Գոլն անարդարացիորեն խլվել է մեզանից․ Նոայի զարգացման տնօրեն
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Նոան» ոչ-ոքի՝ 0։0 հաշվով է ավարտել «Փյունիկի» հետ տնային հանդիպումը։ 54-րդ րոպեին Արամ Խամոյանը գրավել է «Փյունիկի» դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը դրվագի կրկնապատկերը դիտելուց հետո չեղարկել է գոլը՝ արձանագրելով խախտում «Նոայի» ֆուտբոլիստ Գուստավո Սանգարեի գործողություններում։
«Նոայի» զարգացման տնօրեն, ՀՖՖ գործկոմի անդամ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դրվագին, նշելով, որ գոլը ակնհայտորեն և անարդարացիորեն խլվել է «Նոայից»։
«Արդեն երկու մրցաշրջան է՝ մենք մեր խաղերը նկարահանում ենք մեր սեփական տեսախցիկներով՝ բոլոր վիճահարույց դրվագների վերաբերյալ ամբողջական պատկեր ունենալու նպատակով։
Մինչ այժմ հազվադեպ ենք հրապարակել այդ նյութերը, քանի որ դրանք որևէ դրական արդյունք չեն տալիս։
Սակայն այս անգամ բացառություն կանեմ:
Այս գոլը ակնհայտորեն և անարդարացիորեն խլվել է մեզանից։ Վերանայելով թե՛ պաշտոնական հեռարձակման կադրերը, թե՛ մեր սեփական նկարահանումը՝ չենք կարող գտնել որևէ հիմնավոր բացատրություն չեղարկման համար։
Դժվար է հասկանալ, թե ինչպես այս հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի:
Բայց.....մենք կանգ չենք առնելու։ Շարունակելու ենք պայքարել, ամեն օր աշխատել, որպեսզի մեր երազանքները դառնան իրականություն։
Առա՛ջ Նոա»,-գրել է Աննա Օհանյանը։
24-րդ տուրից հետո «Նոան» 43 միավորով 5-րդ տեղում է։
Լուսանկարն ու գրառումը՝ Աննա Օհանյանի ֆեյսբուքյան էջից։
Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։
Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։