Սուրեն Գրիգորյանն ավարտեց մրցելույթները ծանրամարտի աշխարհի առաջնությունում| Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են| Հայ սամբիստները 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ են նվաճել պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում| Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը| Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ| Հայաստանի Մ21 հավաքականն առաջին մարզումն է անցկացրել (տեսանյութ)|
Ափսոսանքս մեծ է, բայց մնում եմ ծանրամարտում․ Հակոբ Մկրտչյանը՝ կարիերան ավարտելու մասին
17 Սեպտեմբեր 2025 |  266

Ափսոսանքս մեծ է, բայց մնում եմ ծանրամարտում․ Հակոբ Մկրտչյանը՝ կարիերան ավարտելու մասին

2019 թվականին աշխարհի չեմպիոն հռչակված Հակոբ Մկրտչյանն օրեր առաջ հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

Մինչև աշխարհի չեմպիոն դառնալը գյումրեցի ծանրորդը հասցրել էր նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը, հաղթել էր նաև պատանեկան Օլիմպիական խաղերում։

Sportmedia.am-ի հետ զրույցում Հակոբ Մկրտչյանը խոսել է կարիերան ավարտելու պատճառների մասին։

-Ինչո՞ւ որոշում կայացրիք ավարտել կարիերան։

-Կարիերաս ավարտելու պատճառը վնասվածքն էր։ Մարտին ստացա ծնկի վնասվածք, որից հետո սկսեցի բուժումները, բայց անօգուտ։ Դրանից հետո կայացրի կարիերաս ավարտելու որոշումը, հակառակ պարագայում, կշարունակեի մարզումներս ու կմասնակցեի մրցումներին։ Ափսոսանքս շատ մեծ է։

- Փաշիկ Ալավերդյանի հետ հարաբերությունները լարվա՞ծ էին։ Նա հարցազրույցներից մեկում նշել էր, որ, եթե մնա հավաքականի մարզչի պաշտոնին ձեզանից և Անդրանիկ Կարապետյանից «հրաժարվելու է»․

-Իմ ու Փաշիկ Ալավերդյանի հարաբերությունները նորմալ են, որևէ լուրջ բան չի եղել։ Աշխարհի առաջնությունից առաջ վնասվածք ունեի, մեր բժիշկները ներարկումներ արեցին՝ ասելով, որ մրցմանը խնդիր չի լինի։ Պարապմունքներին մարզվեցի թեթև կիլոգրամներով, իսկ մրցավայրում՝ նախավարժանքի ընթացքում, ուսիս ցավը զգացնել տվեց, ինչից հետո պարոն Ալավերդյանն ասաց, որ այլևս հավաքների չի հրավիրելու ինձ։ Դրանից զատ, որևէ լուրջ խնդիր չի եղել։ Անկախ այն բանից, թե նա ինչ է հայտարարել, ես կարիերաս ավարտել եմ վնասվածքիս պատճառով, հակառակ դեպքում՝ կլինեի հավաքականի կազմում»։

- Կարիերայիդ ընթացքում ունեցե՞լ ես այլ երկրներից առաջարկներ։

-Որևէ այլ երկրից առաջարկ չեմ ստացել, ստանալու դեպքում էլ՝ կմերժեի, քանի որ իմ երկիրը Հայաստանն է։ Ես ներկայացրել եմ իմ երկիրն ու հաստատ այլ երկիր չէի ներկայացնի»։

- Ի՞նչ կասես Դավիթ Հովհաննիսյանի հետ մրցակցության մասին․

-Իմ ու Դավիթ Հովհաննիսյանի մեջ մրցակցություն չի եղել։ Զուտ ընկերական մենք մրցել ու ով ուժեղ է եղել՝ հաղթել է։

-Եթե հետհայացք գցես քո կարիերային, ի՞նչը կփոխեիր։

-Հետհայացք գցելով կարիերայիս, կանեի միայն այնպես, որ վնասվածք չստանայի, այդ օրը չլիներ։ Եթե վնասվածքը չլիներ, հիմա կմարզվեի ու կլինեի պրոֆեսիոնալ սպորտում։

- Ինչո՞վ ես զբաղվելու կարիերայիդ ավարտելից հետո։ Մնալո՞ւ ես ծանրամարտում․

-Կարիերաս ավարտելուց հետո արդեն գրանցված մեթոդիստ-մարզիչ եմ Գյումրիում և Մարալիկում։ Մնում եմ ծանրամարտում։

- Որո՞նք են քո կարիերայի ամենահիշարժան պահերը:

-Կարիերայիս հիշարժան պահերը շատ են, բայց 1-ինը պատանեկան Օլիմպիական խաղերում հաղթելն էր, ապա Բաթումիում Եվրոպայի չեմպիոն հռչակվելն ու նույն տարում, Թաիլանդում աշխարհի չեմպիոն դառնալը։

- Ի՞նչ խորհուրդ կտաս երիտասարդ ծանրորդներին․

-Երիտասարդ ծանրորդների խորհուրդ կտամ լինեն ուշադիր ու զերծ մնան վնասվածքներից։ Դա ամենաբարդ բանն է, որը մարդուն կարող է հետ պահել իր երազանքներից ու նպատակներից։ Եթե խելացի են ու մարզումներին նվիրված՝ ամեն ինչի կհասնեն։

Հիշեցնենք, որ 28-ամյա ծանրորդը 2014-ին Նանկինում կայացած Պատանեկան Օլիմպիական խաղերում հանդես էր գալիս 77 կգ քաշային կարգում։ Նա պոկեց 142 կգ, հրեց՝ 177-ն ու երկամարտի 319 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն։

2019 թվականին, Բաթումիում, Մկրտչյանը նվաճեց մեծահասակների խմբում 1-ին մեդալը՝ Եվրոպայի առաջնությունում։ Մկրտչյանը պոկումում 3-րդն էր՝ 164 կգ արդյունքով։ Նա 1 կգ զիջեց հայրենակից Դավիթ Հովհաննիսյանին ու 6 կգ վրացի Ռևազ Դավիդաձեին։ Հրումում Հակոբը չուներ հավասարը։ Նա 7 կգ գերազանցեց Դավիթաձեին՝ հրելով 207 կգ ու երկամարտի 371 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն։

Վրաստանում ունեցած հաջողությունից շուրջ 5 ամիս անց Մկրտչյանը ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում։ Թաիլանդի Պատտայա քաղաքում, թեպետ, Մկրտչյանը պոկում վարժությունից առանձին մեդալ չնվաճեց, իսկ հրումում 2-րդն էր՝ 1 կգ զիջելով ճապոնացի Տոշիկի Յամամոտոյին, երկամարտի 375 կգ արդյունքով գյումրեցի մարզիկը ոսկե մեդալը բերեց Հայաստան։

«Ոսկե հաջողությունները» շարունակվեցին Բուլղարիայում։ Արդեն 96 կգ քաշային կարգում, Սոֆիայի պատվոհարթակի առաջին 2 հորիզոնականները զարդարում էր հայկական եռագույնը։ Պոկումում Մկրտչյանը 166 կգ արդյունքով 2-րդն էր՝ իրենից առաջ թողնելով 169 կգ պոկած Դավիթ Հովհաննիսյանին, իսկ հրումում, Հակոբը 209 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկին, Հովհաննիսյանը, 204 կգով, փոքր արծաթը։ Երկամարտի 375 կգ արդյունքով Մկրտչյանը նվաճեց Եվրոպայի կրկնակի չեմպիոնությունը, իսկ Հովհահաննիսյանը, 374 կգ արդյունքով, դարձավ փոխչեմպիոն։

 

Նախորդ հոդվածը
Հայտնի են հայ հունահռոմեականների մրցակիցները աշխարհի առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Գավաթ․ Սարդարապատը հաղթեց Միկային ու դուրս եկավ հաջորդ փուլ

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։