Նոա - Արարատ-Արմենիա. Գավաթային եզրափակիչին ընդառաջ
Այսօր կիմանանք Հայաստանի նորընծա գավաթակրի անունը։ Պատվավոր մրցանակին տիրանալու համար կմրցեն Հայաստանի Պրեմիեր լիգայի արդեն նորընծա չեմպիոն «Նոան» ու գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան»։
Թիմերի անցած ճանապարհը գավաթի ընթացիկ խաղարկությունում
«Նոա»
«Նոան» պայքարը սկսեց ⅛ եզրափակիչից, որտեղ առանց խնդիրների հաղթեց «Ալաշկերտին»։ Քառորդ եզրափակիչում Ռուի Մոտայի գլխավորած թիմին բաժին հասավ «Գանձասարը»։ Այստեղ երևանյան ակումբը ևս ուժեղ էր ու հաղթեց դիմակայությունում ընդհանուր 7։0 հաշվով։ Կիսաեզրափակիչում արդեն լուրջ պայքար էր։ Վահ Գևորգյանի գլխավորած «Վանը» իրական ճակատամարտ առաջարկեց «Նոային»։ Այդ դիմակայությունում սկանդալների պակաս չեղավ (ավելի մանրամասն՝ այստեղ), բայց «Նոան» կարողացավ հաղթել միայն տնային խաղում՝ 2։0 հաշվով, իսկ պատասխան խաղում զիջեց նվազագույն հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ։ Հենց Չարենցավանում կայացած խաղն էլ ընդհատեց «Նոայի» անպարտելիության տևական շղթան։
«Արարատ-Արմենիա»
«Արարատ-Արմենիան» պայքարը սկսեց քառորդ եզրափակիչում սկզբունքային մրցակիցներից մեկի՝ «Ուրարտուի» դեմ խաղով ու հաղթեց 2 խաղում էլ՝ 1։0, 2։1․ Կիսաեզրափակիչում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը մրցեցր «Փյունիկի» դեմ և 1-ին խաղում հաղթեց 2։0 հաշվով։ Թվում էր, թե գործող գավաթակիրները պատասխան խաղում ևս լուրջ խնդիրների չեն բախվելու, սակայն Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» շոկի ենթարկեց բոլորին ու 2 անպատասխան գնդակ ուղարկեց Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեղան, իսկ հետխաղյա 11-մետրանոցներում Հենրի Ավագյանի լավ խաղը և Տարոն Ոսկանյանի ու Սերգեյ Վակուլենկոյի վրիպումները «Արարատ-Արմենիային» ապահովեցին եզրափակիչի ուղեգիրը։
Թիմերի պատմությունը գավաթի խաղարկությունում
«Նոան» (այն ժամանակ «Արցախը») Հայաստանի գավաթի խաղարկություններում հանդես է գալիս 17/18 մրցաշրջանից։ Ընդհանուր անցկացրել է 25 հանդիպում, տոնել 11 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, պարտվել 9 անգամ։ Խփած ու բաց թողած գոլերի հարաբերությունը՝ 35-33։
«Նոայի» 1-ին փորձը անհաջող էր՝ 1:3, 0:6 պարտություններ «Ալաշկերտից»։ Հաջորդ մրցաշրջանում «Արցախը» կարողացավ նախնական փուլում պայքարից դուրս թողնել «Շիրակին»՝ հաղթելով 3։1 հաշվով, բայց քառորդ եզրափակիչում կրկին «Ալաշկերտ» ու կրկին պարտություն դիմակայությունում 3։1 հաշվով։ 19/20 մրցաշրջանում արդեն անվանափոխված «Նոան» պայքարը սկսեց ⅛ եզրափակիչից ու նվազագույն առավելությամբ հաղթեց «Արարատին», քառորդ եզրափակիչում նույն հաշվով՝ «Վանին», իսկ կիսաեզրափակիչում, 2-խաղյա դիմակայությունում, առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ՝ հաղթելով 2 խաղում էլ։ Եզրափակիչում մրցակիցը «Արարատ-Արմենիան» էր ու թիմերն իրական թրիլեր էին պատրաստել երկրպագուների համար։ 29-րդ րոպեի դրությամբ «Արարատ-Արմենիան» հաղթում էր 3։0 հաշվով, բայց Մաքսիմ Մայրովիչը 39-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 3։1 հաշիվը լուսաստախտակին մնաց 2 րոպեից էլ քիչ։ 41-րդ րոպեին Լուիս Օգանան վերականգնեց 3 գոլի տարբերությունը։ 2-րդ կեսում «Նոան» կարողացավ 3 գոլ հետ բերել ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Այստեղ 114-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը նույնիսկ առաջ մղեց «Նոային»՝ 11-մետրանոցից, բայց երջանկությունը կրկին կարճ տևեց։ 116-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն վերականգնեց հաշվի հավասարությունն ու ամեն ինչ որոշվեց հետխաղային 11-մետրանոցներով։ Այստեղ յուրաքանչյուր թիմից ֆուտբոլիստներն 9-ական հարված կատարեցին, բայց ավելի դիպուկ էին «Նոայի» ֆուտբոլիստներն ու ակումբին պարգևեցին 1-ին տիտղոսը։
2020/21 մրցաշրջանում, արդեն գործող գավաթակրի կարգավիճակով, «Նոան» պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից ու դիմակայությունում հաղթեց «Ուրարտուին» ընդհանուր 4։2 հաշվով, իսկ կիսաեզրափակիչում գավաթի խաղարկություններում «Նոայի» դահիճ «Ալաշկերտը» կրկին կտրեց ակումբի ճանապարհը՝ հաղթելով դիմակայությունում 4։2 հաշվով։
2021/22 մրցաշրջանում քառորդ եզրափակիչի մեկխաղյա դիմակայությունում «Արարատը» վրեժխնդիր եղավ «Նոայից» 19/20 մրցաշրջանի պարտության համար ու հաղթելով նվազագույն հաշվով դուրս եկավ հաջորդ փուլ։ 22/23 մրցաշրջանում ԲԿՄԱ-ի դեմ հասած նվազագույն հաշվով առավելությունից հետո «Նոան» քառորդ եզրափակիչում զիջեց «Փյունիկին»՝ 0։3 հաշվով։ 2023/24 մրցաշրջանում «Նոան» պայքարը սկսեց ⅛ եզրափակիչից ու «Ալաշկերտի» հետ քառորդ եզրափակիչի ուղեգիրը վիճարկվեց հետխաղյա 11-մետրանոցներում, որտեղ դիպուկ էին «Նոայի» ֆուտբոլիստները, բայց արդեն հաջորդ փուլում ապագա գավաթակիր «Արարատ-Արմենիան» 3։2 հաշվով հաղթեց «Նոային»։
«Արարատ-Արմենիայի» գավաթային մրցափուլերը սկսվում են «Նոային» զուգընթաց՝ 17/18 մրցաշրջանից։ 29 հանդիպում, 17 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 7 պարտություն։ Գնդակների հարաբերությունը՝ 58-35․
Մեկնարկային տարին անհաջող դասավորվեց ու «Արարատ-Արմենիան» պարտություններ կրեց «Գանձասարից»՝ 0։3, 0։4 հաշիվներով ու դուրս մնաց պայքարից։ Հաջորդ մրցաշրջանում գավաթային դեգերումներն ավելի հաջող դասավորվեցին «Արարատ-Արմենիայի» համար։ Նախ դիմակայությունում 9։1 հաշվով հաղթանակ տխրահռչակ «Երևանի», ապա 2։1՝ «Գանձասարի» նկատմամբ։ Կիսաեզրափակիչում «Արարատ-Արմենիան» դուրս մնաց «Ալաշկերտի» հետ պայքարում, բայց դուրս մնաց 2 ոչ-ոքի խաղալով՝ 0։0, 2։2․ Հետխաղյա 11-մետրանոցներով եզրափակիչ դուրս եկավ ապագա գավաթակիր «Ալաշկերտը»։
2019/20 մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» սկսեց 5։0 հաշվով հաղթանակով։ Քառորդ եզրափակիչում 11։2 հաղթանակ «Սևանի» նկատմամբ, 3։0 երկխաղյա դիմակայությունում «Գանձասար Կապանի» նկատմամբ ու եզրափակիչում մրցակից՝ ի դեմս «Նոայի»։
2020/21 մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» սկսեց քառորդ եզրափակիչից ու գերլարված խաղերում պայքարից դուրս թողեց «Վանին» (հաղթելով առաջին խաղում՝ 1։0 հաշվով, «Արարատ-Արմենիան» պատասխան խաղում զիջեց նույն հաշվով ու կիսաեզրափակիչ դուրս եկավ հետխաղյա 11-մետրանոցների օգնությամբ)։ Կիսաեզրափակիչում «Արարատյան» դերբիում, ուժեղ էին «Արարատ 73-ի» հետնորդները և 1-ին խաղում տոնած 2։0 հաշվով հաղթանակը բախտորոշ եղավ։
2021/22 մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի» ճանապարհին կանգնեց այդ տարվա բացահայտում ու ապագա գավաթակիր «Նորավանքը»՝ հաղթելով 2։1 հաշվով։ Արդեն հաջորդ մրցաշրջանում գավաթային պայքարը սկսվեց «Արարատյան դերբիով», որտեղ ուժեղ էր «Արմենիան», իսկ քառորդ եզրափակիչում «Արարատ-Արմենիան» լքեց պայքարը՝ 0։4 հաշվով զիջելով «Ուրարտուին»։
2023/24 մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» վերջապես կարողացավ տիրել գավաթին։ Պայքարը սկսելով ⅛-ից, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը նախ առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ, ապա «Նոայի», հետո «Փյունիկի», իսկ եզրափակիչում «Ուրարտուին» հաղթելով հետխաղյա 11-մետրանոցներով, թիմը պատմության մեջ առաջին անգամ տիրացավ Հայաստանի գավաթին ու այս տարի դա կարող է անել 2-րդ անգամ՝ անընդմեջ։
