ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մեդալակիր սամբիստներին| Աղբյուր. Մոտան կհեռացվի Լուդոգորեցից| Ծանրամարտի երիտասարդների և Մ23 ԵԱ. այսօր Հայաստանը 3 ներկայացուցիչ ունի| Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր|
Շիրակ․ Տեսանելի աճ, սեփական կադրեր, զարգացման նախադրյալներ․ ՀՊԼ վերսկսմանն ընդառաջ
21 Փետրվար 2025 |  806

Շիրակ․ Տեսանելի աճ, սեփական կադրեր, զարգացման նախադրյալներ․ ՀՊԼ վերսկսմանն ընդառաջ

Մի քանի օրից կվերսկսվի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան։ Աշնանային թեժ հատվածից հետո սպասումները գալիք շրջանից մեծ են։ Մրցաշարային աղյուսակի վերնամասում թիմերի խիտ դասավորվածությունն ուշադրության է արժանի։ Ակներև է նաև մարզային 2 թիմերի՝ Չարենցավանի «Վանի» ու Գյումրիի «Շիրակի» աճը՝ նախորդ մրցաշրջանի համեմատ։ Ուրախացնող է նաև ԲԿՄԱ-ի հուսադրող խաղը։ «Վեստ Արմենիան» փորձում է ամեն խաղից քաղել առավելագույնը, Երևանի «Արարատն» ու «Ալաշկերտը» իրենց համար անսովոր դիրքերում են, իսկ Կապանի «Գանձասարը», մեղմ ասած, տխրեցնում է։

Sportmedia.am-ը մինչև առաջնության վերսկսումն առանձին-առանձին կանդրադառնա Fastex ՀՊԼ թիմերին՝ ամփոփ ներկայացնելով ընթացիկ մրցաշրջանում թիմերի ցույց տված արդյունքը, նախապատրաստական շրջանն ու հավակնությունները։   

Թիմերին ներկայացնում ենք ըստ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքի։ 

Շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել ենք «Նոային», «Ուրարտուին», «Փյունիկին», «Արարատ-Արմենիային», «Վանին»։


SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

«Շիրակ»․ Գյումրի

Աշնանային հատված

«Շիրակն» աշնանային հատվածն ավարտեց 6-րդ հորիզոնականում՝ վաստակելով 24 միավոր։ Գյումրեցիները տոնեցին 7 հաղթանակ, նույնքան անգամ պարտվեցին մրցակցին, 3 հանդիպում էլ ավարտեցին ոչ-ոքի։ 

Մարզային թիմի ֆուտբոլիստները մրցակցի դարպասն ուղարկեցին 14 գնդակ (միջինում 0,82), սեփական դարպասն ընդունելով 23 գոլ (միջինում 1,35)։ 

Անհարգի միավորների կորուստը հետնապահներ «Ալաշկերտի» ու «Գանձասարի» դեմ խաղերում թույլ չտվեցին «Շիրակին» մրցաշարային աղյուսակում ավելի նպաստավոր դիրք զբաղեցնել։ 

Միայն Գյումրին ներկայացնող ակումբի ու «Ալաշկերտի» դեմ խաղերում է «Գանձասարը» կարողացել միավոր վաստակել, սակայն 14-րդ տուրի այդ գոլազուրկ խաղից հետո շիրակցիներն ունեցան չորսխաղյա անպարտելի շարք, որոնցից 3-ում հասան հաղթանակի, այն էլ «Ուրարտուի», «Փյունիկի» և «Ալաշկերտի» նկատմամբ, բայց կրկին միավորներ կորցրեցին «Վեստ Արմենիայի» դեմ խաղում։

SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Գյումրեցիների համար ցավալի վիճակագրություն է տնային խաղերի արդյունքը։ Թիմը սեփական պատերի ներքո անցկացրել է 8 հանդիպում ու վաստակել 8 միավոր, մինչդեռ հյուրի կարգավիճակում անցկացրած 9 խաղում Ռաֆայել Նազարյանի սաները վաստակել են 16 միավոր։ Հայաստանում աշխատած մի շարք մարզիչներ խոստովանել են Գյումրիում խաղալու բարդությունների մասին՝ հաշվի առնելով, թե՛ երկրպագուների գործոնը, թե՛ կլիմայական պայմանները։

«Շիրակն» առաջնությունը սկսեց Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Առաջնության 9 խաղում Հովհաննիսյանը թիմին ապահովեց 10 միավորով։ Ընդհանուր առմամբ այս թիմում մարզչական գործունեության ժամանակ 35-ամյա մասնագետը մեկ խաղում ապահովում էր 1,02 միավոր։ Երիտասարդ մասնագետին, որն այժմ զբաղեցնում է ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնը, փոխարինելու եկավ Ռաֆայել Նազարյանը, որը մինչև ձմեռային դադարը թիմի հետ անցկացրեց 8 հանդիպում, տոնեց 4 հաղթանակ, 2 խաղ ավարտեց ոչ-ոքի, 2 դեպքում էլ պարտվեց մրցակցին։

