Կառանձնացնեմ Ալաշկերտի արագ հակագրոհները, երիտասարդ ֆուտբոլիստների էներգիան և հաղթելու մեծ ցանկությունը. Ելիմայի գլխավոր մարզիչ
«Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում վաղը՝ հուլիսի 16-ին, ղազախական Սեմեյ քաղաքում կմրցի «Ելիմայի» հետ: Երևանում նախորդ շաբաթ կայացած խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշիվը: Պատասխան խաղից առաջ ղազախական թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Կարպովիչը կիսվել է սպասելիքներով, խոսել «Ալաշկերտի» մասին:
«Վաղը մեզ համար պատմական օր է։ Մենք երկար էինք սպասել այս պահին, և վերջապես մեր քաղաք ու մեր մարզ վերադարձել է եվրոպական մակարդակի մեծ ֆուտբոլը։ Բնականաբար, ցանկանում ենք ուրախություն պարգևել մեր երկրպագուներին, ողջ տարածաշրջանին, հաղթահարել այս փուլը և առաջ շարժվել։ Բացի այդ, ցանկանում ենք նաև կարևոր միավորներ վաստակել Ղազախստանի համար՝ եվրագավաթային վարկանիշային աղյուսակում։ Սա ևս շատ կարևոր նպատակ է մեզ համար։
Ինչ վերաբերում է մրցակցին, ապա մեզ սպասվում է լավ կազմակերպված և ուժեղ թիմի հետ հանդիպում։ Այս փուլում, կարծում եմ, արդեն մեծ նշանակություն չունի, թե որ թիմի առաջնությունն է ընթացքի մեջ, իսկ որը դեռ չի մեկնարկել։ Մեր խաղերը բոլորի համար հասանելի էին, և մրցակիցը կարող էր մանրամասն ուսումնասիրել մեզ։ Մենք ոչինչ չէինք թաքցնում։ Մինչդեռ մեզ համար նախապատրաստվելը մի փոքր ավելի դժվար էր, քանի որ Հայաստանի առաջնությունը դեռ չի մեկնարկել, բացի այդ, «Ալաշկերտը» նախորդ տարվա համեմատ որոշակի փոփոխություններ է կրել։ Այդ պատճառով տեղեկատվության առումով մենք ավելի բարդ իրավիճակում էինք։
Ինչպես արդեն ասել եմ, ամեն ինչ կախված է մեզնից։ Վաղվա պատասխան խաղը կորոշի այս դիմակայության հաղթողին»,- ասել է մարզիչը:
Նա կարևորել է նաև երկրպագուների աջակցությունը:
«Մենք գիտենք, թե որքան մեծ հետաքրքրություն կա այս հանդիպման նկատմամբ։ Բոլոր տոմսերը վաճառվել են ընդամենը կես օրվա ընթացքում։ Մարդիկ երկար էին սպասում այս օրվան, և վաղը այն վերջապես կգա։ Մեր գլխավոր նպատակն է ուրախացնել երկրպագուներին և անցնել հաջորդ փուլ։
Միևնույն ժամանակ շատ լավ հասկանում ենք, որ հեշտ չի լինելու։ Մենք հարգում ենք մրցակցին, գիտենք նրա ուժեղ կողմերը։ «Ալաշկերտը» երիտասարդ, դինամիկ թիմ է, որի կազմում կան նաև փորձառու ֆուտբոլիստներ և ազգային հավաքականի խաղացողներ։ Բացի այդ, ակումբը եվրոպական մրցաշարերում մեզանից ավելի մեծ փորձ ունի, ինչը ևս նրանց առավելություններից մեկն է։
Ի վերջո, ամեն ինչ կվճռվի խաղադաշտում։ Առաջին հանդիպումը մանրամասն վերլուծել ենք։ Մրցակցի հարկի տակ խաղալը միշտ էլ բարդ է, հատկապես երբ նախապես տեղեկատվությունը սահմանափակ է։ Վաղվա հանդիպմանը մեծ անհամբերությամբ ենք սպասում։ Մեր տրամադրվածությունը վճռական է, և մեր նպատակը մեկն է՝ անցնել հաջորդ փուլ»,- նշել է Կարպովիչը:
Sportmedia.am-ը մարզչին հարց է ուղղել՝ ո՞ւմ կառանձնացնի «Ալաշկերտի» կազմում.
«Չեմ կարծում, որ ճիշտ կլինի առանձնացնել մեկ ֆուտբոլիստի։
Մենք մանրամասն ուսումնասիրել ենք գրեթե յուրաքանչյուր խաղացողի, ունենք նրանց անհատական բնութագրերը։ Գիտենք, թե ովքեր են լավ կատարում ստանդարտները, ովքեր են արագ, ովքեր՝ բարձրահասակ։
Գիտենք նաև այն ֆուտբոլիստին, որը փոխարինման դուրս եկավ և գոլ խփեց։ Այդ դրվագում ակնհայտ էր նրա մեծ ցանկությունը, աչքերի կրակն ու վճռականությունը։
Ընդհանուր առմամբ, մենք լավ ճանաչում ենք «Ալաշկերտի» բոլոր ֆուտբոլիստներին։ Դա մեր աշխատանքի մի մասն է, սակայն չեմ ցանկանա որևէ մեկին առանձնացնել։ Այն, ինչ առաջին հերթին աչքի է ընկնում, թիմի արագ հակագրոհներն են, երիտասարդ ֆուտբոլիստների էներգիան և հաղթելու մեծ ցանկությունը»,- ընդգծել է մարզիչը:
«Ելիմայ»-«Ալաշկերտ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:000-ին և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում: