Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով
Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Փյունիկը» Գյումրիում հյուրընկալվել է «Սարդարապատի» կողմից:
Երևանյան թիմի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով, որոնց վրա մարզչի լուսանկարն ուղեկցվել է «Շնորհակալություն» գրությամբ:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը սեպտեմբերի 7-ին հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու մասին:

Նշենք՝ ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ ակումբի գլխավոր տնօրենի՝ սպորտային հարցերով խորհրդական Դմիտրի Սելյուկի և Արտակ Օսեյանի միջև տարաձայնություններ են առաջացել: Տարաձայնությունների պատճառ են դարձել երևանյան ակումբ հնարավոր նոր ֆուտբոլիստների տեղափոխությունների վերաբերյալ տեղեկությունները։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ակումբի հավանական նորեկների թվում նշվում են Ալիշեր Ռահիմովն ու պաշտպան Տինդե Տերիբեն, սակայն նրանց տեղափոխությունները դեռ պաշտոնապես չեն հաստատվել։
«Քանի դեռ ես «Փյունիկի» գլխավոր մարզիչն եմ, առանց իմ համաձայնության ոչ մի ֆուտբոլիստ չի կարող հայտնվել մեր թիմում»,- ասել էր Օսեյանը:
Դմիտրի Սելյուկի պատասխանը չէր ուշացել:
«Մարդիկ, որոնք չեն ցանկանում աշխատել մեր կանոններով, ակումբում չեն աշխատի։ Եթե Օսեյանը չաշխատի մեր կանոններով, ապա նա «Փյունիկում» չի լինի։ «Փյունիկում» ամեն ինչ որոշելու է ակումբը, հրահանգները գալու են վերևից։ Մարզիչը գալիս է, մարզում է թիմը, զարգացնում այն և անցկացնում մարզումային գործընթացը։ Բայց երբ ինչ-որ մեկը պայմաններ է առաջադրում կամ շանտաժի է դիմում, մենք դա չենք հանդուրժի», ասել էր Սելյուկը: