Fastex Պրեմիեր լիգա. 16-րդ տուրից հետաձգված 2 հանդիպումներին ընդառաջ
Մայիսի 6-ին կկայանան 16-րդ տուրից հետաձգված 2 հանդիպումները:
Sportmedia.am-ը ներկայացնում է այդ խաղերի անոնսը։
«Գանձասար» - «Նոա»
Մայիսի 6, ժամը՝ 19:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
5 խաղ, որոնցում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-18
1-ին շրջան. 17.08.2025 «Նոա» - «Գանձասար»՝ 4-1 (3-1)
Գոլերը՝ 1-0՝ Հելդեր Ֆեռեյրա 7՛, 2-0՝ Գոռ Մանվելյան 24՛, 2-1՝ Լյուկ Մերիլ 26՛, 3-1՝ Տակուտո Օշիմա 45+1՛, 4-1՝ Վիրջիլ Պինսոն 85՛:
3-րդ շրջան. 10.04.2026 «Գանձասար» - «Նոա»՝ 0-3 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Մաթեուս Այաս 42՛, 0-2՝ Սերգեյ Մուրադյան 60՛, 0-3՝ Նարդին Մուլահուսեյնովիչ 74՛:
«Գանձասար»՝ 8-րդ տեղ (21 միավոր), «Նոա»՝ 5-րդ տեղ (43 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Գանձասարը» լավ տպավորություն է թողնում առաջնության գարնանային հատվածում: Նախորդ տուրում Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտվեց «Վանին»: Առաջնության վերջին 5 հանդիպումներում գանձասարցիները 3-րդ պարտությունը կրեցին՝ վաստակելով ընդամենը 4 միավոր:
2. «Նոան» միակ թիմն է, որն առաջնության գարնանային հատվածում անպարտելի է՝ անցկացրած 8 հանդիպումներում վաստակելով 20 միավոր: Գործող չեմպիոնը 2026թ. սկսեց առաջնությունում տարած 6 անընդմեջ հաղթանակով, այնուհետև մեկական միավոր վաստակեց «Ալաշկերտի» (1-1) և «Փյունիկի» (0-0) հետ հանդիպումներում:

3. «Նոան» «Գանձասարի» ամենադժվարին մրցակիցներից մեկն է: Մրցակիցների ծանոթությունը տեղի է ունեցել նախորդ մրցաշրջանում: Թե առաջնության և թե գավաթի մրցաշարում կայացած բոլոր 7 խաղերն էլ ավարտվել են «Նոայի» հաղթանակով, ընդ որում առաջին 4 խաղերում (երկուսը՝ գավաթի մրցաշարում) գրանցվել է խոշոր հաշիվ: Այդ հանդիպումներում ընդհանուր առմամբ «Նոան» 18 գոլ էր խփել: Իսկ ահա գանձասարցիները դեռ չէին գտել մրցակցի դարպասի բանալին:
Եվ միայն ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում «Գանձասարին» վերջապես հաջողվեց գրավել «Նոայի» դարպասը՝ կրելով պաշտոնական մրցումներում խոշոր հաշվով 5-րդ պարտությունը:
2024թ. դեկտեմբերի 8-ին մրցակիցների միջև կայացած առաջնության առաջին խաղում «Նոան» 7 անպատասխան գնդակ էր խփել գանձասարցիների դարպասը՝ տոնելով Հայաստանի առաջնություններում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը: Այդ խաղում Էրալդ Չինարին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել:
4. Ապրիլի 10-ին մրցակիցների միջև կայացած 3-րդ շրջանի խաղում գրավելով «Գանձասարի» դարպասը, Մաթեուս Այասը «Նոայի» կազմում բոլոր մրցաշարերում խփած գոլերի ընդհանուր քանակը հասցրել էր 28-ի և դարձել էր ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Գոնսալու Գրեգորիուի ռեկորդային ցուցանիշը:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Նոա»՝ Գոնսալու Գրեգորիու - 4 գոլ:
«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»
Մայիսի 6, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
26 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 10 անգամ, «Փյունիկը»՝ 9, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 37-33
1-ին շրջան. 25.11.2025 «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 1-0 (1-0)
Գոլը՝ 1-0՝ Խավիեր Մորենո 18՛:
3-րդ շրջան. 11.04.2026 «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 0-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Խուան Բալանտա 24՛, 11մ, 0-2՝ Ուգո Օլիվեյրա 90+2՛:
«Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (51 միավոր), «Փյունիկ»՝ 2-րդ տեղ (45 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Չեմպիոնի տիտղոսի հավակնորդ երկու թիմերի 16-րդ տուրից հետաձգված հանդիպման ելքն անչափ կարևոր է ոսկե մեդալների համար մղվող պայքարում: «Արարատ-Արմենիայի» հաղթանակի դեպքում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն էլ ավելի կմեծացնի միավորների տարբերությունն իրեն հետապնդողներից, որոնց գործնականում գրեթե անհնար կլինի շրջանցելու առաջատարին: Բացի այդ էլ, «Ուրարտուն» և «Ալաշկերտը» դուրս կմնան չեմպիոնական մրցավազքից:
Իսկ ահա «Փյունիկի» հաղթանակի դեպքում չեմպիոնության համար մղվող պայքարը կհասնի գագաթնակետին, փյունիկցիներն էլ լավ հնարավորություն կստանան հավակնելու ոսկե մեդալներին:
2. «Արարատ-Արմենիան» նախորդ տուրում անչափ կարևոր հաղթանակ տարավ «Ուրարտուի» նկատմամբ՝ ավելի ամրապնդելով միանձնյա առաջատարի իր դիրքը: Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առաջնությունում 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Այդ խաղերում «Արարատ-Արմենիան» 12 գոլ խփեց՝ դարպասը պահելով անառիկ: Առաջնության վերջին 7 հանդիպումներում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն անպարտելի է: Վերջին պարտությունն առաջնության առաջատարը կրել է մարտի 7-ին՝ նվազագույն հաշվով զիջելով «Ալաշկերտին»:
3. Նախորդ տուրում «Փյունիկը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Նոայի» հետ: Առաջնության վերջին 4 հանդիպումներում փյունիկցիները թանկարժեք 8 միավորի կորուստ ունեցան, ինը կարող է ճակատագրական լինել չեմպիոնության համար մղվող պայքարում:

4. Այս խաղում խփված 2-րդ գնդակը կլինի Հայաստանի առաջնություններում «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված ընդհանուր 2800-րդ գոլը: «Արարատ-Արմենիայի» դարպասը երկու անգամ գրավելու դեպքում «Փյունիկը» Հայաստանի առաջնություններում 1950-րդ գոլի հոբելյանը կնշի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Փյունիկ»՝ Լուկա Յուրիչիչ, Յուսուֆ Օտուբանջո - 4-ական գոլ:
«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 6 գոլ:
5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի փյունիկցիներ Ֆիլիպե Ալմեյդան և Միխայիլ Կովալենկոն: