Ալաշկերտի գլխավոր հաղթաթուղթը երիտասարդությունն է. Ելիմայի հարձակվող
«Ելիմայի» հարձակվող Ժան-Ալի Պայրուզը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ալաշկերտի» հետ վաղը կայանալիք խաղից առաջ կիսվել է սպասելիքներով:
«Վաղը մեր քաղաքի և ակումբի համար պատմական օր է. առաջին անգամ մեր քաղաքը եվրագավաթային հանդիպում կընդունի, բոլորը շատ են սպասել այս օրվան: Սկսած թիմի մարզչական շտաբից մինչև մարզադաշտի աշխատակիցներ՝ բոլորն ապրում են այս ամենով: Շատ ուրախ ենք, որ ներկայացնում ենք Ղազախստանը, դա մեծ պատասխանատվություն է:
Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ապա թիմը լավ տպավորություն թողեց: Երիտասարդ, լավ ու դինամիկ թիմ է: Կարծում եմ՝ նրանց հիմնական հաղթաթուղթը հենց երիտասարդ լինելն է. ցանկանում են իրենց լավագույնս դրսևորել: Թեև իրենց առաջնությունը դեռ չի սկսվել, բայց առաջին խաղում լավ տեսք ունեին: Լիարժեք պատրաստվել ենք, աշխատել ենք սխալների ուղղությամբ, նայել ենք նրանց մասնակցությամբ խաղերը: Հետևություններ ենք արել: Կարծում եմ՝ լիարժեք պատրաստ ենք վաղվա խաղին, ներդնելու ենք մեր ուժերը 200 տոկոսով, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին»,- ասել է նա: