ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ. Պահպանված կորիզով՝ չեմպիոնության հավակնորդ․ ՀՊԼ-ի վերսկսմանն ընդառաջ
Շուրջ 10 օրից կվերսկսվի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան։ Աշնանային թեժ հատվածից հետո սպասումները գալիք շրջանից մեծ են։ Մրցաշարային աղյուսակի վերնամասում թիմերի խիտ դասավորվածությունն ուշադրության է արժանի։ Ակներև է նաև մարզային 2 թիմերի՝ Չարենցավանի «Վանի» ու Գյումրիի «Շիրակի» աճը՝ նախորդ մրցաշրջանի համեմատ։ Ուրախացնող է նաև ԲԿՄԱ-ի հուսադրող խաղը։ «Վեստ Արմենիան» փորձում է ամեն խաղից քաղել առավելագույնը, Երևանի «Արարատն» ու «Ալաշկերտը» իրենց համար անսովոր դիրքերում են, իսկ Կապանի «Գանձասարը», մեղմ ասած, տխրեցնում է։
Sportmedia.am-ը մինչև առաջնության վերսկսումն առանձին-առանձին կանդրադառնա Fastex ՀՊԼ թիմերին՝ ամփոփ ներկայացնելով ընթացիկ մրցաշրջանում թիմերի ցույց տված արդյունքը, նախապատրաստական շրջանն ու հավակնությունները։
Թիմերին ներկայացնում ենք ըստ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքի։
Շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել ենք «Նոային», «Ուրարտուին», «Փյունիկին»։
«Արարատ-Արմենիա»
Աշնանային հատված
«Արարատ-Արմենիան» աշնանային հատվածում անցկացրել է 17 հանդիպում և վաստակած 35 միավորով 4-րդն է։
Վարդան Մինասյանի սաները այս շրջանում մրցակիցների դարպասը գրավել են 37 անգամ (միջինում 2,17 գոլ մեկ խաղում) և այս ցուցանիշով 2-րդն են ընթացիկ մրցաշրջանում։ Թիմը սեփական դարպասն ընդունել է 17 գոլ, որը 4-րդ ցուցանիշն է։
Շրջանի վերջնամասում «Արարատի» և «Ալաշկերտի» դեմ ոչ-ոքիներն ու պարտությունը «Նոայից» թիմին դուրս հանեցին լավագույն եռյակից։
Պրեմիեր լիգայում թիմի լավագույն ռմբարկուն Տենտոն Յենեն է՝ խփած 9 գոլով։ Նրան հաջորդում է Մարիուս Նուբիսսին 8 գոլով։ Լավագույն ասիստենտի պայքարում առաջատարը Արթուր Սերոբյանն է (լքել է Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմը) 5 գոլային փոխանցումով։
Թիմի դարպասապահներից Դանիլո Կուչերը անցկացրել է 4 «չոր» հանդիպում, Արսեն Բեգլարյանը (հեռացել է թիմից)՝ 2։
Դեղին քարտեր «Արարատ-Արմենիան» վաստակել է 37 անգամ։ Ամենից հաճախ մրցավարները զգուշացրել են թիմի պորտուգալացի պաշտպան Ժոաո Կեյրոշին՝ 6 անգամ։ 1-ական անգամ կարմիր քարտ ստացել և խաղադաշտից հեռացվել են Մարիուս Նուբիսսին, Ամոս Նոնդին և Խոսե Ջունիոր Բուենոն։
Նախապատրաստական շրջան
«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաքն անցկացրեց Կիպրոսում՝ մասնակցելով 7 ընկերական հանդիպման։ Նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրները կարողացան հաղթանակի հասնել կիպրական «Այա Նապայի» (6:0) և դանիական «Հոբրոյի» (2:0) դեմ հանդիպումներով, ոչ-ոքի խաղացին տեղի «Ախիրոնաս-Օնիսիլոսի» (3:3), «Սպարտակոս Կիտիոյի» (1:1) և «Էթնիկոսի» (0:0) հետ։ Երևանյան ակումբը գոլառատ խաղում զիջեց դանիական «Լյունգբյուին» (3:4), լիտվական «Կաունո Ժալգիրիսին» (1:2)։
Հայաստանի գործող գավաթակիրը չեմպիոն «Փյունիկի» հետ փետրվարի 20-ին կվիճարկի Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը։ Այդ խաղին Մինասյանի թիմը կմոտենա համալրումներով։ Թիմ է վերադարձել խոստումնալից հարձակվող Ժիրայր Շայողյանը, որի վարձակալության ժամկետն ավարտվել էր հունգարական «Դեբրեցենում»։ Մրցաշրջանի մնացած մասը «Արարատ-Արմենիայի» հետ կանցկացնեն նաև դարպասապահ Հենրի Ավագյանը՝ «Փյունիկից և, պաշտպան Ռոմերսիոն՝ բրազիլական «Բոտաֆոգո Պարաիբայից»։
Թիմից հեռացել են դարպասապահ Արսեն Բեգլարյանը՝ «Վան», հարձակվողներ՝ Արթուր Սերբոյանը՝ «Շերիֆ» (Մոլդովա) և Ալեքսիս Ռոդրիգեսը։
Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բազմիցս իր ասուլիսներում նշել է, որ Հայաստանի իրական առաջնությունը սկսվում է ձմեռային դադարից հետո։ Գլխավոր մարզչի խոսքերից էլ պարզ է, որ թիմը լավատեսորեն է տրամադրված չեմպիոնության համար պայքարում, իսկ հիմնական կազմի խաղացողների մնալը կօգնի «Արարատ-Արմենիային» ավելի ստաբիլ ֆուտբոլ ցուցադարել։ Մնում է, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը միավորներ չկորցնի չեմպիոնական պայքարում իր անմիջական մրցակիցների հետ, քանի որ երկրպագուները սովոր են միշտ բարձր հորիզոնականներում տեսնել «Արարատ-Արմենիային»։