Թիավարությունը պարզապես մարզաձև չէ, այն մտածողություն է. Փայլակ Միրզոյան
Sportmedia.am-ը զրուցել է թիավարության Հայաստանի հավաքականի անդամ, միջազգային մրցաշարերի մասնակից, Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ, միջազգային կարգի սպորտի վարպետի թեկնածուՙ իսկ այժմ արդեն մարզիչ Փայլակ Միրզոյանի հետ՝ նրա մարզական ճանապարհի, արժեքների, մոտիվացիայի և ոլորտի զարգացման տեսլականի մասին։
Հայաստանի ազգային հավաքականի անդամ, թեթև քաշային երկտեղանի նավակի (LM2-) մասնագետ Փայլակ Միրզոյանը դեռ պատանեկան տարիքից ներկայացել է միջազգային հարթակներում։ Այսօր նա միաժամանակ հանդես է գալիս և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ՝ նպաստելով հայկական թիավարության զարգացմանը նոր սերնդի հետ աշխատելով։
-Փայլակ, ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց Ձեր մարզական ուղին թիավարությունում։
- Թիավարությամբ սկսել եմ զբաղվել դեռ պատանեկան տարիքում, երբ ընդամենը 11 տարեկան էի։ Սկզբում այն պարզապես ֆիզիկական պատրաստվածության նպատակ ուներ։ Սակայն ջրի հետ ունեցած ներդաշնակությունը և նավակի նկատմամբ վերահսկողության զգացումն առաջացրին այնպիսի ներքին մղում ու համոզմունք, որ հասկացա՝ ուզում եմ շարունակել ու զարգանալ հենց այս մարզաձևում։ Այդ պահին ինձ համար հստակ դարձավ՝ ցանկանում եմ ապրել սպորտով, լինել դրա մի մասը, զարգանալ այս միջավայրում և հայտնվել միջազգային հարթակներում։ Միայն մասնակցությունը բավական չէր։ Ինձ համար կարևոր էր այս մարզաշխարհի լիարժեք մասնիկ դառնալը։
– Մասնակցել եք մի շարք միջազգային մրցաշարերի։ Ո՞ր մրցումն է Ձեզ վրա թողել ամենամեծ ազդեցությունը՝ թե՛ որպես մարզիկ, թե՛ որպես անհատ:
– Առաջին իսկ միջազգային մրցաշարը՝ 2014-ին Ռոստովում, այսօր էլ հիշում եմ շատ հստակ։ Մասնակցում էինք չորսհոգանոց նավակով, որը Հայաստանում ընդհանրապես չունեինք։ Առանց համապատասխան նախապատրաստության՝ անմիջապես մասնակցեցինք մրցումներին։ Սկզբում մի փոքր զիջեցինք, հետո բավական լավ առաջ գնացինք։ Բայց վերջին 100 մետրում չկարողացանք պահել առավելությունը։ Այդ պարտությունն ինձ սովորեցրեց՝ ամեն վայրկյանը կարևոր է։ Ոչինչ չպետք է թողնել պատահականությանը։

– Ե՞րբ և ինչո՞ւ որոշեցիք դառնալ մարզիչ։
–Աշխարհի առաջնությունն ավարտվեց 2019 թվականի սեպտեմբերի սկզբին, և ընդամենը մի քանի օր անց՝ սեպտեմբերի 6-ից, արդեն սկսեցի աշխատել որպես մարզիչ։ Դա պահի ազդեցությամբ կայացված որոշում չէր․ ես վաղուց գիտեի, որ իմ մարզական ուղին չպետք է ավարտվեր միայն իմ արդյունքներով։ Այն, ինչ տարիներ շարունակ ստացել էի սպորտից՝ փորձ, միջավայր, մտածելակերպ, ուզում էի փոխանցել նոր սերնդին։ Սկսեցի աշխատել դեռ նոր ձևավորվող խմբի հետ։ Ինձ համար կարևոր էր ոչ միայն նրանց մարզել, այլև նրանց հետ միասին զարգանալ, նրանց կողքին լինել, լսել, հասկանալ և միասին առաջ շարժվել:
– Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում մարզումների ամենաբարդ օրերին։
– Մոտիվացիան գալիս է ներսից։ Միշտ ձգտում եմ հասկանալ՝ ինչպես են ապրում և մարզվում աշխարհի լավագույն մարզիկներն ու թիմերը։ Այդ հետաքրքրությունը վերածվում է շարժիչ ուժի։ Ուզում եմ մարզվել ուժեղների կողքին, զգալ այդ միջավայրը։ Հենց այդ ձգտումն է ինձ տանում մարզման,՝ նույնիսկ այն օրերին, երբ ֆիզիկապես ծանր է, երբ ուժ չունեմ։ Ինձ համար սպորտը պարզապես զբաղմունք չէ։ Դա ընտրություն է՝ գիտակցված, արժեքային և երկարաժամկետ։ Ես ուզում եմ, որ այն լինի իմ առօրյան, իմ միջավայրը, և այսօր այդպես էլ կա։
– Ինչպիսի՞ն պետք է լինի լավ մարզիչը։
– Լավ մարզիչը ոչ միայն պետք է իմանա՝ ինչ է անում, այլ նաև՝ ինչու։ Մարզումների ընթացքում պարզապես պահանջներ դնելը քիչ է: Մարզիչը պետք է ունենա խորը գիտելիքներ, հստակ մեթոդներ ու կարողանա այդ գիտելիքը ճիշտ փոխանցել՝ պարզ ու հասկանալի լեզվով։ Լավ մարզիչը պետք է ոգևորի և վստահություն ներշնչի։ Երբ մարզիկն իր մարզչի նկատմամբ ունենում է վստահություն, նա պատրաստ է լսել նրա խորհուրդներն ու մոտեցումները, ինչը հանդիսանում է զարգացման և առաջընթացի շարժիչ ուժ: Այդ վստահությունն ու կապը՝ մարզիչի ու մարզիկի միջև, հենց թիմի ուժի և հաջողության գաղտնիքն է։
– Ի՞նչն է փոխվում, երբ մարզիկը դառնում է մարզիչ։
– Ամեն ինչ։ Երբ մարզիկ ես, կենտրոնանում ես բացառապես քեզ վրա, քո մարզումների, հաջողությունների և արդյունքների վրա: Մարզիչ դառնալուց հետո կենտրոնանում ես «նրանց» վրա։ Դու արդեն պատասխանատու ես ուրիշի առաջընթացի համար։ Պետք է կարողանաս տեսնել, լսել, հասկանալ։ Երբ մարզիկ էի, երբեմն մտածում էի՝ մարզիչն ինչ-որ բան չի նկատում։ Հիմա գիտեմ՝ նա տեսնում էր։ Պարզապես սպասում էր՝ ես ինքս հասկանամ։ Դրա համար մարզելը միայն մասնագիտական գործ չէ: Մարզչի աշխատանքը մեծ պատասխանատվություն է. դու դառնում ես մարզիկի զարգացման ուղեկիցը և ուղեցույցը նրա հաջողությունների ճանապարհին:

– Ինչպե՞ս եք պահպանում թիմում կարգապահությունն ու միաժամանակ խթանում մոտիվացիան։
– Ես միշտ ասել եմ՝ թիմում մրցակցությունը պետք է լինի առողջ։ Ջրի վրա պայքարում ենք, մարզադահլիճում կենտրոնանում վարժությունների վրա, բայց դրանից դուրս մենք ընկերներ ենք։ Միահամուռ թիմը միշտ ավելի ուժեղ է, և դա արտացոլվում է արդյունքներում։ Իմ սկզբունքը պարզ է՝ աջակցել միմյանց, ոչ թե խանգարել: Այդ մոտեցումն իմ ուղեցույցն է եղել ամբողջ մարզական կարիերայիս ընթացքում և շարունակում է մնալ իմ աշխատանքի հիմքը՝ արդեն որպես մարզիչ։
– Ինչպե՞ս եք աջակցում մարզիկին, երբ նա կորցնում է մոտիվացիան։
- Ամեն դեպք ունի իր առանձնահատուկ պատճառներն ու հանգամանքները։ Երբեմն մոտիվացիայի անկման պատճառ է լինում անհաջողությունը, երբեմն՝ անձնական խնդիրներն ու հոգնածությունը։ Մարզիչը պետք է կարողանա հասկանալ, թե կոնկրետ ինչն է մոտիվացիայի անկման պատճառը։ Նա պետք է լինի նաև հոգեբան: Երբ նկատում եմ, որ մարզիկի մոտ ինչ-որ բան այն չէ, նախ մի փոքր սպասում եմ, ապա զրուցում։ Երբ մարզիկը զգում է, որ իր կողքին եմ և ունի իմ աջակցությունը, նա վերադառնում է ուժեղ ու պատրաստ՝ նոր մարտահրավերների։ Սպորտում ամենակարևորը վստահությունն է, որի բացակայությամբ առաջ շարժվելը գրեթե անհնար է։
– Այս սպորտաձևն ինչ տվեց Ձեզ՝ որպես մարդ։
–Ամեն ինչ։ Իմ մտածելակերպը, կարգապահությունը, էներգիան ու սառնասրտությունը ձևավորվել են հենց թիավարության շնորհիվ։ Սովորել եմ աշխատել թիմում և զուգահեռ՝ ինքնակառավարվել։ Թիավարությունը կապ է բնության, ջրի ու ներքին խաղաղության հետ։ Այդ ներդաշնակությունն է տալիս կայունություն և ուժ։ Հավատացած եմ, որ սպորտը, հատկապես պատանեկան տարիքում, կարող է արմատապես փոխել մարդու ապրելակերպն ու մտածողությունը։ Իմ դեպքում թիավարությունը դարձել է ոչ թե պարզապես զբաղմունք, այլ՝ իմ տարերքը։

– Ի՞նչ նպատակներ եք դրել առաջիկա տարիների համար։
– Առաջիկա տարիների ընթացքում նպատակ ունեմ շարունակել իմ գործունեությունը միջազգային հարթակներում՝ մասնակցելով Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ Սա ոչ միայն անձնական նպատակ է, այլև մեր երկրի սպորտային պատկերի ձևավորման մի մասը։ Մարզումներն իրականացվում են ժամանակակից մեթոդներով՝ կիրառելով մարզաֆիզիոլոգիական գործիքներ և վերլուծական մոտեցումներ։ Որպես մարզիչ՝ ցանկանում եմ ներգրավվել նաև կրթական ծրագրերում՝ նպաստելով նոր մեթոդների և տեխնոլոգիաների ներդրմանը։ Իմ առաքելությունը միայն մարզելն ու հաղթանակի հասնելը չէ. ցանկանում եմ իրական ներդրում ունենալ մարզական համակարգի շարունակական զարգացման գործընթացում։
Փայլակ Միրզոյանի օրինակը վկայում է՝ երբ նվիրվածությունն ուղեկցվում է պատասխանատվությամբ ու հստակ տեսլականով, մարզիկի անձնական ուղին կարող է վերածվել ազգային առաջընթացի խթանի։ Նրա պատմությունն ապացուցում է, որ երբեմն մարզական ուղին սկսվում է ջրի վրա՝ նավակի մեջ, սակայն մնում է մարդու ներսում՝ որպես արժեք, կենսակերպ ու ներքին ուժ։
-----
Հարցազրույցը՝ Արմեն Սարգսյանի: