Կրասնոդարը պաշտոնապես հայտարարեց Սպերցյանի տեղափոխության մասին
«Կրասնոդարն» ու «Ալ-Ահլին» ավարտին են հասցրել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը։ Կիսապաշտպանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի ամենանշանավոր սաներից մեկն է։ Թիմի մարզաշապիկով անցկացրած 185 հանդիպումներում նա դարձել է ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն՝ վաստակելով 102 արդյունավետ միավոր (58 գոլ և 44 գոլային փոխանցում)։
2024/25 մրցաշրջանում, լինելով թիմի ավագը, Սպերցյանը «ցլերին» առաջնորդել է դեպի ակումբի պատմության առաջին չեմպիոնական տիտղոսը։ Իսկ 2025/26 մրցաշրջանում նա դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը՝ կատարելով 16 գոլային փոխանցում, ինչպես նաև լավագույն ցուցանիշն ունեցել «գոլ + գոլային փոխանցում» անվանակարգում՝ գրանցելով 29 արդյունավետ միավոր (13 գոլ և 16 գոլային փոխանցում)։
«Մաղթում ենք Էդուարդին հաջողություն իր ֆուտբոլային ճանապարհի նոր փուլում։ Շնորհակալություն ամեն ինչի համար, ավագ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։