Վան․ Աճող ու ամբիցիոզ թիմի եվրագավաթային հավակնությունները. ՀՊԼ վերսկսմանն ընդառաջ
Շուրջ 1 շաբաթից կվերսկսվի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան։ Աշնանային թեժ հատվածից հետո սպասումները գալիք շրջանից մեծ են։ Մրցաշարային աղյուսակի վերնամասում թիմերի խիտ դասավորվածությունն ուշադրության է արժանի։ Ակներև է նաև մարզային 2 թիմերի՝ Չարենցավանի «Վանի» ու Գյումրիի «Շիրակի» աճը՝ նախորդ մրցաշրջանի համեմատ։ Ուրախացնող է նաև ԲԿՄԱ-ի հուսադրող խաղը։ «Վեստ Արմենիան» փորձում է ամեն խաղից քաղել առավելագույնը, Երևանի «Արարատն» ու «Ալաշկերտը» իրենց համար անսովոր դիրքերում են, իսկ Կապանի «Գանձասարը», մեղմ ասած, տխրեցնում է։
Sportmedia.am-ը մինչև առաջնության վերսկսումն առանձին-առանձին կանդրադառնա Fastex ՀՊԼ թիմերին՝ ամփոփ ներկայացնելով ընթացիկ մրցաշրջանում թիմերի ցույց տված արդյունքը, նախապատրաստական շրջանն ու հավակնությունները։
Թիմերին ներկայացնում ենք ըստ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքի։
Շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել ենք «Նոային», «Ուրարտուին», «Փյունիկին», «Արարատ-Արմենիային»։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
«Վան», Չարենցավան
«Վանն» աշնանային հատվածն ավարտեց 5-րդ տեղում՝ վաստակելով 29 միավորով։ Թիմը կարողացավ հաղթել 9 խաղում, 2 հանդիպում ավարտեց ոչ-ոքի, իսկ պարտվեց 6 անգամ։
Վահե Գևորգյանի գլխավորած թիմն այս շրջանում մրցակցի դարպասը «խոցեց» 34 անգամ (1 խաղում 2 գոլ), սեփական դարպասն ընդունեց 21 գնդակ (միջինում՝ 1.23 գոլ)։

Տպավորիչ մեկնարկից և 7-խաղյա անպարտելի շարքից հետո, չարենցավանցիները առաջատարներից կրեցին 4 անընդմեջ պարտություն, դրան գումարվեց նաև շրջանի վերջնամասում ԲԿՄԱ-ի դեմ սայթաքումն, ինչն անխուսափելիորեն բացասաբար անդրադարձավ «Վանի» մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքի վրա։
Հատկանշական է, որ «Վանը» ՀՊԼ-ի այն երեք թիմերից մեկն է, որը կարողացել է միավորներ վաստակել առաջատար «Նոայի» դեմ խաղերում։ Դա, մինչև այս պահը, հաջողվել է միայն «Ուրարտուին» և «Արարատին»։
ՀՊԼ-ում թիմի լավագույն ռմբարկուն Մոմո Ֆանյե Տուրեն է՝ 9 գոլով։ Նրան հաջորդում է Ջոն Բատիգին՝ 7 գոլով։ Գոլային փոխանցումներով առաջատարը Օլավալե Ֆարայոլան է՝ 7 ասիստով։
Թիմի արդեն նախկին դարպասապահ Դանիլ Պոլյանսկին ՀՊԼ-ում ամենաշատ «չոր» հանդիպումներ անցկացրած դարպասապահն է՝ «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի հետ։ Նրանք 7-ական անգամ կարողացել են անառիկ պահել սեփական դարպասը։
Դեղին քարտեր ստանալ ամենից շատ «սիրում է» Մոմո Ֆանյե Տուրեն՝ 5 անգամ։ «Վանի» ֆուտբոլիստները խաղադաշտից հեռացվել են 2 անգամ։ Իրենց թիմին ծանր դրության մեջ են թողել նույն Տուրեն և Յարոսլավ Մատուխինը։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
Նախապատրաստական շրջան
«Վանը» շուրջ մեկամսյա հավաք անցկացրեց Կրիմսկում, իսկ վերջին 2 ստուգողական հանդիպումներն անցկացրեց Սոչիում, մրցելով տեղի համանուն թիմի դեմ (1։2) և Սարատովի «Սոկոլի» դեմ, որտեղ Գևորգյանի թիմը կրկին պարտվեց, այս անգամ 1։5 հաշվով։ Այս խաղերից զատ «Վանը» Կրիմսկում մրցեց նաև «Չայկայի» դեմ՝ 2 անգամ։ 1-ինում հաղթեց 2։1, 2-րդում զիջեց նույն հաշվով։ Տագանրոգի «Ֆորտեին» Վահե Գևորգյանի սաները պարտվեցին 2։3 հաշվով, իսկ Գելենջիկի «Վիստայի» դարպասն ուղարկեցին 3 անպատասախան գնդակ։

Մրցաշրջանի 2-րդ հատվածը մարզային թիմի հետ չեն անցկացնի Մամադու Դիալոն, Դանիլ Պոլյանսկին և Ջոն Բատիգին։ Թիմը համալրել են հայ ֆուտբոլասերներին քաջածանոթ դարպասապահներ Արսեն Բեգլարյանն ու Անատոլի Այվազովը և հարձակվող Մալիկա Օդեյնիկան։ Վերջինս հայկական թիմի շարքերը համալրել է բուլղարական «Բոտևից»։
Խոսելով բուլղարական ակումբի մասին, արժե հիշատակել այն փաստը, որ նախորդ տարի «Վանը» սկսել է համագործակցել ռուսական «Վիստա» և բուլղարական «Բոտև» ակումբների հետ՝ որպես մեկ ընդհանուր ակումբային ցանց։ Այս մասին, FastNews-ի հետ զրույցում հայտարարել է «Վիստայի» հիմնադիր Տիգրան Մկրտչյանը, որը հանդիսանում է նաև «Վանի» ղեկավար խորհուրդի անդամ։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
«Համագործակցությունը սկսել ենք նախնական 2 տարվա հաշվարկով, որպեսզի այդ ընթացքում տեսնենք, թե ինչպիսին կարող է լինել համագործակցությունը և ինչի կհասնի թիմը: Կոնկրետ մարզական տեսանկյունից այդ 2 տարում պետք է հասկանանք, թե ինչպիսին կլինի մեր երիտասարդ ֆուտբոլիստների առաջխաղացումը: Առաջինը լիարժեք, այսինքն՝ ընթացիկ մրցաշրջանում, փոխել նաև կառավարման մեթոդները, ենթակառուցվածքային հարցերը, սպորտային մոտեցումները: Դա նրա համար, որ արդեն հաջորդ մրցաշրջանում «Վանը» և նրա երիտասարդ ֆուտբոլիստներն արդեն հասած լինեն այնպիսի խաղամակարդակի, որպեսզի թիմը պայքարի եվրագավաթների ուղեգրի համար»:
Մկրտչյանը խոսել է նաև ակումբի բյուջեի մասին։ Հստակ թիվ չնշելով նա ասել է, որ ՀՊԼ-ում ավելի քիչ բյուջե ունեն միայն «Գանձասարն» ու ԲԿՄԱ-ն։

Փոքր բյուջեով, երիտասարդ մարզչական շտաբով ու ֆուտբոլիստներով համալրված չարենցավանյան ակումբը հավակնոտ հեռանկարներ ունի նույնիսկ այս մրցաշրջանում։
Նախորդ մրցաշրջանում թիմի գլխավոր մարզչի ղեկը ստանձնում էր Արթուր Հովհաննիսյանը, որն այժմ ընդգրկված է Վահե Գևորգյանի մարզչական շտաբում։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
Ուրախալի է նաև հայ ֆուտբոլիստների դրական աճը երիտասարդ մարզիչների գլխավորած թիմում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի կիսապաշտպան Կարեն Նալբանդյանի ցուցադրած խաղը։ 22-ամյա ֆուտբոլիստն ու Վահե Գևորգյանն արդեն հասցրել էին «միմյանց ճանաչել» «Նորավանքում» և «Ալաշկերտում» ու այժմ Նալբանդյանն արժանիորեն կրում է ավագի թևկապը՝ լինելով թիմի առաջատարը ոչ միայն խաղադաշտում, այլև՝ հանդերձարանում։ Վերջինս ՀՊԼ-ում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Անկասկած, արդեն ժամանակն է հասունացել նաև Նալբանդյանին տեսնելու ազգային հավաքականի կազմում։
«Վանը» վերջերս հայտարարեց Նալբանդյանի և Մոմո Տուրեի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին, ինչը ողջունելի է։ Հայկական թիմերի «սովորությանը» հակառակ, նկատելի է պայմանագիր երկարաձգելու տենդենցի շարունակական բնույթը մեր առաջնության ակումբների շարքերում։

Պրեմիեր լիգայում լավագույն քառյակում հայտնվելու հնարավարությունից զատ «Վանը» պայքարում է նաև Հայաստանի գավաթակրի կոչման համար։ «Անդրանիկին» ու «Շիրակին» 3։0 հաշվով հաղթելուց հետո «Վանը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է «Վեստ Արմենիային»։ Չարենցավանյան ակումբի գավաթային հավակնություններն ավելի իրատեսական են դարձնում գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի գործոնը։ 2022 թվականին հենց Գևորգյանի գլխավորությամբ «Նորավանքը» սենսացիոն հաջողություն գրանցեց՝ երկամյա պատմության մեջ դառնալով Հայաստանի գավաթակիր։
Այդուհանդերձ, երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված հավակնոտ ակումբի համար ձախողում չի լինի այս մրցաշրջանում առանց եվրագավաթային ուղեգրի մնալը։ Չարենցավանյանն թիմն իր հավակնոտ ծրագրերով խոստանում է առաջիկայում իր անունը լսելի դարձնել միջազգային մրցասպարեզում։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջիկա տուրում «Վանը» կհյուրընկալվի «Գանձասարին»։ Այդ հանդիպումը կկայանա փետրվարի 23-ին և կմեկնարկի 15։00-ին։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