ՉԼ․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը ու լավագույն ֆուտբոլիստը
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումներին մասնակցած ֆուտբոլիստներից բաղկացած խորհրդանշական հավաքականը և բնութագրել յուրաքանչյուրի խաղը․
Դավիդ Ռայա («Արսենալ»)․ «Արսենալի» իսպանացի դարպասապահը կատարեց վճռորոշ սեյվեր՝ հետ մղելով Խուլիան Ալվարեսի և Ադեմոլա Լուկմանի հարվածները։ Նրա փայլուն խաղի շնորհիվ լոնդոնցիները տուն վերադարձան հավասար պայմաններում։
Դայո Ուպամեկանո («Բավարիա»)․ Ֆրանսիացի պաշտպանը գլխի հարվածով խփեց իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայում՝ նոր կյանք հաղորդելով «Բավարիային» (5:3 հաշվի ժամանակ)։ Նա նաև անառիկ էր պաշտպանությունում՝ հաղթելով իր բոլոր երեք մենապայքարները «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։
Մարկ Պուբիլ («Ատլետիկո»)․ «Ատլետիկոյի» կենտրոնական պաշտպանը ցուցադրեց հուսալի խաղ՝ հաղթելով վեց մենապայքարներից չորսում։ Բացի այդ, խաղավարտին նա հիանալի կերպով կանխեց Լեանդրո Տրոսարի վտանգավոր հարվածը։
Գաբրիել («Արսենալ»)․ Պաշտպանության իսկական վարպետ. բրազիլացին հիանալի կերպով կանգնեցրեց Անտուան Գրիզմանին։ «Մետրոպոլիտանոյում» նա ընդհանուր առմամբ երեք անգամ արգելափակեց մրցակցի հարվածները և յոթ անգամ հեռացրեց գնդակը վտանգավոր գոտուց։
Մայքլ Օլիսե («Բավարիա»)․ Բացի կենտրոնով ներխուժումից և թիմի երկրորդ գոլը խփելուց, տաղանդավոր վինգերը ցուցադրեց անհատական խաղի իր վարպետությունը։ Նա շաբաթվա ընթացքում կատարեց ամենաշատ խաբսերը՝ 10 փորձից 8-ը պսակելով հաջողությամբ։
Վիտինյա (ՊՍԺ)․ Պորտուգալացի փլեյմեյքերը փոխանցումների միջոցով թելադրում էր ՊՍԺ-ի խաղի տեմպը։ Նա հիանալիորեն գործում էր գծերի միջև և կատարեց երեք առանցքային փոխանցում։
Ժոաու Նեվեշ (ՊՍԺ)․ Գլխի հարվածով դարձավ ՊՍԺ-ի երկրորդ գոլի հեղինակը և հսկայական աշխատանք կատարեց պաշտպանությունում։ Նա պարբերաբար նահանջում էր հետին գիծ՝ անձնական հսկողության տակ առնելով Ջամալ Մուսիալային։
Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ)․ «Բավարիայի» դեմ խաղում Լուիս Էնրիկեի գլխավոր «դրիբլյորը» հերթական տպավորիչ անհատական գոլը խփեց, ապա դարձավ դուբլի հեղինակ։ Խվիչան իր կարիերայում առաջին անգամ Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում հատեց 10 գոլի սահմանագիծը։
Անտուան Գրիզման («Ատլետիկո»)․ Չեմպիոնների լիգայի շրջանակում, իր վերջին տնային խաղում, ֆրանսիացին իսկական ներկայացում մատուցեց «Մետրոպոլիտանոյի» երկրպագուներին։ Նա անընդհատ ազատ տարածություններ էր գտնում խաղը կազմակերպելու համար և երկու անգամ շատ մոտ էր գոլ խփելուն։
Ուսման Դեմբելե (ՊՍԺ)․ Դեմբելեի սառնասրտությունն ու արդյունավետությունը դարձել են ՊՍԺ-ի՝ մինչև կիսաեզրափակիչ հասնելու գրավականը։ Նա դիպուկ հարվածով խփեց փարիզցիների հինգերորդ գոլը, իրացրեց 11-մետրանոցը առաջին խաղակեսում և դարձավ գոլային փոխանցման հեղինակ Ժոաու Նեվեշի համար։
Լուիս Դիաս («Բավարիա»)․ «Բավարիայի» կոլումբացի վինգերը դարձավ հրաշալի գոլի հեղինակ և ցուցադրեց գնդակին տիրապետելու իր վարպետությունը։ Նա կատարեց 11 անհատական անցում (յուրաքանչյուրը 10 մետր և ավելի տարածությամբ), ինչը շաբաթվա լավագույն ցուցանիշն է մրցաշարում։
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ուսման Դեմբելեն։
