Երկու օր աշխատել էինք 11-մետրանոցների վրա, դա վիճակախաղ չէ. Վահե Գևորգյան
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը ԿԼ որակավորման երկրորդ փուլ դուրս գալուց հետո Սեմեյում պատասխանել է լրագրողների հարցերին:
«Կարծում եմ՝ արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն, երկու թիմերն էլ հնարավորություն ունեին: Ինչպես Երևանում, այնպես էլ հիմա հավասար խաղ էր, երբեմն առավելությունն այս կամ այն թիմի մոտ էր: Մենք բնավորություն ցույց տվեցինք, ուզում եմ շնորհակալություն հայտնել տղաներին կամքի ուժի և բնավորության համար: Ամեն օր այսպիսի խաղ չես տեսնի: Արդյոք սպասո՞ւմ էինք 11-մետրանոցի. այո, երկու օր մարզումների ժամանակ աշխատել ենք դրա վրա: Հավասար թիմեր էինք, ու ամեն բան հնարավոր էր, ամեն ինչի պատրաստ էինք»,- ասել է Վահե Գևորգյանը:
– Ի՞նչ ասացիք տղաներին ընդմիջման ժամանակ։
– Ես մի փոքր ավելի խորքից կսկսեմ։ Մեր ու «Ելիմայի» դիմակայությունն իրականում հավասար պայքար էր։ Առավելությունը պարբերաբար անցնում էր մի թիմից մյուսին․ ինտերվալներով մեկ մենք էինք գերազանցում, մեկ՝ նրանք։ Իմ կարծիքով՝ երկրորդ խաղակեսի երկրորդ հատվածը մենք տապալեցինք։ Միգուցե էմոցիաները պետք է նորից վերապրեմ ու ամբողջ խաղը դիտեմ, ինչպես դուք էլ նշեցիք։ Բայց կրկին եմ ասում՝ և՛ մենք ունեցանք պահեր, և՛ մրցակիցը։
– Հետխաղային 11-մետրանոցների ժամանակ Արսեն Բեգլարյանը նույնպես իրացրեց հարվածներից մեկը։ Դա նախապես ծրագրվա՞ծ էր, թե պարզապես ֆուտբոլիստներն այնքան հոգնած էին, որ նրան վստահեցիք:
– Ոչ, մենք երկու օր աշխատել էինք 11-մետրանոցների վրա։ Տեսել էինք, թե ով է ավելի սառնասիրտ, ով է ճիշտ կատարում 11-մետրանոցը։
Արսենը սառնասիրտ, փորձառու անձնավորություն է։ Բացի այդ, այն ֆուտբոլիստներից մի քանիսը, ովքեր սովորաբար իրացնում են մեր 11-մետրանոցները, այդ պահին արդեն դաշտում չէին՝ Կարեն Նալբանդյանը և մյուսները։ Հետևաբար պետք էր ընտրել համապատասխան ֆուտբոլիստ։
Մի ֆուտբոլիստ հրաժարվեց, ինչը ես լրիվ նորմալ եմ համարում։ Եթե մարդը զգում է, որ հոգեբանորեն պատրաստ չէ, ավելի պրոֆեսիոնալ է ասել՝ «չեմ խփի», քան լռել, գնալ ու չիրացնել հարվածը։
Արսենին հարցրեցի՝ պատրա՞ստ է։ Նա պատասխանեց՝ «այո»։ Մարզումների ընթացքում էլ տեսել էի, որ նա հոգեբանորեն ամուր է։ Վրիպեց, թեև հետո ուղղեց սխալը՝ արդեն մրցակցի հարվածը հետ մղելով:
– Կարեն Նալբանդյանը, կարծես, վնասվածքի պատճառով փոխարինվեց։ Նախնական տեղեկություններ կա՞ն՝ հաջորդ խաղին կհասցնի՞ վերականգնվել։
