Երիտասարդների ԱԱ․ Գրիգորյանը մնաց առանց երկամարտի արդյունքի, Հովհաննիսյանը փոքր արծաթ նվաճեց հրումում
Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների առաջնության 71 կգ քաշային տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնում էին Նարեկ Գրիգորյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը։
Գրիգորյանը պոկում վարժությունում հաջողելով բոլոր մոտեցումները 144 կգ-ով նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Հովհաննիսյանը հաջողեց միայն առաջին մոտեցումն ու 130 կգ-ով 14-րդն էր։
Հրում վարժությունում Նարեկ Գրիգորյանը մոտեցավ 170 կգ-ին, բարձրացրեց ծանրաձողը, սակայն մրցավարները չհաշվեցին մոտեցումն, իսկ բողոքարկումից հետո անփոփոխ թողեցին իրենց որոշումը։ 2-րդ մոտեցմանը Գրիգորյանը վնասվածք ստացավ, սակայն 3-րդ անգամ ևս մոտեցավ ծանրաձողին, սակայն չհաջողեց՝ մնալով առանց երկամարտի արդյունքի։
Հովհաննիսյանը հրում վարժությունում նախ հաջողեց 165 կգ-ը, իսկ երկրորդ մոտեցմամբ ֆիքսելով 171-ը՝ ապահովեց փոքր արծաթե մեդալը։ Վերջին մոտեցման համար Հովհաննիսյանը պատվիրել էր 173 կգ-ը, սակայն ծանրաձողը բարձրացնելու համար նախատեսված ժամանակը սպառվեց, ինչի պատճառով Հովհաննիսյանը երկամարտի 301 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը։
Այս քաշային կարգում հաղթող ճանաչվեց Ֆիլիպինները ներկայացնող Ալբերտ Դելոս Սանթոսը՝ երկամարտի 320 կգ արդյունքով։
Ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավարտել էր 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը պոկում վարժությունում գլխավերևում պահելով 120 կգ-ը ավարտել էր 15-րդը, իսկ հրումում ձախողելով բոլոր մոտեցումները՝ մնացել էր առանց երկամարտի արդյունքի։