել է երեք հանդիպում:
Առաջատար «Սարդարապատը» Ձորաղբյուրում 2:0 հաշվով արտագնա հաղթանակի է հասել «Արարատ-2»-ի նկատմամբ: Արմավիրցիների կազմում գոլերը խփել են Համլետ Մինասյանը և Աբդերահման Ն'Դոն: Մինասյանը 23 գոլով գլխավորեց ռմբարկուների ցանկը:
«Սարդարապատը» վաստակեց 62 միավոր և 7 միավորով առաջ պոկվեց երկրորդ տեղը զբաղեցնող «Սյունիքից»: Կապանցիները վաղն ընդունելու են «Շիրակ-2»-ին:
ԲԿՄԱ-2-ը 2:1 հաշվով արտագնա հաղթանակի է հասել «Արարատ-Արմենիա-2»-ի նկատմամբ: Բանակայինների կազմում աչքի են ընկել Դավիթ Ղիասյանը և Արթուր Մանուկյանը: Տանտերերի միակ գոլը 11-մետրանոցից հեղինակել է Հարություն Մովսիսյանը:
Երկու խաղ չհաղթելուց հետո Վահագն Մինասյանի թիմը կրկին կարողացավ 3 միավոր վաստակել, շրջանցել «Անդրանիկին» ու 51 միավորով բարձրանալ չորրորդ տեղ: Չնայած նրան, որ ԲԿՄԱ-2-ը 11 միավորով հետ է առաջատարից, նա դեռ 2 խաղ պակաս է անցկացրել:
Խաղային օրվա միակ տնային հաղթանակը գրանցել է «Միկան», որը 1:0 հաշվով հաղթել է «Վան-2»-ին: Միակ գոլը 90+2-րդ րոպեին խփել է Աբդերահման Մեկուին: «Միկան» 25 միավորով 10-րդ տեղում է: