Խառնաշփոթ վերջին հնգյակում․ Ի՞նչ սպասել․ ՀՊԼ վերսկսմանն ընդառաջ
Վաղն արդեն կվերսկսվի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան։ Աշնանային թեժ հատվածից հետո սպասումները գալիք շրջանից մեծ են։ Մրցաշարային աղյուսակի վերնամասում թիմերի խիտ դասավորվածությունն ուշադրության է արժանի։ Ակներև է նաև մարզային 2 թիմերի՝ Չարենցավանի «Վանի» ու Գյումրիի «Շիրակի» աճը՝ նախորդ մրցաշրջանի համեմատ։ Ուրախացնող է նաև ԲԿՄԱ-ի հուսադրող խաղը։ «Վեստ Արմենիան» փորձում է ամեն խաղից քաղել առավելագույնը, Երևանի «Արարատն» ու «Ալաշկերտը» իրենց համար անսովոր դիրքերում են, իսկ Կապանի «Գանձասարը», մեղմ ասած, տխրեցնում է։
Sportmedia.am-ը մինչև առաջնության վերսկսումն կանդրադառնա Fastex ՀՊԼ թիմերին՝ ամփոփ ներկայացնելով ընթացիկ մրցաշրջանում թիմերի ցույց տված արդյունքը, նախապատրաստական շրջանն ու հավակնությունները։
Թիմերին ներկայացնում ենք ըստ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքի։
Շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել ենք «Նոային», «Ուրարտուին», «Փյունիկին», «Արարատ-Արմենիային», «Վանին», «Շիրակին»։
Այս անգամ կանդրադառնանք առաջնության 7-11 րդ տեղերը զբաղեցնող թիմերին։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
ԲԿՄԱ
Վերջին տարիներինն բազմաթիվ են քննարկումներն ու շահարկումները ԲԿՄԱ նախագածի մասին։ Թողնելով մի կողմ այդ ամենը, խոսենք թիմի ցուցադրած խաղի մասին։
Բանակայինները 20 միավորով հանգրվանել են 7-րդ հորիզոնականում։ Թիմն անցկացրել է 17 հանդիպում, տոնել 6 հաղթանակ, կրել 9 պարտություն, 2 հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի։ Նախորդ մրցաշրջանի առաջին 17 խաղից հետո բանակայիններին հաջողվել էր վաստակել 16 միավոր։
ԲԿՄԱ-ն, թե՛ սեփական դաշտում, թե՛ հյուրի կարգավիճակում, կարողացել է վաստակել 10-ական միավոր։
Առաջնության աշնանային հատվածում բանակայինները մրցակցի դարպասն ուղարկել են 29 (միջինում՝ 1,7) գնդակ, սեփականն ընդունել 33-ը (միջինում՝ 1,9) ։
Թիմի լավագույն ռմբարկուն ՀՊԼ-ում Արայիկ Էլոյանն է՝ 6 գոլ։ Գոլային փոխանցումներով առաջատարը Նարեկ Հովհաննիսյանն է՝ 4 ասիստ։ Ամենաշատ դեղինները «վաստակել է» Արգիշտի Պետրոսյանը՝ 6։ Պետրոսյանը նաև թիմի միակ կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստն է։ Նա խաղադաշտից հեռացվել է առաջնության հենց առաջին տուրի «Շիրակի» (0:2) դեմ տնային խաղի 15-րդ րոպեին։
Ընթացիկ առաջնությունում ԲԿՄԱ-ն անցկացրած 17 խաղից 16-ում սեփական դարպասը գոլ է ընդունել։ Միակ հանդիպումը, որտեղ դարպասապահ Արման Ներսեսյանը կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը, «Ալաշկերտի» դեմ 10-րդ տուրի խաղն էր, որտեղ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները առավելության են հասել նվազագույն հաշվով։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
Ակումբը 10-օրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց Կիպրոսի Պաֆոս քաղաքում, որտեղ մասնակցեց մեկ ընկերական հանդիպման լիտվական «Կաունո Ժալգիրիսի» դեմ և զիջեց 1։2 հաշվով։ Հատկանշական է, որ թիմի հաջորդ ստուգողական խաղն անավարտ էր մնացել ծեծկռտուքի պատճառով։ Ուշագրավ է, որ երևանյան ակումբը հայտարարել էր «Կարմիոտիսսայի» հետ կայանալիք խաղի մասին, սակայն, ոչ միայն որևէ տեղեկություն չկա տվյալ խաղի վերաբերյալ, այլև՝ ֆեյսբուքյան էջից հեռացվել է սպասվող խաղի մասին հրապարակումը։ Արդեն հայրենիքում բանակայիններն անցկացրեցին 2 ստուգողական խաղ և նվազագույն հաշվով առավելության հասան «Արարատի» և «Գանձասարի» նկատմամբ։
Տրանսֆերային պատուհանի ընթացքում ԲԿՄԱ-ից հեռացողներ չկան, միացել է դարպասապահ Հայկ Ղազարյանն «Ուրարտուից»։
Ընթացիկ մրցաշրջանում Գյուլբուդաղյանցի խնդիրը լինելու է ֆուտբոլիստների որակական աճը։ Հաշվի առնելով փաստը, որ գլխավոր թիմի ֆուտբոլիստների մեծ մասը հանդիսանում են Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներ, որի արդյունքները, ցավալիորեն, տխրեցնում են, որակական աճ ապահովելն առաջնահերթություն է դառնում, քանզի այս տղաներն արդեն մոտ ապագայում համալրելու են ազգային հավաքականի շարքերը։
Առաջիկա տուրում ԲԿՄԱ-ն ազատ է և դադարից հետո պաշտոնական առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 2-ին՝ հյուրընկալելով «Վեստ Արմենիային»։
«Վեստ Արմենիա»
«Վեստ Արմենիան» առաջնությունում անցկացրած 18 խաղերից հետո 8-րդ հորիզոնականում է։ 5 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 11 պարտություն։

Պատրիկ Պապյանի գլխավորած թիմը 18 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 18 անգամ, սեփական դարպասն ընդունել 42 (միջինում 2.3 գոլ) գնդակ, ինչը «Գանձասսարին» չհաշված ամենավատ ցուցանիշն է։
Առաջնությունում հարձակման գծի առաջատարը թիմից հեռացած Զախար Տարասենկոն է՝ 7 գոլով։ Ասիստներով լավագույնը Ջեֆերսոն Գրանադոն է՝ 4 գոլային փոխանցում։
«Վեստ Արմենիան» ՀՊԼ-ում ամենաշատ դեղին քարտ ստացած թիմն է՝ 52։ Թիմում այս ցուցանիշով «առաջատարը» Արթուր Քարտաշյանն է։ Նա զգուշացվել է 6 անգամ, իսկ կարմիր քարտ ստացել են Ավենտիս Ավենտիսյանն ու Արմեն Սարգսյանը։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
Ուրախացնող է Անդրիյա Դրագոյևիչի ցուցանիշը։ Նա 5 խաղում կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը։
«Վեստ Արմենիան» արտերկրում ուսումնամարզական հավաք չանցկացրեց։ Այդ մասին թիմի գլխավոր մարզիչ Պատրիկ Պապյանը Fastnews-ին տված հարցազրույցում նշել էր՝
«Մտածում եմ, որ նախապատրաստական հավաքների դերն ուռճացված է: Հիմա ընդունված պրակտիկա է մեծ ներդրումներ կատարել արտասահմանյան հավաքների համար, բայց փորձը ցույց տվեց, որ առաջնության խիտ գրաֆիկին կարելի է նաև այլ կերպ նախապատրաստվել»։
Հայրենիքում «Վեստ Արմենիան» անցկացրեց 6 ստուգողական խաղ՝
- «Վեստ Արմենիա» 2-4 «Ուրարտու»
- «Վեստ Արմենիա» 0-2 «Ալաշկերտ»
- «Վեստ Արմենիա» 3-0 «Նոա 2»
- «Վեստ Արմենիա» 1-3 «Սյունիք»
- «Վեստ Արմենիա» 3-0 ԲԿՄԱ 2
- «Վեստ Արմենիա» 0-1 «Վան»
2024-ի ամռանը ակումբի սեփականատիրոջ, ղեկավար կազմի ու մարզչական փոփոխություններից հետո կատարված արագ սելեկցիայի բացերը կարծես թե լրացվեցին ձմռանը։ Թիմի շարքերը մինչ այս պահը համալրել են 9 ֆուտբոլիստ՝
- Ջոնել Դեսիրե․ հարձակվող, 27 տարեկան, Հայիթի, նախկին ակումբը «Թելավի»․ Վրաստան,
- Մխիթար Ումրեյան․ դարպասապահ, 20 տարեկան, Հայաստան, նախկին ակումբը «Ուրարտու»․ Հայաստան,
- Մարկո Սևիլյա-Միլդոնյան․ կիսապաշտպան, 25 տարեկան, Ֆրանսիա, նախկին ակումբը «Արձիվ», Ֆրասնիա,
- Դավիթ Սարգսյան․ պաշտպան, 21 տարեկան, Հայաստան, նախկիին ակումբը «Արարատ-Արմենիա»․ Հայաստան,
- Ռոման Բլեյք․ կիսապաշտպան, 19 տարեկան, Ճամայկա, նախկին ակումբը «Չիկագո Ֆայր»․ ԱՄՆ,
- Յեյսոն Ռանիրես․ կիսապաշտպան, 26 տարեկան, Էկվադոր, նախկին ակումբը «Դելֆին»․ Էկվադոր,
- Իշխան Դարբինյան, պաշտպան, 20 տարեկան, Հայաստան, նախկին ակումբը ԲԿՄԱ․ Հայաստան,
- Դավիթ Պետրոսյան, կիսապաշտպան, 19 տարեկան, Հայաստան, նախկին ակումբը «Արարատ-Արմենիա»․ Հայաստան,
- Մագոմեդ Էստամիրով, կիսապաշտպան, 20 տարեկան, Ռուսաստան, նախկին ակումբը «Անգուշ»․ Ռուսաստան։
Ակումբից հեռացել են դարպասապահ Անատոլի Այվազովը «Վան», կիսապաշտպան Բրահիմա Կանդեն «Տարշեին» Մալթա, հարձակվողներ՝ Զախար Տարասենկոն «Պելիստեր Բիտոլա» Հյս․ Մակեդոնիա և Հաջի Դրամե «Բրերա Ստրումիցա» Հյս․ Մակեդոնիա։
«Վեստ Արմենիան» ուներ ֆինանսական խնդիրներ։ Թիմի ֆուտբոլիստները հրաժարվում էին դուրս գալ խաղադաշտ՝ խաղերին մասնակցելու, քանի որ աշխատավարձ չէին ստանում։ Տեսնելով ակումբի տրանսֆերները, կարելի է ենթադրել, որ ակումբի ֆինանսական խնդիրները լուծվել են ու «Վեստ Արմենիան» հավուր պատշաճի կմասնակցի բոլոր հանդիպումներին։
Ճիշտ աշխատանքի դեպքում «Վեստ Արմենիան» կարող է դառնալ հայկական մրցունակ ակումբներից մեկը։
Առաջիկա տուրում Պապյանի սաները կմրցեն առաջատար «Նոայի» հետ։
«Արարատ»
Երևանյան ակումբը, ցավոք, թուլացնում է դիրքերը։ Երբեմնի առաջատար հայկական ակումբներից մեկն այս պահին ՀՊԼ-ում 9-րդն է՝ 17 խաղից հետո վաստակած 15 միավորով։ 4 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 10 պարտություն։ Խփած՝ 16 (միջինում՝ 0,94), բաց թողած՝ 31 (1.8) գոլ։

Մեկնարկային 6 խաղում տոնած 4 հաղթանակն ու ոչ-ոքին ԲԿՄԱ-ի դեմ խաղերում, ապահովեցին թիմի վաստակած միավորների 87 տոկոսը։
Վերջին անգամ «Արարատը» հաղթանակի բերկրանքն զգացել է նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին։ Բազում քննարկումների առիթ դարձած խաղում արարատցիներն հաջողության հասան «Նոայի» նկատմամբ՝ 2։1 հաշվով։ Առաջնության 11 խաղերում «Արարատը» չի կարողացել հաղթանակած հեռանալ խաղադաշտից։
Թիմի լավագույն ռմբարկուն ՀՊԼ-ում Հիլարիոն Քրիս Գուրն է 6 գոլով։ Վերջինս արդեն համալրել է բելգիական «Գենտի» շարքերն ու հասցրել մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի «Ռեալ Բետիսի» դեմ անցումային փլեյ-օֆֆի 2 խաղերին էլ։
«Արարատի» միանգամից 3 ֆուտբոլիստ ստացել է 5-ական դեղին քարտ՝ Մուսա Կանտե, Գոռ Մալաքյան, Քլինթոն Դոմբիլա։ Միակ կարմիրը ստացել է Սանդրո Տրեմուլեն, որը հեռացել է թիմից։
Տիգրան Եսայանի սաները արտասահմանում ուսումնամարզական հավաքի չմեկնեցին։ Փոխարենը մասնակցեցին Արսեն Չիլինգարյանի անվան հուշամրցաշարին։ «Արարատն» ընդգրկված էր Ա խմբում, որտեղ ոչ-ոքի խաղաց «Անդրանիկի» (0:0) և «Ալաշկերտի» (1:1) դեմ ու 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Լեռնային Արցախի» դարպասը։ Մրցաշարի կիսափզրափակիչում «Արարատը» նվազագույն հաշվով զիջեց «Գանձասարին», իսկ 3-րդ տեղի համար պայքարում 0-4 հաշվով պարտություն կրեց «Արարատ-Արմենիա 2»-ից։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
Հուշամրցաշարից զատ «Արարատն» անցկացրեց մի շարք ստուգողական խաղեր՝
- «Արարատ» 1։1 «Շիրակ»
- «Արարատ» 0։2 «Շիրակ»
- «Արարատ» 2։1 «Սյունիք»
- «Արարատ» 3։0 «Գանձասար»
- «Արարատ» 0։0 «Ալաշկերտ»
- «Արարատ» 0։1 ԲԿՄԱ
Ակումբը մինչ այս պահն հայտարարել է 5 համալրման մասին՝
- Մարվին Էվունա․ պաշտպան, 23 տարեկան, Ֆրանսիա, նախկին ակումբը՝ «Վիրտոն»․ Բելգիա,
- Ամադու Դիակիտե․ հարձակվող, 20 տարեկան, Գվինեա, նախկին ակումբը՝ «Ուակիրյա»․ Գվինեա,
- Ալսենի Տուրե․ կիսապաշտպան, 19 տարեկան, Գվինեա, նախկին ակումբը՝ «Ուակիրյա»․ Գվինեա,
- Ջեյմս Ջոնա․ հարձակվող, 23 տարեկան, Նիգերիա, նախկին ակումբը՝ Right2win․ Նիգերիա,
- Մարկ Ֆրեդ Ցունգի․ պաշտպան, 22 տարեկան, Կամերուն (հանդես է եկել Շվեյցարիայի տարբեր տարիքային հավաքականներում), նախկին ակումբը «Ստադ Լոզան Ուշի», Շվեյցարիա։
Հուսով ենք, այս համալրումները կօգնեն «Արարատին» մրցաշարի 2-րդ հատվածում դիրքերը բարելավելու հարցում։
«Արարատն» հյուրընկալվելու էր Գյումրիի «Շիրակին», բայց հանդիպումը հետաձգվել է եղանակային վատ պայմանների պատճառով։
«Ալաշկերտ»
17 խաղից հետո վաստակած 13 միավորով «Ալաշկերտը» նախավերջին՝ 10-րդ հորիզոնականում է։ Աշնանային հատվածում ալաշկերտցիները տոնեցին 3 հաղթանակ, 4 հանդիպման ընթացքում խաղադաշտից հեռացան վաստակած 1 միավորով, մրցակցին զիջեցին 10 դեպքում։ Խփած 12 գոլ (միջինում 0,7 գոլ), բաց թողած՝ 32 (միջինում՝ 1,88)։

ՀՊԼ-ում թիմի լավագույն ռմբարկուն Սարգիս Մեթոյանն է 4 գոլով։ Ամենաշատը դեղին քարտ ստացել է պաշտպան Արման Խաչատրյանը՝ 4։ «Ալաշկերտը» առաջնությունում ամենաշատ կարմիր քարտ ստացած թիմն է։ Հայաստանի քառակի չեմպիոնի կազմից խաղադաշտից հեռացվել են 5 ֆուտբոլիստ։ Այդ կարմիրները «բաժին են» հասել Հայկ Մուսախանյանին, Բենիկ Հովհաննիսյանին, Արմեն Մանուչարյանին, Ռումյան Հովսեփյանին և Նարեկ Մանուկյանին։
Մրցաշրջանը ակումբը սկսեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ։ Վերջինս արդեն աշնանային հատվածի վերջնամասում խաղերին ներկա չէր, իսկ ակումբը պաշտոնական հայտարարություն տարածեց միայն հունվարի 22-ին։
Sportmedia.am-ը զրուցել էր Խաշմանյանի հետ՝ ներկայացրել 57-ամյա մասնագետի և ակումբի ղեկավարության միջև ծագած հարցերը։
«Ալաշկերտի» շուրջ ծագած աղմկոտ հարցերի մասին հիշելիս, ավելորդ է թվում խոսել արտասահմանյան ուսումնամարզական հավաքի մասին։ Ակումբը բավարարվեց ՀՖՖ տեխնիկական կենտրոնում անցկացրած հավաքով ու մի շարք ստուգողական խաղերով՝
«Ալաշկերտ» 0։0 «Արարատ»,
«Ալաշկերտ» 1։1 «Շիրակ»,
«Ալաշկերտ» 2։0 «Վեստ Արմենիա»
Թիմը մասնակցեց նաև Արսեն Չիլինգարյանի հուշամրցաշարին, որտեղ խմբային փուլում առավելության հասավ «Անդրանիկի» (2:1) և «Լեռնային Արցախի» (1։0) նկատմամբ ու մեկ միավոր վաստակեց «Արարատի» դեմ խաղում։ Կիսաեզրափակիչում ալաշկերտցիները 7 անպատասխան գնդակ ուղարկեցին «Արարատ-Արմենիա 2-ի» դարպասն, իսկ եզրափակիչում «Գանձասարի» հետ 1։1 հաշվով հանդիպումն ավարտելուց հետո, հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջեցին՝ 4։3․
Թիմի կազմում տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ։ Թիմից հեռացել են՝ պաշտպաններ Վասպուրակ Մինասյանը, Վաժա Պացացիան, Քիլնթոն Բագուրան, Վադիմ Պարամանովը, կիսապաշտպաններ՝ Մուրիլո Ռոսան,, Նարեկ Հովհաննիսյանը, Վահագն Հայրապետյանը, հարձակվողներ՝ Բլադիմիր Դիասը, Ջեֆերսոն Ռեիսը, Ժոզե Էմբալոն ու Զաքարիա Սանոգոն։
Թիմը համալրել են՝
- Աննան Մենսահ․ պաշտպան, 28 տարեկան, Գանա, նախկին ակումբը՝ «Լեռնային Արցախ»․ Հայաստան,
- Միքայել Այվազյան․ կիսապաշտպան, 20 տարեկան, Հայաստան, նախկին ակումբը՝ «Արարատ 2»․ Հայաստան,
- Մարիո-Ջեյսոն Կիկոնդա․ կիսապաշտպան․ 28 տարեկան, Ֆրանսիա, նախկին ակումբը՝ «Բեսա Կավայա»․ Ալբանիա,
- Խրիստոս Կունտուրիոտիս․ կիսապաշտպան, 27 տարեկան, Հունաստան, նախկին ակումբը՝ «Թելավի»․ Վրաստան,
- Եվգենի Գուլեցկի․ պաշտպան, 24 տարեկան, Բելառուս, նախկին ակումբը՝ «Վիտեբսկ» Բելառուս,
- Արտյոմ Արխիպով․ հարձակվող, 28 տարեկան, Ռուսաստան, նախկին ակումբը՝ «Թուրան» Ղազախստան,
- Ռոբերտ Փոթինյան․ կիսապաշտպան, 21 տարեկան, Հայաստան, նախկին ակումբը՝ «Կոմպոզիտ»․ Ռուսաստան,
- Պավել Կիրեենկու․ կիսապաշտպան, 30 տարեկան, Ռուսաստան, նախկին ակումբը՝ «Թուրան»․Ղազախստան։
«Ալաշկերտը» միայն լուրջ վերաբերմունքի դեպքում կարող է վերականգնել իր երբեմնի անունն ու վերադառնալ մրցաշարային աղյուսակի վերնամաս։
Առաջիկա տուրում «Ալաշկերտի» մրցակիցը «Փյունիկն» է։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
«Գանձասար»
Նախորդ մրցաշրջանի 1-ին խմբի առաջնության հաղթող «Գանձասարը», մեղմ ասած, տխրեցնում է՝ լինելով առաջնության միակ թիմն է, որը չունի հաղթանակ։ Թիմն անցկացրած 17 խաղից հետո վաստակել է ընդամենը 2 միավոր, որոնք «ընծայվել են» «Շիրակի» (0:0) և «Ալաշկերտի» (2:2) կողմից։ Թիմը կարողացել է խփել 6 գոլ (միջինում՝ 0,35), բաց է թողել 49-ը (2,88)։ Խփած 6 գոլերից 2-ը եղել են «Ալաշկերտի», 2-ը՝ ԲԿՄԱ-ի, 1-ական «Շիրակի» ու «Վանի» դարպասը։

«Գանձասարի» շուրջ ստեղծված բացասական մթնոլորտը փոքր-ինչ թոթափում է թիմի ելույթները գավաթի խաղարկությունում։ Այնտեղ Կարեն Բարսեղյանի սաները հասել են մինչև քառորդ եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով «Արարատի Արաքսին» (2:0) ու «Արարատին» (1(5:4)1):
Թիմը մինչև առաջնության վերսկսվելը մասնակցեց Արսեն Չիլինգարյանի հուշամրցաշարին, որում դարձավ հաղթող։ Խմբային փուլում հաղթելով «Արարատ-Արմենիա 2»-ին (2:0), Նիկարմին (7:0) և «Միկային» (9:0), «Գանձասարը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ, իսկ եզրափակիչում, ինչպես նշեցինք արդեն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ։
Բացի հուշամրցաշարը, թիմը անցկացրեց նաև հետևյալ ընկերական հանդիպումները՝
- «Գանձասար» 0։1 «Սյունիք»,
- «Գանձասար» 2։0 «Նոա 2»,
- «Գանձասար» 0։1 ԲԿՄԱ
- «Արարատ» 3։0 «Գանձասար»,
- «Գանձասար» 1։0 ԲԿՄԱ 2,
- «Գանձասար» 2։1 «Շիրակ»։
Թիմը մինչ այս պահը հեռացողների մասին չի հայտարարել, բայց կան համալրումներ՝
- Էդվին Գյասի․ կիսապաշտպան, 33 տարեկան, Գանա, նախկին ակումբը՝ «Էոլիկոս»․ Հունաստան,
- Միշել Նդիդի․ կիսապաշտպան, 25 տարեկան, Նիգերիա, նախկին ակումբը՝ «Լեռնային Արցախ»,
- Աբիոդուն Ադեյեմի․ կիսապաշտպան, 23 տարեկան, Մեծ Բրիտանիա, նախկին ակումբը՝ «Ռիլինդյա»․Կոսովո,
- Գրիգորի Մաթևոսյան, դարպասապահ, 25 տարեկան, Հայաստան, նախկին ակումբը՝ «Սևաստոպոլ»․ Ռուսաստան,
- Վասպուրակ Մինասյան․ պաշտպան․ 30 տարեկան, Հայաստան, նախկին ակումբը՝ «Ալաշկերտ»․ Հայաստան,
- Վահագն Հայրապետյան․ կիսապաշտպան, 27 տարեկան, Հայաստան, նախկին ակումբը՝ «Ալաշկերտ» Հայաստան։

Ակումբը հայտարարություն էր տարածել ղեկավար կազմում նոր նշանակման մասին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր․
«Ուրախ ենք տեղեկացնել , որ Գանձասար ՖԱ -ի սպորտային գծով փոխնախագահ է նշանակվել Հայկ Զաքարյանը: Զաքարյանը հայտնի է ճապոնական եւ կորեական ֆուտբոլի հետ իր սերտ կապերով, ինչը այժմ նպաստելու է մեր թիմի հետագա զարգացմանն ու առաջընթացին»։
Ավաղ այդ համագործակցությունը երկար չտևեց, քանզի նշանակումից օրեր անց Զաքարյանը հայտարարեց, որ սեփական որոշմամբ ավարտում է աշխատանքը «Գանձասարում»։
«Շնորհակալություն եմ հայտնում Վ. Առաքելյանին վստահության համար, մարզչական շտաբին ու ֆուտբոլիստներին' համատեղ աշխատանքի համար»։
Ցավալիորեն, մրցաշրջանի ընթացքում մի քանի անգամ աղմուկ բարձրացվեց «Գանձասարի» շուրջ, բայց ոչ սպորտային առումով։ Ստացված բարդ իրավիճակից ակումբը կարող է դուրս գալ միայն ցուցադրած լավ ֆուտբոլով ու ճիշտ աշխատանքով։ Հուսանք, որ մրցաշրջանի երկրորդ հատվածում այդ աղմուկը կլինի միայն հաղթանակների «պատճառով»։
Առաջիկա տուրում «Գանձասարի» մրցակիցը Չարենցավանի «Վանն» է, սակայն այս հանդիպումը ևս հետաձգվել է։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