Պետք է քննարկենք Սիմոն Մարտիրոսյանի՝ գերծանր քաշային կարգում հանդես գալու հարցը. Սամվել Գասպարյան
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնության ավարտից հետո ամփոփել է Հայաստանի թիմի ելույթները: Անդրադառնալով 110 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի ելույթին՝ Սամվել Գասպարյանը տեղեկացրել է՝ առաջիկայում կայանալիք աշխարհի առաջնությունում նա, ամենայն հավանականությամբ, հանդես կգա գերծանր քաշային կարգում:
«Սիմոն Մարտիրոսյանը լեգենդար մարզիկ է, սակայն քաշային կարգերի փոփոխությամբ պայմանավորված նա քաշ էր գցել և տեղափոխվել էր նոր քաշային կարգ: Անցած տարի արդյունք էր գրանցել, այս տարի էլ շատ լավ արդյունքներով եկել հասել էինք Եվրոպայի առաջնության, բայց ցավոք այդ քաշ գցելը և քաշի նվազումը բերում է վնասվածքների, շատ լուրջ վնասվածքների: Առաջիկայում մարզչական շտաբի հետ պետք է քննարկենք Սիմոնի քաշային կարգը փոփոխելու հարցը: Նա, ամենայն հավանականությամբ, աշխարհի առաջիկա առաջնությանը կմասնակցի գերծանր քաշային կարգում: Եթե չհասցնենք աշխարհի առաջնությանը, վստահ եմ մյուս տարի Եվրոպական խաղերին և Ֆրանկոֆոնիայի խաղերին, միանշանակ, նա կլինի առաջատար մարզիկների ցանկում»,- ասել է Սամվել Գասպարյանը։
Ծանրամատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ի սկզբանե 4-5 ոսկե մեդալի ակնկալիք են ունեցել:
«Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլում անցկացրել ենք հինգ ուսումնամարզական հավաք, որոնց ընթացքում տղաների և աղջիկների հավաքականները բարելավել են իրենց արդյունքները: Չորսից հինգ ոսկե մեդալի ակնկալիք ունեինք, ցավոք սրտի չստացվեց, թեև եղան մարզիկներ, որոնք բարելավեցին իրենց գրանցած արդյունքը: Առաջնությունն, ընդհանուր առմամբ, շատ լավ կգնահատեմ, որովհետև ունենք երեք չեմպիոն, անցած տարվա համեմատ մեկ ոսկի ավելի, ունենք նաև մեդալների փոփոխություն, այսինքն նախորդ տարվա բրոնզները արդեն փոփոխվել են արծաթե մեդալներով»,- լրագրողների հետ զրույցում նշել է Գասպարյանը:
Սամվել Գասպարյանը նաև անդրադարձել է քաշային կարգերի փոփոխություններին, որոնք ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից:
«Սա մեծ խնդիր է ծանրամարտում, որովհետև միջազգային ֆեդերացիան արդեն երրորդ անգամ է քաշային կարգեր փոփոխում օլիմպիական ցիկլում, որն անթույլատրելի է: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այդ հարցը բազմիցս բարձրացրել է կոնգրեսներին, քանի որ այդ փոփոխությունները հանգեցնում են շատ լուրջ խնդիրների: Հիմա ակնհայտ երևաց, թե որ քաշային կարգերում պետք է մեր մարզիկները տեղաբաշխվեն: Առաջիկայում մարզչական շտաբի հետ դա կքննարկենք»:
Սամվել Գասպարյանի խոսքով՝ մարզչական շտաբի առջև խնդիր էր դրված առնվազն Եվրոպայի երկու չեմպիոն ապահովել, պահել մարզիկների անձնական կիլոգրամները . «Նախկինում եթե ունեցել ենք 10 քաշային կարգ, հիմա մասնակցում էինք ութ քաշային կարգում, և այդ ութ քաշային կարգում նվաճել ենք համեմատաբար հավասար մեդալներ: Մարզիչների աշխատանքը, միանշանակ, կարելի է բավարար համարել, որովհետև տղաներն ակնհայտ ցույց տվեցին իրենց արդյունքներով, որ թիմը պատրաստ էր: Թե՛ Գառնիկ Չոլաքյանը, թե՛ Գոռ Սահակյանը, թե՛ Մարտին Պողոսյանը մոտ էին չեմպիոնության: Անգամ Արա Աղանյանը կարող էր գերազանցել բուլղարացի լեգենդար մարզիկին՝ Կառլոս Նասարին: Մենք այնքան ենք բարելավել մեր արդյունքները, որ շատ բարձր մակարդակի մարզիկների հետ արդեն հավասարը հավասարի մրցում ենք»:
Sportmedia.am-ը՝ Բաթումիից: