BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Փնտրվում է մարզիչ․ Ո՞վ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը
04 Փետրվար 2025

Փնտրվում է մարզիչ․ Ո՞վ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Մարտի 20-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կարևորագույն հանդիպում ունի Վրաստանի ընտրանու հետ։ Սկզբունքային դիմակայությունից առաջ մեր հավաքականի երկրպագուներին հետաքրքրող հարցերից առաջնայինը թիմի գլխավոր մարզիչի հարցն է։ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկությունից հետո թիմի ղեկը ժամանակավոր ստանձնած Սուրեն Չախալյանը կարողացավ Ֆարերյան կղզիների հետ տանը «ոչ փառունակ» (0։1) ելույթից հետո շտկել իրավիճակն ու հաղթել Լատվիայի ընտրանուն, ինչն էլ մեր թիմին հնարավորություն տվեց մասնակցելու Ազգերի լիգայի Բ դիզիզիոնի ուղեգրի համար անցումային խաղերին։ Այդ հանդիպումից հետո անցել է շուրջ 80 օր, բայց ՀՖՖ-ն լռում է։ Նոր մարզիչի անունը հայտնի չէ։

Միայն մի քանի օր առաջ ՀՖՖ-ն հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր`

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։ 

Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝ գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։ 

ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը»։

Ովքե՞ր են այդ ցուցակում

Թերևս ամբողջ ընթացքում շրջանառվել է մի քանի թեկնածուի անուն։ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը FastMedia-ին տված հարցազրույցում նշել էր Ռաուլի անունը։ Անվանի ֆուտբոլիստը, որը մարզչական գործունեություն է ծավալում Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմում, դժվար թե ընդունի ՀՖՖ-ի հրավերը, և համաձայնի աշխատել այն աշխատավարձով, որը բավարարում էր Կապառոսին ու Պետրակովին։ Առավել ևս, որ նույն Նիկողոսյանը նշում էր, որ անձամբ նա և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը զրուցել են Միշել Տեր-Զաքարյանի հետ ու նրա ֆինանսական պահանջները մեծ են։ Բարդ կլինի հավատալը, որ Տեր-Զաքարյանի պահանջներն ավելի մեծ լինեն, քան իսպանացունը։

Քննարկվել է նաև Իրանի ազգային հավաքականի մարզչական շտաբում աշխատող Մարգար Աղաջանյանի տարբերակը։ 

«Պետրակովն ու Կապառոսը մեզ տվեցին կատեգորիաներ, թե ինչպիսին պետք է լինի մեր մարզիչն ապագայում։ Մենք ունենք սահմանված ցանկ, թե ինչպիսի որակներ պետք է ունենա մարզիչը։ Պետք է լինի ֆուտբոլային, ամբիցիաներ ունեցող, պիտի հավաքականի հետ հաջողության հասնելը դարձնի նպատակ, լինի երիտասարդ, ունենա ինտելեկտ, աշխարհայացք, գիտենա խոսել և կրթական ցենզ ունենա, որովհետև հավաքականի ֆուտբոլիստների մեծամասնությունը հանդես են գալիս դրսում։ Մենք պետք է ունենանք մարզիչ, որը «սով» ունի ու ուզում է հաղթել։ Կարևոր չափանիշներից մեկը նաև անգլերենի իմացությունն է, որովհետև հանդերձարանում բոլորը գիտեն անգլերեն ու մարզիչը կարող է հոգին ցույց տալ», - ասել է Նիկողոսյանը։

Այս ամենի հետ մեկտեղ ՀՖՖ փոխնախագահը նաև նշել է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մարզիչի աշխատանքը կստացվի, քանի որ մարզիչը պետք է հայտնվի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում։ 

«Մենք կարող ենք 10 անգամ սխալվել և կարող է մեկ անգամից ստացվել, որովհետև ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ մարզիչը եկավ Հայաստան ու այս բազայով դուրս եկավ աշխարհի առաջնություն»։

Արդյո՞ք այս խոսքերով ՀՖՖ վերնախավն ապահովագրում է իրեն, թե՞ հավաքականին դարձնում է փորձադաշտ։

Բացի այս, ՀՖՖ փոխնախագահը վերոնշյալ հարցազրույցում հստակ նշել է՝ ընտրված մարզիչը հայաստանցի չի լինելու։

Փաստորեն, ստացվում է 2024 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ Եղիշե Մելիքյանի մասին մոռանալ է պետք։ Չնայած այս ամենին, «Փյունիկի» գլխավոր մարզիչը պատրաստ է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, եթե հասարակությունից ստանա համապատասխան ազդակներ։

Ֆեդերացիայի ղեկավար կազմի հայտարարություններից հետո ավելորդ է թվում նաև Վահե Գևորգյանի մասին խոսելը։ 37-ամյա մասնագետը, որը կարողացավ համեստ «Նորավանքի» հետ նվաճել Հայաստանի գավաթն ու այս պահին լավ աշխատանք է տանում Չարենցավանի «Վանում», նույնպես դուրս է մնում ցուցակից։ Երիտասարդ մասնագետը, թերևս, մի շարք գործոններով համապատասխանում է Նիկողոսյանի նշած պահանջներին, սակայն ինչպես արդեն նշեցինք, ֆեդերացիայի ղեկավար կազմը չի էլ դիտարկում հայաստանցի մասնագետներին։ 

  

Մամուլում խոսվում էր նաև Սերգեյ Յուրանի մասին։ Ռուսական РБ Спорт-ը նշում էր, որ 55-ամյա մարզիչը մեր ընտրանին գլխավորելու հիմնական հավակնորդներից մեկն է։ Ռուս մասնագետը, որը հասցրել է հարազատ երկրի թիմերից բացի աշխատել նաև Էստոնիայում, Լատվիայում, Ադրբեջանում, Ղազախստանում և Հայաստանում, այսօր գործազուրկ է։ Նվիրյալ երկրպագուները կհիշեն Յուրանի ժամանակաշրջանը «Միկայում»։ 2016 թվականի հունվարին նա ստանձնեց գլխավոր մարզիչի պարտականություններն, իսկ մայիսին հեռացավ` նշելով, - «հեռացա «Միկայից», քանի որ ակումբում չկան պայմաններ բարձր արդյունքներ գրանցելու համար։ Ակումբը փոքր բյուջե ունի։ «Միկայում» հետագա գործունեությունս անհեռանկարային է»։ Յուրանը երևանյան ակումբի «ղեկին» անցկացրեց 12 հանդիպում, տոնեց 5 հաղթանակ, կրեց 4 պարտություն և 3 հանդիպում էլ ավարտեց ոչ-ոքի։ 

Չնայած այս ամենին, Յուրանը նշել է, որ նրան հետաքրքրում է Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու տարբերակը`

«Ես պատրաստ եմ քննարկել նման տարբերակ։ Առավել ևս, որ արդեն աշխատել եմ այդ երկրում։ Ինձ Երևանը շատ է դուր եկել։ Ես գիտեմ, թե ինչպես է այնտեղ զարգանում սպորտը։ Կարծում եմ Հայաստանի հավաքականի կազմում կան շատ լավ, ուժեղ ֆուտբոլիստներ, որոնց հետ կարելի է «կռվել» աշխարհի առաջնությունում հայտնվելու համար։

Այս ամենին մեկտեղ Հայաստանի հավաքականում կան շատ ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի առաջնությունում, որոնց հետ ես ծանոթ եմ։ Մի խոսքով, կկրկնեմ, ինձ հետաքրքիր է, բայց ինձ դեռ չեն զանգահարել», - հայտարարել է Յուրանը։

Շրջանառվում էր նաև Մարսելինո Գարսիա Տորալի անունը։ Վերջինիս միանալն ազգային ընտրանուն անիրատեսական է թվում, քանի որ 59-ամյա մասնագետը գլխավորում է իսպանական «Վիլյառեալը», որն այս պահին Լա Լիգայում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Անցած տարվա նոյեմբերին Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանն ասել էր, որ կա մարզիչների բավականին լայն ցանկ, որոնց հետ ՀՖՖ-ն վարել է և վարում է բանակցություններ։ «Այս պահին նպատակահարմար չենք համարում նշել անուններ` գործընթացին չխանգարելու համար»։

Այդ պահից անցել է տևական ժամանակ։ Հիմա մոտենում է այն պահը, երբ պետք է պատրաստվել «կովկասյան դերբիին», իսկ դրա համար նախ պետք է ունենալ մարզիչ, ապա մտածել, թե ում հրավիրել հավաքական։ «Չոր» հաշվարկներից, հաղթելու ու պարտվելու դրական-բացասական կողմերից, Ազգերի լիգայի B դիվիզիոնում հայտնվելու կամ C-ում մնալու համար հարցերը քննարկելուց առաջ պետք է հստակ պատկերացում կազմել, թե ով է ստանձնում թիմի ղեկը, ինչ ամբիցիաներ ունի նա, ինչ տիպի ֆուտբոլ է դավանում և դեպի ուր կտանի մեր ընտրանուն։ Բազում հարցերին գումարվում է նաև դադարը Հայաստանի առաջնությունում. այն կվերսկսվի փետրվարի 25-ին ու արդյո՞ք նոր մարզիչը ժամանակ կունենա «գործի մեջ» տեսնելու իր համար նախընտրելիներին, թե՞ ոչ։ Նոյեմբերյան խաղերի համար հավաքական հրավիրված 25 ֆուտբոլիստներից 13-ը ելույթ էին ունենում ներքին առաջնությունում։

Նոր մարզիչի ընտրության հարցում չպետք է անտեսվի նաև մենթալիտետի հարցը։ Նախորդ մարզիչներից կան  «մնացած» հայտնի ու անհայտ կոնֆլիկտներ։ Սա ևս կարևոր հարցերից է մեր պարագայում։ 

Վիճակագրական ամփոփում

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի հավաքականը գլխավորած նախորդ մարզիչների վիճակագրությունը Արմեն Մելիքբեկյանի նախագահության առաջին շրջանից ի վեր (2019 թվականի դեկտեմբերից)։

  1. Աբրահամ Խաշմանյան - 2 հանդիպում, 0 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 2 պարտություն։ Խփած՝ 1, բաց թողած՝ 10 գոլ։ Հավաքականից հեռանալուց հետո 2 անգամ (20/21 և 24/25 մրցաշրջաններում) զբաղեցրել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնը։ 
  2. Խոակին Կապառոս - 26 հանդիպում, 8 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 12 պարտություն։ Միջինում՝ 1,15 միավոր։ Խփած՝ 25, բաց թողած՝ 56 գոլ։ Հավաքականից հեռանալուց հետո ոչ մի պաշտոն չի ստանձնել։
  3. Ալեքսանդր Պետրակով  - 18 հանդիպում, 4 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 10 պարտություն։ Միջինում՝ 0,89 միավոր։ Խփած՝ 22, բաց թողած՝ 29 գոլ։ 


Ինչպես արդեն նշեցինք մեր ընտրանին Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում Վրաստանի ընտրանու հետ առաջին հանդիպումը կանցկացնի այս տարվա մարտի 20-ին, պատասխան հանդիպումը՝ մարտի 23-ին։

Անկախ այն բանից, թե ով կլինի մեր ընտրանու մարզիչը, հավաքականից սպասելիքները մեծ են։ Նման իրավիճակում անհասկանալի է, թե ում վրա կանգ կառնի ՀՖՖ-ի ընտրությունը։ Լիահույս ենք, որ գոնե այս անգամ ֆեդերացիան ճիշտ ընտրություն կկատարի և կգտնի այն մասնագետին, որը չի կրկնի նախորդների սխալներն ու կկատարի բոլորիս նվիրական ցանկությունը՝ տեսնել մեր ընտրանուն մեծ մրցաշարի եզրափակիչ փուլում։

Նախորդ հոդվածը
Նարեկ Գրիգորյանը մասնակցել է «Ֆարուլի» հաղթանակին
Հաջորդ հոդվածը
Տիկնիզյանը բանակցություններ է վարում Լոկոմոտիվի հետ. հայ ֆուտբոլիստով հետաքրքրված էին Իսպանիայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։