Թիմերի դիմակայությունը
«Արարատ-Արմենիան» ու «Նոան», կամա թե ակամա, մեկ մրցաշրջանում նվազագույնը 4, առավելագույնը 6 անգամ հանդիպում են միմյանց։ Թիմերը միմյանց դեմ մեկ մրցաշրջանում 6 խաղ անցկացրել են 2020/21 մրցաշրջանում՝ 4 հանդիպում Հայաստանի առաջնությում, եզրափակիչներ՝ գավաթի խաղարկությունում ու սուպերգավաթում։
Եթե հաշվենք նաև թիմերի հանդիպումներն Առաջին խմբի առաջնությունում, ապա այս թիմերն առճակատվել են ընդհանուր 31 անգամ, որոնցից 16-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», 11-ում հաջողությունն ուղեկցել է «Նոային», իսկ 4 դեպքում գրանցվել է ոչ-ոքի։ Խփած գոլերը 62-44՝ հօգուտ «Արարատ-Արմենայի»։
Մարզիչներ
Մարզիչների դիմակայությունում առավելությունը Ռուի Մոտայինն է՝ 2։0․
Պորտուգալացի մասնագետը 2 անգամ է մրցել «Արարատ-Արմենիայի» հետ ու 2 դեպքում էլ հաղթել։
Վարդան Մինասյանն էլ «Նոայի» դեմ անցկացրել է 3 հանդիպում ու հաղթել դրանցից միայն մեկում։
Հայ մասնագետն արդեն ունի Հայաստանի գավաթին տիրանալու փորձ։ Մինասյանը հաղթել է այն «Փյունիկի» հետ՝ 2009-ին ու 2010-ին։ Բնական է, որ Մոտան փորձ չի ունեցել, քանի որ սա նրա աշխատանքային 1-ին մրցաշրջանն է Հայաստանում, փոխարենը, նա հաղթել է բելգիական «Ստանդարտի» հետ Բելգիայի գավաթի խաղարկությունում, բայց որպես գլխավոր մարզիչի օգնական։
Հայաստանի գավաթին ամենահաճախը տիրացել են «փյունիկցիները»՝ 8, ապա «Արարատն» ու «Միկան»՝ 6, «Ուրարտուն»՝ 4։ Մարզիչներից ամենաշատը հաղթել են Վարուժան Սուքիասյանն ու Վարդան Բիչախչյանը՝ 3-ական անգամ.
տներից գավաթն ամենից շատ «սիրում են» Դավիթ Մանոյանը՝ 7, Արթուր Յուզբաշյանը՝ 6, Կամո Հովհաննիսյանը, Ղուկաս Պողոսյանն ու Վարազդատ Հարոյանը՝ 5-ական անգամ։
Գավաթի խաղարկություններում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է Արտակ Եդիգարյանը՝ 40՝ 5 տարբեր ակումբների կազմում։ Նրան հաջորդում են Կարեն Մուրադյանը, Վասպուրակ Մինասյանը, Տարոն Ոսկանյանը՝ 36։ Նրանք արդեն հաջորդ մրցաշրջանում կարող են գերազանցել Եդիգարյանի ցուցանիշը։
Խաղարկություններում ամենաերիտասարդ գոլի հեղինակը «Ուլիսի» ու «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Դավիթ Սուջյանն է։ Նա գոլի հեղինակ է դարձել 16 տարեկան 2 ամսական, 19 օրական հասակում։ Լավագույն տանսյակում կան ներկայացուցիչներ նաև «Արարատ-Արմենիայից» ու «Նոայից»։ Ժիրայր Շաղոյանը եզրափակում է լավագույն հնգյակը։ Նա գրավել է «Երևանի» դարպասը 17 տարեկան 5 ամսական 23 օրական հասակում։ «Նոայից» էլ Զավեն Խուդավերդյանը 17 տարեկան 9 ամսական 18 օրական հասակում տխրեցրել է «Գանձասարին»։
Ամենատարեցների թոփ 10-ում «Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչ կա, բայց ոչ այժմյան կազմից։ Այս ցանկը գլխավորում է Սարգիս Հովսեփյանը։ Նա 38 տարեկան 4 ամսական 8 օրական հասակում գրավել է «Շիրակի» դարպասը։ «Արարատ-Արմենիայի» նախկին ներկայացուցիչ Յոան Գուֆրանը գոլ է խփել «Արարատի» դարպասը 34 տարեկան 11 ամսական 5 օրական հասակում ու 3-րդ տեղում է, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը գոլի հեղինակ դարձավ «Գանձասար» դեմ արտագնա խաղում՝ 34 տարեկան 5 ամսական 2 օրական հասակում։
Գավաթային խաղեր ամենաշատը սպասարկել է մրցավար Զավեն Հովհաննիսյանը՝ 36․ Վերջինս նաև կայանալիք եզրափակիչի ՎԱՌ-ի մրցավարն է Ատոմ Սևգուլյանի հետ։ Խաղը սպասարկելու է Աշոտ Հարությունյանը։ Նա գավաթային խաղ սպասարկելու 5 փորձ ունի։
Հիշեցնենք, որ «Նոա» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 13-ին ու կմեկնարկի 19։00-ին։