Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Հայաստանի Գավաթ․ Շիրակը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով 1-ին խմբի ներկայացուցչին| Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Հյուսիսային Իռլանդիային| Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը հասանելի են անվճար|
Ծանրամարտի ֆեդերացիան Կարապետյանի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ պայմանավորվածության մասին իմացել է, երբ նամակ է ստացել Եվրոպայի ֆեդերացիայից. Սամվել Գասպարյան
22 Հուլիս 2025 |  747

Ծանրամարտի ֆեդերացիան Կարապետյանի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ պայմանավորվածության մասին իմացել է, երբ նամակ է ստացել Եվրոպայի ֆեդերացիայից. Սամվել Գասպարյան

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը Sportmedia.am-ի հետ զրույցում անդրադարձել է հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի՝ սպորտային քաղաքացիությունը փոխելու որոշմանը:

29-ամյա ծանրորդն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսուհետ հանդես կգա Բոսնիա և Հերցեգովինայի դրոշի ներքո:

– Վերջերս հայտնի դարձավ, որ Անդրանիկ Կարապետյանը փոխել է սպորտային քաղաքացիությունն ու այսուհետ հանդես կգա Բոսնիա և Հերցեգովինայի դրոշի ներքո։ Ինչպիսի՞ն է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի դիրքորոշումը։

– Անդրանիկի հեռանալը մեզ համար ևս անակնկալ էր։ Նա այդ որոշումը կայացրել էր դեռևս անցած տարվա դեկտեմբերին՝ աշխարհի առաջնությունից հետո, երբ Հայաստանի ֆեդերացիայում էլ դեռ ղեկավար կազմը չէր փոխվել։ Իր բոլոր փաստաթղթերը նախապատրաստել էր ու մարզվում էր այնտեղի թիմի հետ՝ առանց ֆեդերացիային տեղեկացնելու։ Անդրանիկի որոշման մասին իմացանք, երբ Բոսնիայի ֆեդերացիան հայտավորեց նրան Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար և Եվրոպայի ֆեդերացիան մեզ այդ մասին նամակ ուղարկեց՝ հարցնելով, թե արդյոք դեմ չե՞նք: Մենք, իհարկե, հրաժարվեցինք թույլ տալ, և նա բաց թողեց այդ մրցաշարը։

Հետագայում Անդրանիկը և Բոսնիայի ֆեդերացիայի նախագահը դիմեցին մեզ՝ խնդրելով համաձայնել նրա տեղափոխությանը։ Բազմաթիվ քննարկումներից հետո, բացառության կարգով, համաձայնեցինք, թեև ընդհանուր քաղաքականությունը հստակ է՝ հայ մարզիկները չպետք է ներկայացնեն այլ երկիր։

– Ֆեդերացիան իսկապե՞ս տեղյակ չէր, որ նա մարզվում էր այլ երկրի թիմի հետ։

– Ո՛չ մարզիչները, ո՛չ ֆեդերացիան տեղյակ չեն եղել։ Նույնիսկ նրան Հայաստանի առաջնության համար էինք հայտավորել։ Բայց նրա բացակայությունից հետո սկսեցինք հետաքրքրվել պատճառներից։ Մարզիկն ասում է՝ ավարտել է իր առաքելությունը Հայաստանի հավաքականում ու ցանկանում է ուժերը փորձել այլ երկրում՝ առավելապես ֆինանսական նկատառումներով։

– Ինչպիսի՞ն էր ֆեդերացիայի արձագանքը։

– Չէինք ցանկանում, որ նա հեռանա։ Նրան նույնիսկ ֆինանսական աջակցություն առաջարկեցինք, բայց նա նախընտրեց այդ ճանապարհը։ Տարբեր միջազգային մրցաշարերի մասնակցելով՝ Անդրանիկը սովորաբար լավ արդյունքներ է ցույց տվել մի վարժությունից, իսկ Բոսնիայում առանձին վարժությունների համար ևս պարգևատրում է նախատեսվում:

Մեր դիրքորոշումը հստակ է. ներկայացնելով Հայաստանը միջազգային մրցաշարերում՝ մարզիկը չի կարող հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո։ Միակ բացառությունը եղել է Գոռ Մինասյանի դեպքում, որը որոշվել է ֆեդերացիայի ու մարզիչների համաձայնությամբ՝ Օլիմպիական խաղերում մարզիկի մասնակցությունն ապահովելու նպատակով։ Անդրանիկի պարագայում ոչ քննարկում է եղել, ոչ համաձայնություն։ Մեր թույլտվությունը հարցրել են այն ժամանակ, երբ արդեն համաձայնության էին եկել,  փաստաթղթային առումով ամեն ինչ պատրաստել էին, մենք էլ արդեն ստացել էինք Եվրոպայի ֆեդերացիայի նամակն այն մասին, որ Բոսնիա և Հեցեգովինան մեր մարզիկին հայտավորել է Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Այդ դեպքում մեզ միայն մնում էր համաձայնել: Կարծում եմ՝ նախկին ղեկավարությունն ու մարզիչները բավարար հետաքրքրված չեն եղել նրա որոշմամբ ու չեն փորձել դա կանխել։

– Կարծում եք, որ խնդիրը նաև ուշադրությա՞ն պակասից էր։

– Այո։ Եթե նախկինում մարզիչները հետաքրքրվեին, թե ինչումն է խնդիրը, ինչու է մարզիկը ցանկանում հեռանալ, կփորձեին նաև պահել նրան։ Ցավալի է, որ գլխավոր մարզիչը նրա հետ սերտ կապի մեջ չեղավ։ Դա վկայում է նախկինում եղած որոշակի խնդիրների մասին մարզիչ–մարզիկ–ֆեդերացիա համագործակցության մեջ։ 

Հիմա մենք նոր մոտեցում ենք որդեգրել՝ հավաքականի մարզիկները լինելու են ամենօրյա ուշադրության կենտրոնում, որպեսզի նրանց բոլոր հարցերին տեղյակ լինենք՝ սկսած մարզումներից մինչև անձնական խնդիրներ։ Մենք ցանկանում ենք, որ մեր մարզիկները մնան Հայաստանում և հետագայում էլ նպաստեն մարզաձևի զարգացմանը։

Նարե Հովհաննիսյան

Նախորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ18 հավաքականը մեկնել է Անդորրա
Հաջորդ հոդվածը
Վաղը մեր մրցակցի համար հեշտ չի լինելու․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։