Մկոյանի պատմական նվաճումն ու չարաբաստիկ ինքնագոլը, Կոնեգլյանի տպավորիչ ռեկորդը. Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրը՝ 10 փաստով
Առաջնության 23-րդ տուրի հանդիպումներից հետո չեմպիոնական մրցավազքում լարվածությունը պահպանվեց: «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով 2-րդ անընդմեջ հաղթանակը տանելով, պահպանեց միանձնյա առաջատարի իր դիրքը:
Sportmedia.am-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Առաջնության 23-րդ տուրի հանդիպումները և 16-րդ տուրից հետաձգված «Ուրարտու» - «Վան» խաղն անցան դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 4 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Հյուրերից հաջողությունն ուղեկցեց միայն ԲԿՄԱ-ին, որը Չարենցավանում հաղթեց 2-1 հաշվով:
Առաջնությունում անցկացված 112 հանդիպումներում դաշտի տերերը 49 հաղթանակ են տարել, 26 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 37 անգամ հաջողության են հասել հյուրերը:
6 խաղում խփվեց 19 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,16 գոլ), որից 17-ը՝ 23-րդ տուրում: Առաջնության գարնանային հատվածում 23-րդ տուրն ամենաարդյունավետն էր: Իսկ ընթացիկ առաջնությունում առավելագույն քանակի գոլեր՝ 20-ական, խփվել էին 6-րդ և 7-րդ տուրերում: Առաջնության 112 հանդիպումներում 289 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,58 գոլ):
2. «Նոայի» 6 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: Ընթացիկ առաջնությունում գործող չեմպիոնին այդպես էլ չհաջողվեց հաղթել «Ալաշկերտին»՝ կրելով մեկ պարտություն, երկու խաղ ավարտելով ոչ-ոքի:
3. Արթուր Սերոբյանը ֆուտբոլային կարիերայում առաջին հեթ-տրիկը գրանցեց՝ 7 գնդակով գլխավորելով ընթացիկ առաջնությունում թիմի լավագույն ռմբարկուների ցանկը: «Արարատի» դարպասը նրա խփած 3-րդ գնդակը պաշտոնական մրցումներում «Արարատ-Արմենիայի» հոբելյանական՝ 550-րդ գոլն էր: Սերոբյանն «Արարատ-Արմենիայում» Fastex Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 20-ի և ընդգրկվեց թիմի պատմության լավագույն ռմբարկուների հնգյակում, որը 43 գնդակով գլխավորում է Տենտոն Յենեն:
Սերոբյանն «Արարատ-Արմենիայում» մեկ մրցաշրջանի արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց: Մինչև ընթացիկ առաջնությունը, Սերոբյանն առավել արդյունավետ էր գործել 2023/24թթ. մրցաշրջանում՝ խփելով 6 գնդակ:

4. Մայքլ Քուարկուն գոլով նշեց նորամուտը «Գանձասարում», իսկ թիմին հաղթանակ պարգևած Արման Խաչատրյանը բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում:
5. «Վանի» ֆուտբոլիստ Հայկ Թաթոսյանը բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Նարեկ Ջանոյանն էլ առաջին գոլը խփեց «Շիրակում»: Հետաքրքիր է, որ Հայաստանի առաջնություններում նա իր գոլերի հաշիվը բացել էր անցյալ տարվա օգոստոսի 16-ին ԲԿՄԱ-ի կազմում խաղալիս՝ գրավելով հենց «Շիրակի» դարպասը:
6. Մոմո Տուրեն Բրունո Միշելից և Կարեն Նալբանդյանից հետո դարձավ ընթացիկ առաջնությունում 10 գոլի սահմանագիծը հատած 3-րդ ֆուտբոլիստը: Տուրեն ընդգրկվեց Հայաստանի առաջնություններում «Ալաշկերտի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում, որը 19-ական գոլով գլխավորում են Ուրոշ Նենադովիչն ու Տիագո Գալվաոն:

7. ԲԿՄԱ-ի հետ առաջնության 23-րդ տուրի հանդիպումը Fastex Պրեմիեր լիգայում Հրայր Մկոյանի հոբելյանական՝ 400-րդ խաղն էր: 39-ամյա Մկոյանը դարձավ ՀՀ առաջնությունների պատմության մեջ 400 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 4-րդ ֆուտբոլիստը Հովհաննես Թահմազյանից (461), Տիգրան Դավթյանից (409) և Արտակ Գրիգորյանից (404) հետո:
Մկոյանի նվաճումը ստվերեց ավելացված ժամանակում նրա հաշվին գրանցված ինքնագոլը, որի պատճառով «Վանը» պարտվեց: ՀՀ առաջնություններում դա Մկոյանի արդեն 6-րդ ինքնագոլն էր, ինչը յուրօրինակ հակառեկորդ է: Դրանցից 3-ը նրա հաշվին գրանցվել է «Շիրակում», մեկական անգամ էլ նա սեփական դարպասը գրավել էր «Միկայում» և « Արարատ-Արմենիայում» խաղալիս:
Ընթացիկ առաջնության մասնակիցներից իրենց կարիերայում 3-ական ինքնագոլի հեղինակ են դարձել «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանն ու ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Մարկ Ավետիսյանը:
8. Թեև «Ալաշկերտի» հետ մրցավեճում Արթուր Կոնեգլյանի 6 «չոր» խաղերի շարքն ընդհատվեց, սակայն նա տպավորիչ ռեկորդի հեղինակ դարձավ: Ընթացիկ առաջնությունում Կոնեգլյանը 619 րոպե շարունակ դարպասը պահեց անառիկ, մինչև 80-րդ րոպեին Մոմո Տուրեն գրավեց նրա դարպասը: Այդ ցուցանիշով Կոնեգլյանը դարձավ «Նոայի» պատմության լավագույն դարպասապահը: Նա գերազանցեց Ալեքսեյ Պլոշադնու ռեկորդային ցուցանիշը, որը նախորդ առաջնությունում 616 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:

9. Պետրոս Ավետիսյանը ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում հայաստանյան կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 250-րդ խաղն անցկացրեց:
10. Արտակ Դաշյանն ու Կամո Հովհաննիսյանը հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում ընդհանուր առմամբ հոբելյանական՝ 400-րդ խաղն անցկացրին: