Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները| Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները| Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի. Դենիս Ջորկաեֆ| ԵԼ․ Արարատ-Արմենիան պարտվեց Զալցբուրգին| Եվրոպա լիգա. Արարատ-Արմենիան այսօր Ավստրիայում կմրցի Զալցբուրգի հետ| Հայաստանը 2027 և 2028 թվականներին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնություններ|
Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները
Այսօր 10:19

Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը՝ մեկ հարկի տակ համախմբելով եվրոպական տարբեր երկրների մարզիկների, մարզիչների և մարզական պատվիրակությունների ներկայացուցիչների։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, Խուլերի սպորտի եվրոպական կազմակերպության (EDSO) նախագահ Իոսիֆ Ստավրակակիսը, Խուլերի ազգային սուրդլիմպիկ կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանը և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։


Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը շնորհավորել է առաջնությունների մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել մասնակիցներին։ Տիգրան Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին որդեգրել է միջազգային խոշոր մարզական միջոցառումներ, այդ թվում՝ ներառական մարզական մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականություն՝ կարևորելով սպորտի միջոցով հավասար հնարավորությունների ստեղծումը, ներառականության ապահովումը և միջազգային մարզական համագործակցության զարգացումը։

«Ըմբշամարտը Հայաստանի համար հենակետային և հարուստ ավանդույթներ ունեցող մարզաձև է։ Ձեր կամքի ուժը և նվիրումը օրինակ են բոլորիս համար»,- նշել է Տիգրան Սիմոնյանը՝ մասնակիցներին մաղթելով գեղեցիկ, արդար պայքար և հաղթական գոտեմարտեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հույս է հայտնել, որ մարզական մրցումներից բացի՝ մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու Հայաստանի, մասնավորապես՝ Ծաղկաձորի գեղատեսիլ բնությունը և վայելելու հայկական հյուրընկալությունը։

Խուլերի սպորտի եվրոպական կազմակերպության (EDSO) նախագահ Իոսիֆ Ստավրակակիսը ևս ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել հայկական կողմին՝ առաջնությունները հյուրընկալելու և ցուցաբերած ընդունելության համար։ Նա բարձր է գնահատել մրցաշարերի կազմակերպական աշխատանքներն ու մարզիկների համար ստեղծված պայմանները։

Խուլերի ազգային սուրդլիմպիկ կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանն իր հերթին կարևորել է Հայաստանում նման հեղինակավոր միջազգային մրցաշարերի անցկացումը՝ խուլերի սպորտի զարգացման, միջազգային համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման տեսանկյունից։ Նա հատկապես ընդգծել է պատանի և երիտասարդ մարզիկների մասնակցության կարևորությունը՝ նշելով, որ նման առաջնությունները նպաստում են նրանց մարզական ներուժի բացահայտմանը, մրցակցային փորձի ձեռքբերմանն ու հետագա առաջընթացին։


Բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է մշակութային ծրագրով։ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի և Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի սաները համատեղ կատարել են Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև հանդես եկել երաժշտական և պարային կատարումներով։ Այնուհետև տեղի է ունեցել մասնակից երկրների դրոշների հանդիսավոր շքերթը։

Խուլերի ըմբշամարտի Եվրոպայի 8-րդ, ինչպես նաև պատանիների և երիտասարդների Եվրոպայի 5-րդ առաջնություններին Հայաստանի հավաքականը ներկայացված է ավելի քան 20 մարզիկով։ Մարզական ստուգատեսները համախմբել են 11 երկրների շուրջ 145 ըմբիշների, 65 մարզիչների ու ներկայացուցիչների, 16 մրցավարների:



Առաջնությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 1-ը։


Նախորդ հոդվածը
Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի. Դենիս Ջորկաեֆ
Հաջորդ հոդվածը
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։