BazaResidence
6 միլիոն եվրո՝ հանուն Մոուրինյուի. Վերջնական որոշումը Պերեսինն է| ՊՍԺ-Բավարիա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Վահե Գևորգյանը լավագույնն է, որի հետ երբևէ աշխատել եմ․ Ալաշկերտի պաշտպանի հարցազրույցը՝ ակումբի պաշտոնական կայքին| Հայաստանի գավաթ. Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումներին ընդառաջ| Երկրպագուների ճնշման պատճառով Ռաֆայել Լեաուն հեռացել է սոցցանցերից| Չեմպիոնների լիգան ոչ մեկին ոչինչ պարտք չէ, ամեն ինչ պետք է վաստակել. Դիեգո Սիմեոնե|
Վահե Գևորգյանը լավագույնն է, որի հետ երբևէ աշխատել եմ․ Ալաշկերտի պաշտպանի հարցազրույցը՝ ակումբի պաշտոնական կայքին
Այսօր 21:10

Վահե Գևորգյանը լավագույնն է, որի հետ երբևէ աշխատել եմ․ Ալաշկերտի պաշտպանի հարցազրույցը՝ ակումբի պաշտոնական կայքին

«Ալաշկերտի» բրազիլացի պաշտպան Կլայդեր Մասեդոն «Ալաշկերտի» մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է իր ֆուտբոլային ճանապարհի մասին՝ սկսած Բրազիլիայում առաջին քայլերից մինչև Եվրոպայում և Հայաստանում ունեցած փորձը։ 27-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի առաջնությունում է հանդես գալիս 2024 թվականի օգոստոսից։

-Պատմիր՝ ինչպես սկսվեց քո ֆուտբոլային ճանապարհը Բրազիլիայում։

- Բրազիլիայում ամեն ինչ սկսվեց, երբ ես 8 տարեկան էի։ Հայրս միշտ եղել է այն մարդը, ով խրախուսել և աջակցել է ինձ ֆուտբոլում։ Սկզբում խաղում էի ֆուտզալ, իսկ հետո շարունակեցի մարզումներս ֆուտբոլում։ Բրազիլիայում ֆուտբոլ սկսելն ավելի հեշտ է, որովհետև այդ երկիրը բառացիորեն ապրում ու շնչում է ֆուտբոլով ամեն օր։



-Ինչպիսի՞ն էր քո փորձը բրազիլական ակումբներում․ ինչն էր այնտեղ ամենաբարդը կամ ամենահետաքրքիրը։

-14 տարեկանում առաջին անգամ միացա պրոֆեսիոնալ ակումբի, քանի որ դա նվազագույն տարիքն է, երբ կարելի է ապրել ակումբի բազայում։ Անկասկած, մարզիկի կյանքի ամենադժվար փուլը սկզբում ընտանիքից հեռու լինելն է։ 14 տարեկանում ես մոտ 1000 կմ հեռու էի իմ ընտանիքից, և դա ամենաբարդն էր։

-2023-ին տեղափոխվեցիր Եվրոպա՝ խաղալու Բուլղարիայում։ Ինչպե՞ս ընդունեցիր այդ փոփոխությունը։ -2023 թվականին, 24 տարեկանում, Բրազիլիայում 10 տարի խաղալուց հետո տեղափոխվեցի Բուլղարիա։ Դա մի երկիր էր, որը շատ լավ ընդունեց ինձ, և որի հանդեպ միշտ ջերմ զգացումներ կունենամ, քանի որ հենց այնտեղ սկսվեց իմ կարիերան Բրազիլիայից դուրս։ Առաջին վեց ամիսները հիմնականում հարմարվելու շրջան էին, որովհետև ամեն ինչ փոխվում է՝ ֆուտբոլը, խաղաոճը, պահանջները։ Ի՞նչ տարբերություններ նկատեցիր բրազիլական և բուլղարական ֆուտբոլի միջև։

-Բրազիլիայում ավելի շատ ապավինում են անհատական վարպետությանը, իսկ արտերկրում ավելի մեծ կարևորություն է տրվում թիմային խաղին։ Հարմարվելուց հետո ամեն ինչ լավ ընթացավ։ Մենք ավարտեցինք Բուլղարիայի առաջնության լավագույն 5 թիմերի շարքում, ինչը ակումբը երբեք չէր արել։

-Բուլղարիայում խաղալը ի՞նչ տվեց քեզ որպես ֆուտբոլիստ։

-Ինձ օգնեց արագ զարգանալ, ձեռք բերել փորձ և ավելի լավ հասկանալ խաղը՝ թե՛ դաշտում, թե՛ դրանից դուրս։



-Ինչպե՞ս ստացվեց քո տեղափոխությունը Հայաստան։

-Բուլղարիայում երկու տարի անցկացնելուց հետո հետաքրքրություն եղավ «Վան» ֆուտբոլային ակումբից, և ես նույնպես ցանկանում էի հեռանալ Բուլղարիայից։ Ակումբի ներկայացուցիչներից մեկը կապվեց ինձ հետ, և ամեն ինչ շատ լավ համընկավ, որպեսզի տեղափոխվեմ այստեղ։ Ակումբում հանդիպեցի հրաշալի մարդկանց, և ոչ մի պահ չեմ ունեցել դժգոհելու։ Բոլորը միշտ հարգանքով են վերաբերվել ինձ և մյուսներին։ Կարծում եմ՝ Հայաստանում բոլոր ակումբների մեջ մենք ունեինք լավագույն մթնոլորտը։ Իմ տեղափոխությունը այստեղ իսկապես շատ հաջող էր։

-Առաջին մրցաշրջանն անցկացրեցիր Վանում, հետո տեղափոխվեցիր Ալաշկերտ։ Ինչպիսի՞ն էին քո առաջին տպավորությունները Հայաստանից և ֆուտբոլային միջավայրից։

-Այս անգամ հարմարվելը ավելի հեշտ էր։ Մի քանի շաբաթում արդեն սովորել էի ամեն ինչին։ Ակումբի մարդիկ մեծ դեր խաղացին դրանում՝ նրանք իսկապես օգնեցին ինձ արագ հարմարվել։ Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ինչպես բոլորը գիտեն, թիմը պահպանել է նախորդ մրցաշրջանի բոլոր խաղացողներին և մարզչական շտաբին, ինչը կարևոր էր, որպեսզի ես մնամ այստեղ։ Այդ պատճառով թիմում մթնոլորտը մնացել է շատ լավ․ բոլորը ճանաչում են միմյանց և հարգում։ Ես ուրախ եմ, որ նման միջավայրում եմ։ Իհարկե, ունենք մեր նպատակներն ու սպասելիքները, և եթե այսպես շարունակենք, կհասնենք դրանց։

-Ինչպե՞ս կբնութագրես քեզ որպես պաշտպան։



-Դաշտում ես ինձ համարում եմ տեխնիկական կենտրոնական պաշտպան՝ խելացի, ֆիզիկապես ուժեղ, լավ օդային խաղով և առաջնորդի հատկություններով։ Ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ խաղի ընթացքում։ Իմ դիրքում ինձ համար օրինակ են եղել Սերխիո Ռամոսը և Տիագո Սիլվան․ նրանց խաղն եմ ամենաշատը հետևել։

-Ի՞նչ նպատակներ ունես այս մրցաշրջանի համար։

-Մեր լավագույն սցենարով նպատակը, իհարկե, Հայաստանի առաջնությունում հաղթելն է։ Բայց ես կասեի՝ հիմնական նպատակը խաղ առ խաղ առաջ գնալն է, ամեն օր առավելագույնը տալը։ Այդ դեպքում դրական արդյունքները կգան, և մենք կկարողանանք հաջորդ մրցաշրջանում խաղալ եվրոպական մրցաշարերում։

-Շատ մարզիչների հետ ես աշխատել քո կարիերայում։ Ի՞նչով է առանձնանում Վահե Գևորգյանը և ինչ է տվել նա քեզ որպես մարզիչ։

-Ինչ վերաբերում է մեր մարզչին, ինչպես նշեցիք, ես աշխատել եմ շատ մարզիչների հետ, բայց իմ կարծիքով՝ նա լավագույնն է, ում հետ երբևէ աշխատել եմ։ Ես դա արդեն ասել եմ նաև նրան։ Կարծում եմ՝ նա զարգացրել է իմ մրցակցային կողմը։ Նա գիտի, թե ինչպես անել, որ մենք ամեն օր ավելի լավ մարզվենք և խաղանք։ Դա էլ, իմ կարծիքով, բարձրակարգ խաղացողների հիմնական տարբերությունն է՝ ամեն օր լինել լավագույնը։

-Ինչպիսի՞ն է կյանքը Երևանում։ Ունե՞ս սիրելի վայրեր կամ զբաղմունքներ այստեղ։

-Երևանում իմ կյանքը շատ հանգիստ է։ Հազվադեպ եմ դուրս գալիս։ Ես ապրում եմ կնոջս և շան հետ, և մենք սիրում ենք մեր առօրյան անցկացնել տանը։ Սովորաբար ռեստորաններ չենք գնում։ Երբ դուրս ենք գալիս, հիմնականում գնում ենք Երևանի կենտրոն, զբոսնում և վայելում քաղաքի գեղեցիկ մթնոլորտը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում իմ ազատ ժամանակը կապված է ընտանիքիս հետ լինելու հետ, և դա ամենաշատն եմ սիրում։

-Ինչպե՞ս կբնութագրես հայկական մշակույթը և մարդկանց։

-Հայ մարդկանց, որոնց ճանաչում եմ, շատ եմ հավանում։ Ինչպես ասացի, շատ դուրս չեմ գալիս, բայց նրանք, ում հանդիպել եմ, հաճելի և հարգալից մարդիկ են։ Նրանք նաև շատ են սիրում Բրազիլիան և ինձ շատ լավ են վերաբերվում։

-Սիրելի՞ ուտեստ (կարող ես համեմատել բրազիլական ու հայկական խոհանոցը)

-Կարծում եմ՝ աշխարհում չկա Բրազիլիայից լավ խոհանոց։ Շատ ուտեստներ կարող եմ նշել։ Իհարկե, կարոտում եմ բրազիլական սնունդը, բայց Հայաստանում կան որոշ նման տարբերակներ, որոնք երբեմն օգնում են դա մոռանալ։ Այստեղ ինձ դուր է գալիս շաուրման, սիրում եմ այն։

-Եթե ֆուտբոլիստ չլինեիր, ի՞նչ կդառնայիր։

-Դա շատ բարդ հարց է․ եթե ֆուտբոլիստ չլինեի, անկեղծ ասած՝ չգիտեմ ինչ կլինեի։ Ֆուտբոլը միշտ եղել է իմ առաջին, երկրորդ և երրորդ ընտրությունը (ծիծաղում է)։

-Ի՞նչ կասես Ալաշկերտ ՖԱ-ի երկրպագուներին։

-«Ալաշկերտի» բոլոր երկրպագուներին ուզում եմ խնդրել աջակցել մեզ և ասել, որ մենք ամեն օր աշխատում ենք մեծ նվիրվածությամբ՝ հաջողության հասնելու համար։ Աջակցեք մեզ և ամեն ինչ վերջում լավ կլինի։

Նախորդ հոդվածը
Հայաստանի գավաթ. Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումներին ընդառաջ
Հաջորդ հոդվածը
ՊՍԺ-Բավարիա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։