Սկզբից էլ կարծում էի, որ այս զույգում հնարավորությունները հավասար են՝ 50/50. Վահե Գևորգյանը՝ Ելիմայի հետ պատասխան խաղի մասին
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը «Ելիմայի» հետ ղազախական Սեմեյ քաղաքում կայանալիք պատասխան խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
«Այսօր արդեն հասցրել ենք տեսնել, թե ղազախ ժողովուրդը մեզ որքան ջերմ է ընդունում, թե ինչպես է այս քաղաք ապրում ֆուտբոլով: Մենք էլ անհամբերությամբ սպասում ենք վաղվա խաղին: Այն մասին, թե ինչպես ենք պատրաստվում հաղթահարել եվրագավաթային փուլերը, չեմ բացահայտի:
Կարող եմ միայն ասել, որ դեռ հանդիպումից առաջ գիտեինք, իսկ խաղից հետո արդեն լիովին համոզվեցինք, որ ձեր թիմն ունի շատ լավ մարզիչ և շատ լավ թիմ։
Մի բան կարող եմ վստահ ասել՝ վաղը բոլորիս շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում՝ թե՛ երկրպագուների, թե՛ լրագրողների և թե՛ երկու թիմերի համար։
- Նախորդ հանդիպումը խաղից հետո արդեն ամփոփել էիք, սակայն վստահ եմ՝ հետագայում նաև մանրամասն դիտել եք տեսագրությունը։ Ի՞նչ եզրակացությունների եկաք։ Ըստ Ձեզ՝ որոնք էին գլխավոր պատճառները, որ տնային խաղում չհաջողվեց հաղթանակ տանել։
- Առաջին հերթին պետք է նշեմ, որ մեր թիմում բավական մեծ լարվածություն կար։ Տղաների մեծամասնության համար սա առաջին եվրագավաթային հանդիպումն էր։ Լարվածությանը գումարվեց նաև այն, որ մենք լիարժեք խաղային ռիթմի մեջ չէինք:
Որոշ դրվագներում փոքր դետալների պատճառով կորցրինք կենտրոնացումը։ Հենց նման պահերից մեկում էլ բաց թողեցինք գոլը՝ եզրային նետումից հետո։ Կարելի է ասել՝ մրցակիցն իր ամենավտանգավոր երկու պահերն ունեցավ հենց մեր կենտրոնացման կորուստների հետևանքով։
Մնացած ամեն ինչ մանրամասն վերլուծել ենք։ Ոչ միայն ուսումնասիրել ենք մեր սխալները, այլև ամբողջ շաբաթ աշխատել դրանց շտկման, ինչպես նաև մեր ուժեղ կողմերն ավելի արդյունավետ օգտագործելու վրա, որպեսզի վաղը կարողանանք ավելի մեծ ճնշում գործադրել մրցակցի վրա։
- Սովորաբար մարզիչներին ամենից շատ անհանգստացնում է այն, երբ թիմը քիչ գոլային պահեր է ստեղծում։ Այդ առումով գո՞հ էիք առաջին խաղից։
- Ոչ, միանշանակ գոհ չեմ։ Սակայն պետք է հաշվի առնել նաև խաղի բնույթն ու մրցակցի ուժը։ Չեմ կարող ասել, որ մրցակիցը միայն պաշտպանվում էր կամ փակվել էր։ Նրանք լավ կազմակերպված թիմ են, խաղում են որակյալ ֆուտբոլ և ունեն իրենց խաղաոճը։
Երբ միմյանց հանդիպում են հավասարազոր թիմեր, բնականաբար շատ դժվար է անընդհատ գոլային պահեր ստեղծել։ Բավական հավասարակշռված ֆուտբոլ էին խաղում, մրցակիցն ինձ դուր եկավ։ Ո՛չ մենք ստեղծեցինք բազմաթիվ պահեր, ո՛չ էլ մրցակիցը։ Նման դիմակայություններում ամենակարևորը կարգապահությունն ու ուշադրությունն է։ Պետք է խուսափել սխալներից և արդյունավետ օգտագործել նույնիսկ քիչ թվով ստեղծված հնարավորությունները։
- «Ելիմայի» տնային հանդիպումները մշտապես անցնում են լեփ-լեցուն տրիբունաների պայմաններում։ Հայաստանում նման մթնոլորտը հազվադեպ է հանդիպում։ Ըստ Ձեզ՝ դա կարո՞ղ է հոգեբանական ազդեցություն ունենալ ձեր թիմի վրա, և ինչպե՞ս եք պատրաստում ֆուտբոլիստներին նման պայմանների համար։
- Անկասկած, սեփական հարկի տակ խաղացող թիմը միշտ առավելություն ունի։ Ինչպես ասում են՝ տանը նույնիսկ պատերն են օգնում։ «Ելիմայն» ունի շատ լավ երկրպագուներ։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ ներքին առաջնությունում նրանց տնային խաղերի միջին հաճախելիությունը կազմում է մոտ 83 տոկոս։ Այսինքն՝ շուրջ 8000 տեղ ունեցող մարզադաշտում սովորաբար ավելի քան 6000 հանդիսական է լինում։
Վաղը նույնպես սպասում ենք լեփ-լեցուն տրիբունաների։ Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ նման մթնոլորտում ենք խաղալու։ Մենք գիտենք, թե ինչպես պետք է հոգեբանորեն պատրաստել թիմին և նույնիսկ նման աջակցությունը փորձել օգտագործել մեր օգտին։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ գործոնը մեզ չխանգարի, այլ հակառակը՝ ավելի կենտրոնացնի։
- Ոչ-ոքի արդյունքը երկու թիմերին էլ հնարավորություն է տալիս անցնելու հաջորդ փուլ։ Ըստ Ձեզ՝ վաղվա խաղում ո՞ր գործոնն է լինելու վճռորոշ։
- Սկզբից էլ կարծում էի, որ այս զույգում հնարավորությունները հավասար են՝ 50/50, և այդ կարծիքս չի փոխվել։ Որոշիչ կլինի այն, թե որ թիմն ավելի կարգապահ կլինի, ավելի ուշադիր կլինի և կկարողանա օգտագործել իր ստեղծած հնարավորությունները՝ նույնիսկ եթե դրանք շատ չլինեն։
- Ձեր թիմը երկար ժամանակ պաշտոնական հանդիպումներ չէր անցկացրել, մինչդեռ մրցակիցն արդեն առաջնության խաղային ռիթմի մեջ է։ Սա այս փուլում նրանց համար մեծ առավելությո՞ւն է։
- Առաջին խաղից հետո արդեն նշել էի, որ դա զգացվում էր։ Մեզ համար դրական կողմն այն էր, որ կարողացանք մանրամասն ուսումնասիրել մրցակցին, քանի որ նրանք մրցաշրջանի ընթացքում էին, և մենք հնարավորություն ունեցանք դիտելու նրանց մի քանի հանդիպումներ։
Այո, խաղային ռիթմի տարբերությունը երևաց Երևանում կայացած հանդիպման ընթացքում։ Սակայն հիմա արդեն մենք նույնպես պաշտոնական խաղ ենք անցկացրել, և հույս ունեմ, որ վաղը մեր թիմն ավելի լավ տեսք կունենա։
- Առաջին խաղում տեսանք մի քանի նորեկների։ Մյուս նորեկներն ինչպիսի՞ վիճակում են, հնարավո՞ր է վաղը նորամուտներ լինեն։
- Այո, հնարավոր է։ Եթե չեմ սխալվում, առաջին խաղում երկու նորեկ անմիջապես ընդգրկված էին մեկնարկային կազմում, ևս երկուսը դուրս եկան փոխարինման։
Ինչ վերաբերում է Դանիլ Աղբալյանին, ապա, ցավոք, նրան դեռ չենք հասցրել հայտավորել այս փուլի համար։ Իսկ մնացածի մասով ամեն ինչ կորոշի հենց խաղի ընթացքը։ Կտեսնենք, թե ինչ իրավիճակ կստեղծվի, և ըստ դրա էլ որոշումներ կընդունենք։