– Կարենն արդեն ցավերով էր խաղում։ Ամեն դեպքում հուսով եմ, որ վնասվածքը լուրջ չէ։ Կվերադառնանք Երևան, կանցկացնենք հետազոտություն և արդեն դրանից հետո պարզ կլինի։
Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Կարենին, ինչպես նաև մեր բոլոր ֆուտբոլիստներին, որ նման բնավորություն են դրսևորում ու նույնիսկ ցավերով շարունակում են խաղալ։
– Հետխաղային 11-մետրանոցների վերաբերյալ շատ տարբեր կարծիքներ կան։ Ոմանք ասում են՝ դա վիճակախաղ է, մյուսները՝ որ այնտեղ ամենամեծ դերը խաղում են հոգեբանությունն ու վարպետությունը։ Ձեր կարծիքը ո՞րն է։
– Դա չի կարող վիճակախաղ լինել։ Ես հարգում եմ բոլորի կարծիքը, բայց իմ համոզմամբ՝ 11-մետրանոցները վիճակախաղ չեն։
Դու ընտրում ես, թե ով պետք է առաջինը հարվածի։ Օրինակ՝ մենք գիտեինք, որ Փիլոյանն ունի այդ բնավորությունն ու սառնասրտությունը, դրա համար էլ առաջինը նա էր հարվածում։ Մենք նույնիսկ հերթականությունն էինք նախապես որոշել։
Իհարկե, կարող է ինչ-որ մեկը սայթաքի, ընկնի, բայց դա վիճակախաղ չէ։
11-մետրանոցները առանձին խաղ են։ Դրանք հոգեբանական պայքար են։ Ով ավելի ամուր է հոգեբանորեն, նա էլ հաղթում է։ Այդպիսին է ֆուտբոլը։
– «Ելիմայի» համար սա առաջին մասնակցությունն էր եվրագավաթներին, մինչդեռ «Ալաշկերտը» բավական մեծ փորձ ունի եվրոպական մրցաշարերում։ Ինչպես ինքներդ նշեցիք, ձեր թիմը բնավորություն ցույց տվեց։ Արդյո՞ք եվրագավաթային փորձն օգնեց։
– Բացարձակ չեմ կարող համաձայնել այդ համեմատության հետ։ Նախկին «Ալաշկերտը» այս թիմի հետ որևէ կապ չունի։
Նախկին «Ալաշկերտից» մեր կազմում գրեթե ոչ ոք չի մնացել։ Կարեն Նալբանդյանը երկու տարի առաջ մեզ հետ մասնակցել էր որակավորման փուլին, բայց նույնիսկ 20 րոպե էլ չէր խաղացել։ Մնացածներից՝ Դավիթ Տերտերյանը, Արսեն Բեգլարյանը, Հակոբ Հակոբյանը և մյուսները, եվրագավաթային փորձ գրեթե չունեն։
Ի՞նչ կապ ունի թիմի անունը։ Կարծում եմ՝ այստեղ խնդիրը բնավորությունն է։ Մեր թիմն առաջին անգամ չէ, որ նման բնավորություն է ցույց տալիս։
– Պարոն Գևորգյան, դատելով այսօրվա խաղից, թիմի պատրաստվածությունից և ֆիզիկական վիճակից՝ ի՞նչ սպասելիքներ ունեք հաջորդ փուլից։ Որքանո՞վ եք պատրաստ «Կլուժի» դեմ խաղերին։
– Մենք դեռ չենք տեսել «Կլուժին», դեռ չենք վերլուծել այդ թիմը։ Երբ ուսումնասիրենք մրցակցին, նոր կհասկանանք, թե ինչ մարտավարությամբ պետք է խաղանք։
Մի բան հստակ է՝ ցանկացած մրցակցի դեմ մենք տրամադրված ենք դրական տրամադրությամբ և սպորտային ագրեսիայով։ Մենք ուզում ենք հաղթել, ուզում ենք անցնել հաջորդ փուլ։ Կվերլուծենք մրցակցին, հետո արդեն կհասկանանք, թե ինչ մարտավարություն ենք ընտրելու։