BazaResidence
ՊՍԺ-Բավարիա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Վահե Գևորգյանը լավագույնն է, որի հետ երբևէ աշխատել եմ․ Ալաշկերտի պաշտպանի հարցազրույցը՝ ակումբի պաշտոնական կայքին| Հայաստանի գավաթ. Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումներին ընդառաջ| Երկրպագուների ճնշման պատճառով Ռաֆայել Լեաուն հեռացել է սոցցանցերից| Չեմպիոնների լիգան ոչ մեկին ոչինչ պարտք չէ, ամեն ինչ պետք է վաստակել. Դիեգո Սիմեոնե| Երվանդյանի դուբլը հաղթանակ պարգևեց Հայաստանի Մ17 հավաքականին|
Հայաստանի գավաթ. Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումներին ընդառաջ
Այսօր 20:30

Հայաստանի գավաթ. Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումներին ընդառաջ

Ապրիլի 29-ին կկայանան Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները:

Sportmedia.am-ը ներկայացնում է գավաթային հանդիպումների անոնսը։

«Ուրարտու» - «Անդրանիկ» 

Ապրիլի 29, ժամը՝ 18:30, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ 

1 խաղ, որում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-1

1/2 եզր. առաջին խաղ.  15.04.2026  «Անդրանիկ» - «Ուրարտու»՝ 1-1 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Արտյոմ Պոլյարուս 12՛, 11մ, 1-1՝ Միքայել Նդիդի 89՛:

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի տիտղոսների համար պայքարող «Ուրարտուն» կիսաեզրափակչի առաջին հանդիպումից հետո առաջնությունում անցկացրած 3 խաղերում միավորների զգալի կորուստ ունեցավ: Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը երկու անընդմեջ պարտություն կրեց չեմպիոնական մրցավազքի մասնակիցներ «Ալաշկերտից» (1-3) և «Փյունիկից» (1-2), ապա 2-0 հաշվով հաղթեց «Վանին»:



2. Հայաստանի առաջին գավաթակիր և պատվավոր մրցանակը 4 անգամ նվաճած «Ուրարտուն» պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Վանի» դարպասը: Այդ խաղում Կարեն Մելքոնյանը դուբլի հեղինակ է դարձել, մեկական գոլ էլ խփել են Էդիկ Վարդանյանն ու Օլեգ Պոլյակովը:

Քառորդ եզրափակչում Ռոբերտ Արզումանյանի սաները երկխաղյա դիմակայությունում առավելության հասան «Արարատի» նկատմամբ: Առաջին խաղում հյուրընկալվելիս «Ուրարտուն» Արտեմի Գունկոյի դուբլի և Կարեն Մելքոնյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ վստահ հաղթանակ տարավ: Պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական դաշտում 2-3 հաշվով պարտվեց, ինչը չխանգարեց կիսաեզրափակիչ դուրս գալու: «Ուրարտուից» գոլերի հեղինակներ դարձան Ալեքսանդր Լլովեն և Նիկոլաս Կալուկյանը:

3. «Անդրանիկը» գավաթային մրցավեճից հետո Առաջին խմբի առաջնությունում անցկացրած երկու հանդիպումներում նախ հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է ԲԿՄԱ-2-ին, ապա սեփական դաշտում 6 անպատասխան գնդակ է խփել «Լեռնային Արցախիին»: Վարդենիսը ներկայացնող թիմը 25 խաղում վաստակած 53 միավորով ընթանում է 5-րդ տեղում:

4. Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Անդրանիկն» իր պատմության մեջ աննախադեպ հաջողության է հասել՝ իրավունք ստանալով մասնակցելու կիսաեզրափակիչ փուլին: Վարդենիսը ներկայացնող թիմն ընդամենը 3-րդ անգամ է մասնակցում Հայաստանի գավաթի խաղարկությանը: Նախորդ երկու խաղարկություններում «Անդրանիկը» նախնական փուլում մեկական խաղ էր անցկացրել՝ պարտվելով համապատասխանաբար ԲԿՄԱ-ին (0-6) և «Վանին» (0-3): 

Եվ ահա գավաթի ընթացիկ խաղարկությունում «Անդրանիկը» ոչ միայն բացեց գոլերի հաշիվը, այլև առաջին հաղթանակը տարավ պատվավոր մրցանակի մրցաշարերում՝ նախնական փուլում 3-0 հաշվով առավելության հասնելով «Բենտոնիտի» նկատմամբ: Թիմի առաջին գոլի հեղինակն Իսմաիլ Օգունսոլա Օլավալեն էր: Աչքի էին ընկել նաև Էրիկ Պետրոսյանն ու Խուան Բարենեչին:

1/8 եզրափակչում էլ «Անդրանիկը» 2 անպատասխան գնդակ խփեց ԲԿՄԱ-ի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Կայ Մորոզումին և Խուան Բարենեչին: 

Կիսաեզրափակչի ուղեգրի համար պայքարում «Անդրանիկը» պայքարից դուրս մղեց «Սյունիքին»: Կապանում կայացած առաջին խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ Երևանում «Անդրանիկը» 5-2 խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Օնորե Յեն դարձավ դուբլի հեղինակ, մեկական գոլ խփեցին Միքայել Նդիդին, Էրիկ Պետրոսյանն ու Վաչե Հակոբյանը:



5. «Ուրարտուն» 23-րդ անգամ է կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: Նախկինում թիմին 11 անգամ հաջողվել է կիսաեզրափակչում հաղթահարել մրցակցի արգելքն ու եզրափակչի ուղեգիր նվաճել: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2023/24թթ. խաղարկությունում, երբ Գյումրիում «Ուրարտուն» 2-1 հաշվով հաղթել է «Շիրակին»: Թիմին հաղթանակ էին պարգևել Անդրեյ Կրավչուկի և Ալեքսանդր Դոլգովի խփած գոլերը:

«Նոա» - «Արարատ-Արմենիա» 

Ապրիլի 29, ժամը՝ 18:30, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

4 խաղ, «Նոան» հաղթել է 2 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 1, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-9

1/2 եզր. առաջին խաղ.  16.04.2026  «Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 0-1 (0-1)

Գոլը՝ 0-1՝ Նարդին Մուլահուսեյնովիչ 25՛:

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1. Առաջնության նախորդ տուրում «Նոայի» 6 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: «Ալաշկերտի» հետ մրցավեճի խաղավերջում Օմարի խփած գոլի շնորհիվ «Նոան» խուսափեց պարտությունից: Ընթացիկ առաջնությունում գործող չեմպիոնին այդպես էլ չհաջողվեց հաղթել «Ալաշկերտին»՝ կրելով մեկ պարտություն, երկու խաղ ավարտելով ոչ-ոքի:

2. Գործող գավաթակիր «Նոան» իր տիտղոսի պաշտպանության համար պայքարը սկսել է քառորդ եզրափակչից՝ երկխաղյա դիմակայությունում առավելության հասնելով «Փյունիկի» նկատմամբ: Առաջին խաղում հյուրընկալվելիս «Նոան» Վալենտին Կոստակեի և Հովհաննես Համբարձումյանի խփած գոլերի շնորհիվ հաղթել էր 2-1 հաշվով: Պատասխան խաղում գրանցվել էր մարտական ոչ-ոքի՝ 2-2: Չեմպիոնի կազմում աչքի էին ընկել Արամ Խամոյանն ու Մարին Յակոլիշը:

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 4-րդ անգամ է կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: «Նոային» երկու անգամ հաջողվել է հաղթահարել այդ փուլի արգելքը:

3. Իսկ ահա «Արարատ-Արմենիան» կիսաեզրափակչի առաջին խաղից հետո առաջնությունում երկու հաղթանակ է տոնել՝ միևնույն 4-0 հաշվով պարտության մատնելով «Շիրակին» և «Արարատին»: Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը 22 խաղում վաստակած 48 միավորով առաջնության միանձնյա առաջատարն է:



4. «Արարատ-Արմենիան»
գավաթային պայքարը ևս սկսել է քառորդ եզրափակչից՝ առավելության հասնելով «Շիրակի» նկատմամբ: Երևանում կայացած մրցակիցների առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր Ալիունե Նդուրի խփած միակ գոլի շնորհիվ: Գյումրիում էլ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմին հաղթանակ էին պարգևել Պաուլ Այոնգոյի և Վելթոնի խփած գոլերը:

«Արարատ-Արմենիան» 6-րդ անգամ է հանդես գալիս կիսաեզրափակչում: 3 անգամ թիմին հաջողվել է եզրափակչի ուղեգիր նվաճել, իսկ պատվավոր մրցանակին արժանացել է 2023/24թթ. խաղարկությունում՝ վճռորոշ խաղում հետխաղյա 11մ հարվածներով հաղթելով «Ուրարտուին» (հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1):

5. Գավաթի մրցաշարերում մրցակիցները 4-րդ անգամ են հանդիպում: Երկու անգամ նրանց մրցավեճը կայացել է եզրափակչում: Երկու դեպքում էլ գավաթակիր է դարձել «Նոան» (2019/20թթ.՝ 5-5, 7-6՝ 11մ, 2024/25թթ.՝ 3-1): 

«Արարատ-Արմենիան» «Նոային» հաղթել է 2023/24թթ. խաղարկության քառորդ եզրափակչում՝ 3-2: Հետագայում «Արարատ-Արմենիան» նվաճել է գավաթը: Ստացվում է, որ մրցակիցների մրցավեճում հաղթած թիմը դարձել է Հայաստանի գավաթակիր:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Վլադիմիր Ազարով, Հելդեր Ֆեռեյրա - 2-ական գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Յուսուֆ Օտուբանջո, Լուիս Օգանա - 2-ական գոլ:

Հանդիպմանը չեն մասնակցի կիսաեզրափակչի առաջին խաղում խաղադաշտից հեռացված Կամո Հովհաննիսյանն ու Նատանաել Սանտինին:

Նախորդ հոդվածը
Երկրպագուների ճնշման պատճառով Ռաֆայել Լեաուն հեռացել է սոցցանցերից
Հաջորդ հոդվածը
Վահե Գևորգյանը լավագույնն է, որի հետ երբևէ աշխատել եմ․ Ալաշկերտի պաշտպանի հարցազրույցը՝ ակումբի պաշտոնական կայքին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։