Նազարյանի նշանակման կարևոր գործոններից է երիտասարդների հետ աշխատելու հմտությունը։ Երիտասարդական հավաքականում ու ԲԿՄԱ-ում «թրծված» մարզիչը «լավ հասկանում է» երիտասարդներին ու կարողանում է նրանց առաջնորդել` բացահայտելով նոր որակներ կամ կատարելագործելով եղածը։ «Շիրակը», որը շեշտադրված խաղում է ակադեմիայի սաներով և ԲԿՄԱ-ին չհաշված տեղացի ամենամեծ թվով ֆուտբոլիստներն ունի մեկնարկային կազմում ու հայտացուցակում, կարող է լավ աշխատանքի արդյունքում լուրջ հաջողությունների հասնել Նազարյանի հետ։

SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Ակադեմիայի «բացահայտումներից» էին Համլետ Մնացականյանը, Լյովա Մրյանը, Սերգեյ Մանուկյանը, Լևոն Դարբինյանը և այլք։ Գնահատելի է ակումբի վարած քաղաքականությունը։ Խաղերին հայտավորվում ու խաղաժամանակ են ստանում 2004, 2005, 2006 թվականին ծնված ֆուտբոլիստները։ 

Այս պահին ՀՊԼ-ում հանդիպման մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը հենց շիրակցի Ալբերտ Գարեգինյանն է։ Նա նախորդ տարվա օգոստոսին «Արարատի» դեմ կայացած խաղում խաղադաշտ դուրս եկավ 15 տարեկան 9 ամսական 14 օրական հասակում։ Նախորդ մրցաշրջանում էլ այդ ժամանակ 16 տարեկան Էմիլ Պապիկյանը գրավեց «Լեռնային Արցախի» դարպասը։ 

ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն 4 գոլով Ռազմիկ Հակոբյանն է։ Գոլային փոխանցումներով առաջատարը կրկին Հակոբյանն է։ Նա իր ակտիվում ունի 2 ասիստ։

Թիմի դարպասապահն է սերբ Դարկո Վուկաշինովիչը, որին հաջողվել է սեփական դարպասն անառիկ պահել 5 անգամ։ Վուկաշինովիչը չի մասնակցել միայն «Փյունիկի» դեմ (1:0) տնային խաղին։ Նրան փոխարինում էր Սոկրատ Հովհաննիսյանը։

«Վեստ Արմենիայից» հետո «Շիրակն» ամենաշատ դեղին քարտեր վաստակած թիմն է։ Մրցավարները գյումրեցիներին զգուշացրել են 46 անգամ, ամենաշատը՝ Լևոն Դարբինյանին՝ 6։ Չնայած ստացած դեղինների ահռելի քանակությանն ու շիրակցիների տաքարյուն բնավորությանը, «Շիրակի» ոչ մի ֆուտբոլիստ կարմիր քարտ չի ստացել։

Նախապատրաստական շրջան

«Շիրակն» ուսումնամարզական մեկշաբաթյա հավաքի մեկնեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ Մինչայդ գյումրեցիները ինտենսիվ մարզումն էր էին անցկացնում հայրաքաղաքում։ 

Թբիլիսիում գյումրեցիները պետք է անցկացնեին 3 ստուգողական խաղ՝ 2 անգամ մրցելով  «Գագրայի» և մեկ անգամ՝ «Լոկոմոտիվի» հետ։ Վերջինիս հետ նախատեսված հանդիպումը չկայացավ անհայտ պատճառներով, իսկ «Գագրայի» դեմ 1-ին խաղում գյումրեցիները հաղթեցին 4։2 հաշվով, 2-րդ հանդիպումն ավարտեցին 1։1։

Մինչև Վրաստան մեկնելը, «Շիրակը» 4 ստուգողական խաղ անցկացրեց տեղի մրցակիցների հետ՝ «Գանձասար» (1:2), «Արարատ» (1:1), (2:0), «Ալաշկերտ» (1:1):

Հատկանշական է, որ ակումբը մինչ այս պահը չի հայտարարել տրանսֆերների մասին։։ 

Ուրախալի է տեսնել մարզային թիմի խաղային աճը։ 2023/24 մրցաշրջանի առաջին 17 խաղերում «Շիրակը» վաստակել էր 12 միավոր և 9-րդն էր, այժմ՝ թիմը վաստակել է 2 անգամ ավելի միավոր։ 

Այս մրցաշրջանում, «Շիրակը» դժվար թե կարողանա պայքարել լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար, սակայն դա չի նշանակում, թե ակումբն այլևս անելիք չունի ՀՊԼ-ում։ Պատվախնդիր խաղով գյումրեցիները մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ կարող են «խառնել» շատերի խաղաքարտերը, ինչպես դա տեղի ունեցավ նախորդ մրցաշրջանի վերջնամասում, երբ  թիմը Գյումրիում անսպասելիորեն հաղթեց «Նոային»։ 

«Շիրակի» մասին խոսելիս անկարելի է չնշել ակումբի ակադեմիայի գործոնը։ Շուրջ 500 սան ունեցող ակադեմիայում մարզվում է 20 մանկապատանեկան թիմ։ Ակումբը որդեգրել է ակադեմիայի զարգացման ու սաներին խաղալու հնարավորություն տալու, վստահություն հավաքելու և փորձ ձեռք բերելու սկզբունքը, ինչն, հուսանք, իր արդյունքն ավելի տեսանելի կերպով կտա մոտ ապագայում։ 

SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Նախորդ հոդվածը
Զախարյանը Եվրոպա լիգայում նորամուտի խաղում գոլային փոխանցում է կատարել
Հաջորդ հոդվածը
Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմեկնարկի ՈւԵՖԱ Ազգերի լիգայում

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։